«Գործող համակարգը պետք է փոխվի, որովհետև այն, ինչ մենք ունենք, հակասում է բուհերի ինքնավարության սկզբունքին, այսինքն՝ ըստ էության բուհերը իրավունք չունեն ուսանող ընտրելու»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ընթացքում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ միջազգային հանրույթում ընդունված է, որ բուհերի ինքնավարության սկզբունքներից մեկը պետք է լինի այն, որ բուհը ինքը պետք է որոշի, թե ում է ընդունելու․ «Այդ դեպքում այս խնդիրը չէինք ունենա։ Օրինակ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը կարող էր ասել, որ ինձ մոտ 15-ը լինելու է շեմ, այսինքն՝ բոլոր այն դիմորդներին, որոնք 15-ից պակաս են հավաքել, ես չեմ ընդունելու»։
Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ժամանակն է կրթական հարցերին ռազմավարական լուծումներ տալու: Ըստ նրա, սկզբունքները պետք է շատ արագ փոխվեն և համապատասխանեցվեն։
Անդրադառնալով դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված դիմորդների խնդրին, նա նկատեց, որ մի քանի խնդիր իրար է գումարվել․ «Առաջինն այն էր, որ կորոնավիրուսով պայմանավորված նախարարությունը նվազեցրեց քննությունների թիվը։ Իհարկե՛, այս որոշումը ողջամիտ կարելի է համարել, որովհետև ապրիլ ամսին կայացվեց այս որոշումը, և այդ պահին շատ անորոշ իրավիճակ էր, այսինքն՝ դժվար էր կողմնորոշվել՝ ի՞նչ է լինելու հունիս-հուլիսին։ Մյուս կողմից էլ՝ բարդ իրավիճակ էր, ես դա համարում եմ ողջամիտ որոշում, որովհետև ռիսկերը անկանխատեսելի էին։ Բայց երբ նախարարությունը որոշեց մեկ քննության գնալ, այստեղ պետք է հաշվարկվեին ռիսկերը։ Այդ մասին էլ խոսվել է, ես ինքս ասել եմ՝ բազմաթիվ մարդիկ 20-ներ են ստանալու, ի՞նչ եք անելու։ Որովհետև մեկ քննության պարագայում, բնականաբար, թվանշանները լինելու են բարձր երկու պատճառով՝ նախ մեկ քննություն է, և դիմորդները այդ մեկ առարկան երկու ամիս լրացուցիչ պարապելու ժամանակ ունեին և ավելի ուժեղ էին գալու քննությանը, և պարզ է՝ եթե երեք առարկայի տեղը ես մի առարկա եմ հանձնում, հավանականությունը, որ բարձր եմ ստանալու մեծանում է»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ