Իսրայելական Jerusalem Post թերթը հուլիսի 22-ին անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախումների ժամանակ հայկական զինուժի կողմից Ադրբեջանի կիրառած իսրայելական արտադրության մեկ տասնյակից ավելի ԱԹՍ-երի խոցման փաստին՝ կասկածի տակ է դրել այն եւ հայկական կողմի պնդումները, խոցված ԱԹՍ-երի լուսանկարները:
«Առհասարակ, պետք է նկատել, որ Ադրբեջանի կիրառած իսրայելական արտադրության մեկ տասնյակից ավելի թանկարժեք ԱԹՍ-երի խոցման իրողությունը չէր կարող մտահոգություն չառաջացնել իսրայելական փորձագիտական, քաղաքական շրջանակներում. այն առաջին հերթին պետք է մտահոգիչ լինի Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Jerusalem Post-ի հոդվածին՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:
Նրա բնորոշմամբ. «Խնդիրն այն է, որ տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ ԱԹՍ-երի խոցումը կամ անվնաս ձեռքբերումը երկու կարևոր հարց է բարձրաձայնում: Նախ, դա դարձնում է Իսրայելի ռազմարդյունաբերության տեխնոլոգիաները հասանելի, ինչը անվտանգային խնդիր է այդ երկրի համար: Երկրորդ, սա ուղիղ հարված է ԱԹՍ-երի մշակման ու արտադրության համաշխարհային շուկայում առաջատար երկրներից մեկի, եթե չասենք ամենառաջատարի` Իսրայելի միջազգային հեղինակությանը. եւ, կարծես թե, Իսրայելի քաղաքական, իշխանական շրջանակում առկա մտահոգությունը արտացոլվում էր նաև ռազմական գործողությունների օրերին իսրայելական փորձագիտական որոշ շրջանակներում արված գնահատականներում. Jerusalem post պարբերականում հոդված հրապարակվեց, որտեղ նշվում էր Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունների վերանայման անհրաժեշտության մասին: Հոդվածում անդրադարձներ կան Ադրբեջանում կեղծ հանդուրժողականության բրենդի քարոզի, ի դեմս՝ Ալիևի ու նրա ընտանիքի` երկրում բռնապետական ռեժիմի հաստատման մասին»:
Կարեն Վերանյանի փոխանցմամբ՝ նշյալ հոդվածում խոսվում էր նաև այն մասին, որ չնայած Իսրայելի ու Ադրբեջանի միջև զենքի, նավթի մատակարարումների շուրջ պայմանագրերին, այդուհանդերձ, Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում աջակցում է Իրանին. «Այդ հոդվածին կարծես թե որպես հակակշիռ հաջորդեց Jerusalem post պարբերականում տպագրված հրապարակումը, որտեղ առանց որևէ լուրջ փաստարկների կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից կիրառած իսրայելական արտադրության ԱԹՍ-երի` հայկական կողմից խոցված լինելու հավաստիությունը: Ակնհայտ է, որ տվյալ հոդվածը ունի խիստ քարոզչական ուղղվածություն և միտված էր կոծկելու, ստվերելու անօդաչուների հետ կապված այս ամբողջ պատմությունը: Իրականում, ինչպես նշեցի, դա չի կարող չանհանգստացնել Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Չեմ բացառում, որ անօդաչուների խոցման այս պատմությունը բացասական ազդեցություն կունենա Ադրբեջանին իսրայելական արտադրության ԱԹՍ-երի հետագա մատակարարումների վրա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ