Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ալիեւը՝ նաեւ միջուկային ահաբեկիչ

Հուլիս 23,2020 14:30

Ինչպես Ադրբեջանը նոր «բարձունքներ» նվաճեց, կամ՝ դիվանագիտական «նվեր» պաշտոնական Երեւանին

Այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 12-ին Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիայի արդյունքում հայտնվեց բավական ծանր իրավիճակում՝ անզեն աչքով էլ տեսանելի է: Խոսքը միայն իր իսկ սանձազերծած ագրեսիայի արդյունքում ռազմաճակատում արձանագրված ամբողջական ձախողման մասին չէ, որը հայկական բանակն ըստ արժանվույն իրականացրեց եւ որի արդյունքում Ադրբեջանն ունեցավ մարդկային կորուստներ, այդ թվում՝ գեներալ-մայորի եւ գնդապետի, ինչպես նաեւ՝ «էլիտար» համարվող «Յաշմա» զորքերի կազմում, եւ սպառազինության ոչնչացում:

Ադրբեջանում դիվանագիտական ճակատում տապալման համար Ալիեւը «քավության նոխազ» անմիջապես գտավ. արտգործնախարար Մամեդյարովն այն գինն էր, որը պետք էր վճարվեր:

Կարելի է միայն պատկերացնել, թե Ադրբեջանի իշխանական վերնախավում ինչ համընդհանուր քաոս է տիրել, եթե չի գտնվել որեւէ մեկը, որը խորհուրդ տար այդ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարին չնպաստել նրան, որպեսզի հիմա էլ Ադրբեջանը որպես միջուկային ահաբեկիչ ներկայանա աշխարհին եւ այդ «փառահեղ» ճանապարհին «դափնիների» արժանանա:

Բայց փաստորեն, այդ երկրի վերին իշխանական օղակներում նույնիսկ չեն գիտակցում, որ այլ բան է, երբ սոցիալական ցանցերի օգտատերերը, փորձագետներն ու լրագրողները, կամ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները բարձրաձայն կարող են մտորել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության թեմայի շուրջ, սակայն այլ բան է, երբ երկրի պաշտպանության նախարարությունից է նման սպառնալիք հնչում՝ պաշտոնապես:

Այսպես, հուլիսի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարեց. «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»։

Չգիտես ինչու, Ադրբեջանի իշխանությունները վախեր ունեն, որ Հայաստանը Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մտադրություններ ունի: Մինչդեռ պաշտոնական Երեւանից նման հայտարարություններ երբեք չեն հնչել: «Տեղանքի ռելիեֆը, որտեղ տեղադրված է Մինգեչաուրի ջրամբարը, կատարված ամրացման աշխատանքները, ինչպես նաեւ ունեցած հակաօդային պաշպանության համակարգերը հակառակորդին թույլ չեն տա հարվածել մեր ռազմավարական օբյեկտին»,- շարունակել էր Դարգյախլին՝ առանց կասկածելու, որ պետական ահաբեկչության ակտի, իր երկրի կողմից այլ երկրներում բնակվող քաղաքացիական բնակչության դեմ հանցագործություն գործելու մասին պաշտոնական հայտարարություն է անում, իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ մարդկության դեմ հանցանք:

Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքին պաշտոնական Երեւանը նախ արձագանքեց ԱԳՆ-ի մակարդակով՝ փաստելով, որ դա վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի եւ մտքի ճգնաժամի մասին: «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի եւ, մասնավորապես, Ժնեւյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսեւորում են եւ արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության եւ պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»,- ասվում էր ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հուլիսի 17-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ելույթ ունենալով Ժնեւում Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ անդամ երկրների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վրա. «Ադրբեջանը հրապարակավ հայտարարել է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ընթացող քաղաքական գործընթացն անիմաստ է եւ սպառնացել է հարցը լուծել ուժի կիրառմամբ: Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը նույնիսկ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Հայկական ատոմակայանին»։

Նույն օրը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։ Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը եւ այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները եւ հայտարարությունները։

Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունն էր հայտնել Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսեւորում։ Դեսպան Պապիկյանը հույս էր հայտնել, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու եւ վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։ «Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները եւս մեկ անգամ կարեւորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության եւ ապահովության հրամայականը եւ այդ առումով ընդգծեցին Հայաստանի եւ գործակալության միջեւ տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը»,- ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Հուլիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ եւս անդրադարձավ ատոմակայանին հարվածելու ադրբեջանական սպառնալիքի թեմային՝ շեշտելով, որ Ադրբեջանն այժմ ոչ միայն Հայաստանի, այլեւ գլոբալ անվտանգության առումով է սպառնալիքներ ստեղծում։ «Ադրբեջանի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ կարող են հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին: Ճիշտ է` Հայաստանն ի վիճակի է ապահովել սեփական, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը, բայց սա մի հայտարարություն է, որ աներկբայորեն պետք է դիտարկվի որպես մարդկության դեմ հանցագործություն, որովհետեւ նմանատիպ գործողությունը մարդկության դեմ ուղղված ահաբեկչություն ձեռնարկելու սպառնալիք է եւ պետք է արժանանա համապատասխան միջազգային արձագանքի եւ հետաքննության»,- նշել էր Փաշինյանը:

Ադրբեջանը պետական մակարդակով միջուկային ահաբեկչական իր ձգտումներով այս օրերին միջազգային առաջատար մամուլի էջերում է հայտնվել: Իսկ Հայաստանը, որը հանդիսանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամ, խոստացել է՝ Բաքվի կողմից հնչեցված սպառնալիքների ուղղությամբ գործի է դնելու ողջ գործիքակազմը: ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն «Ազատությանը» ասել էր. «Այս պահի դրությամբ կարող եմ պարզապես հավելել, որ հարցի առնչությամբ արտաքին գործերի նախարարությունը գործի է դնելու իր մոտ առկա ողջ գործիքակազմը։ Ցավոք սրտի, ելնելով որոշակի սահմանափակումներից, չեմ կարող առավել մանրամասներ տրամադրել»։

Հայաստանի ԱԳՆ-ն, ինչպես նկատվում է, ակտիվորեն շարունակում է աշխատանքները: Ադրբեջանի կողմից դիվանագիտական «նվերը» պետք է ծառայի Ադրբեջանի ռազմատենչ իշխանությունների նպատակների վրա լույս սփռելու ուղղությամբ՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով հայկական ատոմակայանը խոցելու մասին Ադրբեջանի վտանգավոր հանցավոր հայտարարության վրա: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է հանդես գա ամենախիստ հայտարարությամբ եւ դրանից բխեն նաեւ քայլեր:

Ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները մի քանի օր հայկական ատոմակայանի թեմայով հայտնվելով քննադատության թիրախում՝ ստիպված եղան հանդես գալ պարզաբանմամբ, որը, սակայն, զավեշտալի էր: Հուլիսի 21-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է. «Ռազմավարական ենթակառուցվածքներին հարվածելը երբեք չի եղել Ադրբեջանի քաղաքականության մեջ եւ չի լինի»: Այնուհետեւ նա բառացիորեն ասել է հետեւյալը. «Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշում»։ Ըստ Հաջիեւի, նախ՝ փաստորեն, Ադրբեջանի ՊՆ-ից հնչած հայտարարությունը պաշտոնական դիրքորոշում չպետք է համարել, բացի այդ, անհասկանալի է մնում, թե ինչ է նշանակում՝ «Ադրբեջանի դիրքորոշումը չի արտահայտում պաշտոնական դիրքորոշում» ձեւակերպումը:

Ինչեւէ, ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանվածությանը, ապա հայտնի է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է հակաօդային պաշտպանության համակարգերի պաշտպանության ներքո:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի էներգետիկ ոլորտում ազգային փորձագետ Արա Մարջանյանը օրերս «Ազատության» հետ զրույցում նշյալ թեմային անդրադառնալով՝ նշել էր. «Բացի դրանից, Արարատյան դաշտավայրը եւ ատոմակայանը գտնվում են S-300V ինդեքսով հակահրթիռային պաշտպանության համակարգի հովանու ներքո: Այնպես որ, այդ տեսանկյունից Հայաստանը բավական շահեկան դիրքում է: Մինչեւ հասնելը ատոմակայան այդ բոլոր միջոցները երաշխավորված կխոցվեն»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031