Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս նախարարը պետք է հեռանա». ՀՅԴ երիտասարդները սատարում են բողոքավոր դիմորդներին

Հուլիս 23,2020 13:47

Բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդների եւ ծնողների մի մասն այսօր բողոքի ցույցը շարունակեց կառավարության դիմաց: Ոստիկանության ներկայացուցիչը հավաքի մասնակիցներին հորդորեց ցույցը դադարեցնել եւ մնալ երկու-երեք հոգով, որպեսզի եթե կառավարության շենք մուտք գործելու հնարավորություն լինի, բոլորով չբարձրանան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում հավաքների ազատությունը սահմանափակված է:

Հավաքի կազմակերպիչներից Մասիս Բաբալյանը նշեց, որ իրենք պահպանում են սոցիալական հեռավորությունը, ինչպես պահպանել են ԱԺ-ի դիմաց ցույցի ժամանակ:

«Մենք քաղաքական պահանջ չունենք, մեր երեխաների սահմանադրական իրավունքն է խախտվել: Մեր երեխաները սովորելու իրավունք ունեն, մինչդեռ այս տարվա քննությունները մրցակցություն չեն ապահովել»,-լրագրողներին ասաց Բաբալյանը:

Հիշեցնենք՝ ընդունելության քննությունների նոր կարգի համաձայն՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին: Երեկ ծնողների եւ դիմորդների մի քանի ներկայացուցիչներ ԿԳՄՍ-ում հանդիպեցին փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որը տեղեկացրեց խնդրի լուծման տարբերակի մասին՝ դիմորդները մինչեւ երեկ 20:00-ն արդեն իսկ ստացած միավորներով կարող էին առցանց դիմել ֆակուլտետների թափուր մնացած տեղերի համար: «Փոխնախարարը մեր խնդիրները բավարարող ոչինչ չասաց»,-համոզմունք հայտնեց Մասիս Բաբալյանը:

Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները «նախարար չկա» գրառմամբ պաստառներով այսօր կառավարության դիմաց էին՝ աջակցելու բողոքավոր ծնողներին եւ դիմորդներին: ՀՅԴ երիտթեւի անդամ Գոռ Սարգսյանը (լուսանկարում) լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց համար կրթական համակարգում նման խնդիրը նորություն չէ. «Մենք դեռ ամիսներ առաջ էինք ասում, որ նախարար Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իր պաշտոնին եւ օր առաջ պետք է հեռանա: Դա փաստում է նաեւ այսօրվա իրադարձությունը: Մենք նախարար չունենք: Ունենք մարդ, որը չի տիրապետում իր ոլորտին: Երեկ էլ փոխնախարարը փաստեց այդ մասին՝ ասելով, որ չէին կարող 15 000 դիմորդի տեղյակ պահել նոր կարգի մասին: Մինչդեռ պարտավոր էին դա անել՝ ամեն ինչ անել, որպեսզի դիմորդներն իմանային, թե օրենքի ինչ փոփոխություն է եղել: Այսօր նոր օրենքների մասին «լայվով» ու ստատուսով են տեղեկացնում եւ մտածում, թե 10 կամ 20 հազար դիմորդ այդպես տեղյակ կլինի»:

Հարցին՝ «եթե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջ լինի, կմիանա՞ք», Գոռ Սարգսյանը պատասխանեց, որ ի սկզբանե իրենք էին նման պահանջ ներկայացրել եւ այն հիմա էլ ուժի մեջ է. «Մենք ցույցեր ունեինք նախատեսված, բայց հակահամաճարակային իրավիճակը մեզ հետ է պահում: Ոչինչ չի փոխվել, այս նախարարը պետք է հեռանա: Մենք շարունակելու ենք աջակցել ծնողներին եւ դիմորդներին: Մեզ համար նախընտրելի է ազգային քաղաքականություն վարող նախարար ունենալը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031