Արզումանյան փողոցի թիվ 8 ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ կհատկացվեն «Նոբբի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Նոբբի» ընկերությունն, ըստ պարոն Պապիկյանի, Արզումանյան փողոցի թիվ 8/1 հասցեի հարեւանությամբ գտնվող 1301.64 քմ մակերեսով հողամասում կիրականացնի ներդրումային-սոցիալական ծրագիր:
Ընկերությունը պարտավորվում է այդ շենքի բնակիչներին նոր շենքում տրամադրել 2200.0 քմ մակերեսով բնակելի տարածք:
Ընկերությունը պարտավորվում է նաեւ սեփական միջոցների հաշվին իրականացնել Արզումանյան 8ա հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժման աշխատանքները, որից հետո շուրջ 350 քմ մակերեսով հատվածը բարեկարգել, կանաչապատել, հիմնել պուրակ եւ նվիրել Երեւան քաղաքին:
Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրանով սկսում են վթարային շենքերի խնդիրները լուծելու մեխանիզմը. «Եթե սա աշխատեց, կնշանակի, որ պրոցեսը սկսել ենք եւ վստահություն ու պատկերացում ունենք, թե ինչպես պետք է այդ հարցը լուծվի»:
Վարչապետի կարծիքով, սակայն մարզերում մի փոքր դժվար է լինելու այս գործընթացը, քանի որ այնտեղ ներդրումային գրավչությունն, ներդնողների կարծիքով, այնքան մեծ չէ, որքան Երեւանում, բայց կփորձեն լուծումներ գտնել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ