Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավելի մեծ է այն անձանց կողմից հասցված վնասը, ովքեր ձեւանալով հավատացյալներ, եկեղեցու զավակներ՝ արջի ծառայություններ են մատուցում». Մայր Աթոռի դիվանապետ

Հուլիս 23,2020 16:46

Այսօր Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը «Արարատ» մամուլի ակումբում հարցին՝ փորձում են անջրպետ մտցնել Հայ առաքելական եկեղեցու եւ պետության միջեւ, թեեւ վարչապետն ու կաթողիկոսն ունեն նույն տեսլականը, ի՞նչ ուժեր են փորձում նման բաներ հրահրել ու խնդիրներ առաջացնել՝ պատասխանեց. «Իհարկե, ես չէի ասի, թե եկեղեցու եւ պետության միջեւ խութեր առաջացնելու տրամադրություն ստեղծող մարդկանց ջանքերը նորօրյա երեւույթներ են: Դա պատմական բավականին երկար ժամանակվա փորձառություն ունի: Իհարկե, բոլոր այն ուժերը, որոնք մեր ազգի, մեր ժողովրդի դեմ խոշոր հաշվով ոչ բարեմիտ տրամադրություններ ունեն, նրանք շահագրգռված են եկեղեցու եւ պետության միջեւ խոչընդոտեր հարուցելու, հակադրություններ սերմանելու: Ինչ վերաբերում է վերջին ժամանակներին, իհարկե, կա հանրության մեջ մի հատված, որն իր հայացքների բերումով եկեղեցամերձ չէ, ավելի ազատական գաղափարների կրողներ են, որոնք եկեղեցին դիտարկում են ժամանակավրեպ մի ինստիտուտ եւ եկեղեցականներին, հավատացյալներին դիտարկում են միջնադարյան խավարամտության կրողներ: Իրականության մեջ այսպիսի անձանց կողմից հասցված վնասը ես վստահ եմ, որ այնչափ մեծ չէ, որքան այն անձանց կողմից հասցված վնասը եկեղեցու եւ պետության հարաբերություններին, ովքեր ձեւանալով հավատացյալներ, եկեղեցու զավակներ՝ արջի ծառայություններ են մատուցում ու իբրեւ այդպիսին մեր հավատացյալ հավաքականության մեջ տրոյական ձիու գործառույթ են իրականացնում»:

Եպիսկոպոսն ասաց, որ նրանք, ովքեր իրենց կոչում են աթեիստներ, իրենց նկատմամբ դիրքորոշումն էլ հստակ է. «Բացարձակապես նրանք դերակատարություն չեն տեսնում կրոնական ինստիտուտների՝ հասարակական հարաբերությունների մեջ: Անձանց այն խումբը, որը եկեղեցուն վերապահում է որոշակի գործառույթներ՝ պատմական, կրոնական, բայց նաեւ խիստ վերապահ է եկեղեցու հասարակական լայն գործունեություն իրականացնելու հեռանկարի առումով, այ իրական վտանգը եկեղեցի-պետություն հարաբերությունների ֆրոնտում հենց այս անձինք են: Եկեղեցու փոքր-ինչ ակտիվացումը հասարակական կյանքի այլ ոլորտներում խորը անհանգստություն, չասելու համար որոշակի դեպրեսիա է առաջացնում այս խմբի մարդկանց մոտ: Վերջին ժամանակներում մենք ականատես ենք լինում հատկապես նման երեւույթների: Ես չեմ ցանկանում առաջնորդվել դավադրապաշտական տեսություններով, որ նման խմբերը սպասարկում են այլ ուժերի շահեր՝ տկարացնելու համար հայ եկեղեցին, պարզապես ցանկանում եմ հավատալ, որ լիբերալ աշխարհայացքի արձագանքներն են, որ բացել է տվել նմանօրինակ մարդկանց առագաստները այդպիսի հովերի առջեւ»:

Հարցին՝ մանիպուլյատիվ քայլեր տեսնո՞ւմ եք այդ գործընթացում՝ եպիսկոպոսը պատասխանեց, որ եթե հարաբերությունները իրապես կառուցողական, երկխոսության բնույթ կրեն, չափազանց դժվար է պահպանել այնպիսի տարածքներ, որտեղ հնարավոր է մանիպուլյացիաներ անել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031