Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հուլիսյան էսկալացիան փաստում է՝ մոնիթորինգի մեխանիզմները կարեւոր են. սակայն Ադրբեջանը հրաժարվում է»

Հուլիս 23,2020 12:40

«France 24»-ի հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամ է ռազմական լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի խախտման հետաքննության միջոցների ներդրման հարցում: «Մենք շատ հաստատակամ ենք նաև հետագա միջոցների ձեռնարկման հարցում, ինչպիսիք են՝ մոնիթորինգի ընդլայնումը, տեղում ուղիղ կապի հաստատումը: Դրանք այն միջոցներն են, որոնք կօգնեն մեզ վերահսկել հրադադարի ռեժիմը»,-մասնավորապես ասել է նախարարը եւ Ադրբեջանին հորդորել գալ բանականության դաշտ, ընդունել այս առաջարկները և համատեղ աշխատել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ:

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ, «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Նարեկ Մինասյանի խոսքով՝ համատեղ մոնիթորինգի իրականացումը ոչ թե հայկական կողմի առաջարկ է, այլ նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման խնդիր:

«Խոսքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգային կարողությունների ընդլայնման եւ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին է: Այս երկու մեխանիզմների վերաբերյալ դեռեւս 2016թ.-ի ապրիլյան ռազմական գործողություններից հետո եղել են պայմանավորվածություններ: Խոսքը Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է, որոնց իրականացումից փաստացի դեռեւս 2016թ.-ի վերջերից Ադրբեջանը պարզապես հրաժարվում է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մինասյանը:

Նա շեշտեց, որ հայկական կողմն այս ընթացքում հետեւողականորեն առաջ է տարել այն գիծը, որ տվյալ պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ ռիսկերի նվազեցման մեխանիզմները բավականին կարեւոր են:

«Սակայն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խուսափել ստանձնած պարտավորությունների իրականացումից: Ինչ-որ պահի Ադրբեջանն անգամ հայտարարեց, որ նման պայմանավորվածություններ չկան: Ադրբեջանի կողմից եղել են նաեւ գործնական քայլեր՝ տվյալ պայմանավորվածությունների կյանքի կոչումը խոչընդոտելու առումով: Մասնավորապես, Ադրբեջանը «վետո» էր դրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդական կարողությունների ընդլայնման համար նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման առաջարկի վրա ԵԱՀԿ-ում: Փաստացի, դեռեւս 2016թ.-ից Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել նշյալ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,-փաստեց Նարեկ Մինասյանը:

Մեր զրուցակցի բնորոշմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան էսկալացիան կրկին ընդգծեց, որ նման մեխանիզմների անհրաժեշտությունը կա. «Պատահական չէ, որ ՀՀ ԱԳ նախարարը վերջին մի քանի հարցազրույցում հետեւողականորեն առաջ է տանում այդ գիծը եւ ընդգծում՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ նման մեխանիզմների ներդրումը բավականին կարեւոր է՝ հետագայում նման զարգացումներից խուսափելու համար: Ադրբեջանը, բնականաբար, փորձում է խուսափել նման մեխանիզմների ներդրումից՝ առհասարակ բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձեւավորումը համարելով ոչ էական: Նա դա մեկնաբանում է որպես հայկական կողմի «ժամանակ ձգելու փորձեր» եւ առաջնորդվում այն մոտեցմամբ, որ ստեղծված իրավիճակում առաջնայինը բովանդակային բանակցություններն են, ոչ թե միջավայրի ձեւավորման ուղղված քայլերը: Սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս, ԵԱՀԿ համանախագահները եւս կիսում են հայկական կողմի այն մոտեցումը, որ նպաստավոր միջավայրի ձեւավորումը կարեւոր է»:

Մինասյանն ընդգծեց, որ ապրիլյան ռազմական գործողություններն ու հուլիսյան իրադարձությունները վկայում են՝ բանակցային գործընթացում գործադրված ջանքերը մեկ վայրկյանում կարող են հօդս ցնդել՝ Ադրբեջանի կողմից անհավասարակշիռ քայլի կամ հայտարարության հետեւանքով. «Հետեւաբար, բավականին կարեւոր է, որ նման մեխանիզմները մշակվեն եւ ներդրվեն: Կարծում եմ՝ այս իրավիճակում շատ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես կդիրքավորվեն ԵԱՀԿ համանախագահները: Այսինքն, Ադրբեջանի վրա հավելյալ ճնշումներ կգործադրե՞ն տվյալ հարցում, թե ոչ: Հետաքրքրական է այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳ նախարարի կողմից բանակցային գործընթացի վերսկսման համատեքստում «France 24»-ի հետ հարցազրույցում հստակ հայտարարվեց՝ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանը հրապարակային հրաժարվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, ինչպես նաեւ՝ հայտարարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի անփոխարինելիության մասին: Սա գործող իրավիճակում անհրաժեշտ շեշտադրում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031