Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները պետք է լինեն առարկայական: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Տեղեկության համաձայն՝ ադրբեջանցի նախարարն ընդգծել է, որ Բաքուն հակված է արցախյան հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով, բայց կարևորել է դրանց առարկայական լինելու փաստը: Բացի այդ՝ Բայրամովն ասել է, որ բանակցությունները պետք է հստակ ուղղվածություն ունենան և կոնկրետ արդյունքի հանգեցնեն: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները մի քանի տարի է, ինչ շարունակվում են, բայց անարդյունք: Պաշտոնական Բաքուն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին՝ նշելով, որ Երևանն իբրև թե վտանգում է տարածաշրջանի աշխարհառազմավարական նախագծերը:
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ևս հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելիի հետ, որին միացել է նաև Բայրամովը: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ նախարար Մնացականյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին: Նա կարևորել է լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում որպես առաջնային քայլ Մնացականյանն ընդգծել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ