Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորեց վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը

Հուլիս 23,2020 16:57

Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի  փոխնախագահ Ջուզեպ Բորելի եռակողմ հեռախոսազրույցը Հայաստանի  արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու վերջին զինված բախումները երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով: Հուլիսի 13-ին կայացած առանձին հեռախոսազրույցից հետո սա առաջին հեռախոսազրույցն էր, որին  համաժամանակ մասնակցել են ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը և երկու երկրների ԱԳ նախարարները:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Բորելը ցավակցություն հայտնեց սպանվածների ընտանիքներին և վիրավորներին մաղթեց արագ ապաքինում:

Քննարկումների ընթացքում Ջուզեպ Բորելը երկու կողմերին հորդորեց դադարեցնել զինված  առճակատումը և զերծ մնալ լարվածություն հրահրող գործողություններից և հռետորաբանությունից, մասնավորապես՝  տարածաշրջանում առանցքային նշանակության  ենթակառուցվածքների նկատմամբ հետագա սպառնալիքներից: Նա շեշտեց, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները պետք է մասնակից լինեն այս խաղաղ նպատակին:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը երկու կողմերին հորդորեց վերահաստատել հրադադարի պահպանման հանձնառությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց միջև ուղղակի հաղորդակցության առկա մեխանիզմները, հաստատված ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ:

Նա նաև ընդգծեց համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային ասպեկտների շուրջ առարկայական բանակցություններում վերստին ներգրավվելու անհրաժեշտությունը, որին երկու նախարարները համակարծիք էին:  Նա նաև կարևորեց տեղում ԵԱՀԿ մոնիտորինգը վերսկսելու հրատապությունը, պայմանները թույլ տալուն պես:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահն ընդգծեց երկու կողմերի հետ ներգրավվածությունը շարունակելու պատրաստակամությունը և հանձնարարեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ կապի մեջ լինել երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031