Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարս Ավիա»-ն զրկվել է օդանավ շահագործելու իրավունքից

Հուլիս 23,2020 17:01

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Մարս Ավիա» ավիաընկերությանը զրկել է օդանավ շահագործողի վկայականից: Որոշումը կայացվել է հուլիսի 2-ին:

Ավելի վաղ քաղավիացիան հայտարարել էր, որ կոմիտեն 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա»-ում իրականացրել է ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ: Եվ այս հանգամանքը հաշվի առնելով` կոմիտեի կազմից այս տարվա փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության շահագործողի վկայականը եւ տրվել էր երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար:

Aravot.am-ի հարցմանն ի պատասխան, քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ տեսչական ստուգման արդյունքում հայտնաբերվել են մի շարք տեխնիկական թերություններ, ըստ այդմ էլ որոշում է կայացվել կասեցնել ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը, ինչպես նաեւ թռիչքային պիտանիության պահպանման կազմակերպության գործունեությունը՝ մինչեւ թերությունների վերացումը: Սակայն սահմանված ժամկետում, ըստ քաղավիացիայի, ընկերությունը չի վերացրել արձանագրված թերությունները, ինչն էլ հիմք է հանդիսացել վկայականի գործողությունը դադարեցնելու համար: Սա նշանակում է, որ ընկերությունն իրավունք չունի օդանավ շահագործել, եւ նույնիսկ չունի հնարավորություն նշված թերությունները վերացնելու համար:

«Մարս Ավիա» ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում եւ Չադում, այսինքն՝ ՀՀ սահմաններից դուրս, եւ ինչպես քաղավիացիայից հայտնել են, կոմիտեի նախագահի որոշումը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ դեպի Հայաստան եւ Հայաստանից իրականացվող չվերթերի վրա:

Ինչ է հայտնի «Մարս Ավիա»-ի մասին. անցյալ տարի հոկտեմբերին, ինչպես տեղեկացրել է քաղավիացիան, Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի (լուսանկարում): Միջադեպի հետեւանքով օդանավը վնասվել է եւ ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, որը չի տուժել:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահին եւ կառավարական բանակին համապատասխան փաստաթղթեր չունեցող օդանավերով ծառայություններ են մատուցվել, այդ օդանավերը պատկանում են Վահրամ Սիմոնյանին: Այս մասին գրել է «Հետքը»: Ըստ նույն աղբյուրի, այդ օդանավերից 2-ը («ԱՆ-72» տիպի) մի որոշ ժամանակ ՀՀ-ում գրանցված են եղել հենց «Մարս Ավիայի» անունով, որին էլ ամսական 3000 դոլար գումար է փոխանցել Սիմոնյանը: Բացի այս, «Մարս Ավիայի» միջոցով Հայաստանում իր օդանավերը գրանցելով՝ Սիմոնյանը դրանք տեղափոխել է Կոնգո ու շահագործել, չնայած ինքնաթիռները թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չեն ունեցել: Ավելին՝ «ԱՆ-72»-ները հայկական ռեգիստրից դուրս գրվելուց հետո, շարունակել են հայկական գրանցումով թռչել աֆրիկյան մայրցամաքում:

Այսինքն, ըստ էության, «Մարս Ավիա»-ին օդանավ շահագործելու իրավունքից զրկելը որեւէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ հայկական ավիացիոն շուկայի վրա, ինչպես նշում են որոշ շրջանակներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031