Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերի ավերված տները ցանկապատից սկսած՝ նոր ճարտարապետությամբ կկառուցվեն

Հուլիս 23,2020 14:16

Սահմանամերձ գյուղերում կնախագծվեն նոր կերպարի, նոր ճարտարապետական ոճով թաղամասեր: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հրետակոծությունից հիմնականում վնասներ են կրել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերը. «Արդեն մարզպետարանի խմբերն աշխատում են, հաշվառումները կատարվում են, վերականգնման աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են։ Արդեն 7 տան վերականգնման աշխատանքներն ընթանում են։ Եվս 10 տան ուղղությամբ մաքրման աշխատանքներ են կատարվում։ Մենք ուսումնասիրեցինք, նաեւ յուրաքանչյուր գյուղում կա մեկական առավել վնասված տուն։ Այցելեցինք այդ տնտեսություններ, կարծում ենք, որ առաջին հերթին պետք է Չինարիի տան վերականգնման աշխատանքներն իրականացվեն, որի ընտանիքը բազմազավակ է, բաղկացած է 10 հոգուց, որից 5-ը երեխաներն են»:

Արմեն Ղուլարյանն ու Հայկ Չոբանյանը Այգեպարում: Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ֆբ էջից

Պարոն Ղուլարյանի խոսքով, այդ երեք գյուղերում իրականացվել են առավել անվտանգ հողատարածքների ուսումնասիրություն, որտեղ նախատեսվում է կառուցել նոր թաղամասեր. «Առաջարկել ենք համայնքապետերին, որ սկսեն հողահատկացման աշխատանքները, որտեղ մենք պետք է նախագծենք նոր կերպարի, նոր ճարտարապետական ոճով թաղամասեր։ Եվ այդ թաղամասերի հարցը քննարկելով կառավարության հետ՝ կներկայացնենք այն կարիքավորներին, որոնց կարելի է հատկացնել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ նշելով, որ այն տները, որոնք հնարավոր չէ վերականգնել, քանի որ ամբողջությամբ ավերվել են, ցանկապատից սկսած մինչեւ բնակելի տուն նոր միջավայրում ու բոլորովին նոր ճարտարապետությամբ կկառուցվեն եւ կհատկացվեն տուժած բնակիչներին. «Պարզվեց, որ այդ երեք ավերված տներից միայն մեկում է ապրում ընտանիք, նրանց հարցն արագ կլուծենք, մյուս երկու դեպքերում մենք կփոխհատուցենք սեփականատերերին։ Մնացած դեպքերում կիրականացվեն վերականգնման աշխատանքներ, իսկ երկարաժամկետ առումով կտեսնենք, թե ինչպես ենք պատկերացնում այդ գյուղերի զարգացումը»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031