«Դետք» խմբի երգիչներ Վահան Կիրակոսյանը եւ Արման Պետրոսյանը «Արարատ» մամուլի ակումբում խոսեցին երաժշտության մասին, որը տղաների խոսքով, յուրօրինակ գործիք է տեղեկատվություն փոխանցելու համար: Նրանք դեմ են ազգային երաժշտությանը դավաճանելուն եւ ռաբիսի հաղթարշավին:
Վահան Կիրակոսյանի խոսքով. «Նորմալ չէ, երբ մենք սահմանին ծառայում ենք բանակում, դիրքերի այս կողմում էլ, այն կողմում էլ նույն երաժշտությունն են լսում: Ինչի՞ համար են մարդկանց կյանքերը, երբ երկու կողմերն էլ փորձում են հավասար մշակութային արժեքներ սերմանել»:
Նրա խոսքով, արաբաթուրքական երաժշտություն մատուցողները հաճախ արդարանում են, որ պահանջարկ կա եւ դրանով ընտանիք են պահում: «Սա բիզնես է, բայց արվեստը բիզնեսի մյուս ճյուղերից տարբերվում է նրանով, որ ոչ թե պիտի պահանջարկը փորձես բավարարել, այլ լավ երաժշտություն առաջարկել: Եթե ժամանակին Կոմիտասը լսեր, թե ինչ էր ուզում ժողովրդի մեծամասնությունը, նա չէր պահի մեր ազգի հստակ բնութագիրը մինչեւ այսօր:
Կոմիտասը, Եկմալյանը եւ այլ կոմպոզիտորներ գլոբալիզացիայի նախաշեմին հստակ մաթեմատիկական օրենքների պես ամեն ինչ ձեւակերպել են, որ այ այս լադը հայկական է, նույն երաժշտությունը կարող ես նվագել պարկապզուկով, թավջութակով, միլիոն այլ գործիքով, բայց լսողը կհասկանա, որ դա հայկական է, մինչդեռ այսօր յութուբում միլիոններով դիտում ունեցող երգերը, եթե ցույց տաս, մարդիկ կասեն, որ թուրքական են, արաբական կամ արաբաթուրքական: Իսկ Հայաստանում, ցավոք, դրանք հայկական են համարում»:
Կարդացեք նաև
Երիտասարդներն, այնուամենայնիվ, հույս ունեն, որ գրագետ աշխատանքի դեպքում որոշ ժամանակ անց հնարավոր է ապացուցել, որ Հայաստանը կարող է լինել լավ երաժշտություն արտահանող երկիր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Դետք» խմբի ֆեյսբուքյան էջից