Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք այնպես եք անում, որ մեզ մոռանան, ասեն՝ հետ բերեք մեր կոռումպացված տղաներին»

Հուլիս 23,2020 14:00

Վահագն Հովակիմյանի հետ նյարդային զրույցը՝ ԱԺ-ում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը օրերս Aravot.am-ին տված հարցազրույցում խոսելով ԱԺ պատգամավորների ստացած ճոխ պարգեւավճարների մասին, ասել էր, թե «մարդիկ որ լավ ապրեն, պիտի լավ մարդ կառավարի, մասնագետ պիտի կառավարի: Այդ մասնագետը կեթա նորմալ մասնավոր կազմակերպությունում կաշխատի եւ չի գա պետական կառավարման համակարգ: Հարգելի՛ս, բանկի կառավարիչները, կառավարող կազմը 3-4 մլն դրամ ամսական ուղղակի աշխատավարձ են ստանում, չեն խոսում պարգեւավճարի մասին: Փոստի ղեկավարը 3 մլն դրամ մաքուր աշխատավարձ է ստանում, «Կոկա-կոլաների» տնօրենը… Բա դուք ուզում եք ձեզ ո՞վ կառավարի, ուզում եմ հասկանամ, ո՞վ, մասնագե՞տը»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ:

– Դուք մինչեւ պատգամավոր դառնալը եղել եք «Ելք» խմբակցության փորձագետ:

– Այո, 205 հազար դրամ մաքուր աշխատավարձ եմ ստացել, է՞լ ինչ, կարող եք կենսագրությանս մեջ տեսնել, որ, օրինակ, «Հայկական ժամանակում» եմ աշխատել:

– Պարոն Հովակիմյան, երբ Ալեն Սիմոնյանն ասում է, որ եթե պարգեւավճար չստանան պատգամավորները, կգնան մասնավոր ոլորտ, «Կոկա-կոլաներում» 3 մլն աշխատավարձ են տալիս…

– Չէ, ինքը ուրիշ բանի մասին է ասում: Օրինակ, ասեմ, թե ինչ նկատի ուներ: Մինչեւ հեղափոխությունը պաշտոնյաների աշխատավարձերը լրագրողներին ոչ հետաքրքրում էր, մեծամասամբ՝ 99 տոկոս չէր հետաքրքրում, ո՛չ հետաքրքրում էր, թե իրենք պարգեւավճար ստանում են, թե չեն ստանում, որովհետեւ լրագրողները հենց այդ նույն պաշտոնյաներին ասեին՝ հրաժարվեք ձեր աշխատավարձից, իրենք կհրաժարվեին, որովհետեւ իրենք աշխատավարձով չէին ապրում: Այդ մարդիկ պետության հաշվին, պետությունը թալանելով… այդ աշխատանքն իրենց համար էական չէր: Հիմա մենք ունենք պետական պաշտոնյաներ, որոնք ապրում են աշխատավարձով, որոնց համար այդ աշխատավարձը կարեւոր է, որովհետեւ իրենց կենցաղի, ընտանիքի խնդիրը պիտի լուծեն: Մենք այս երեւույթը գոնե դրական պիտի ներկայացնենք, բայց չէ, մենք գնում ենք, հաշվարկում մի հատ մե՜ծ թիվ, ասենք՝ տարի ու կես: Ասեմ ձեր արածն ինչ է՝ մենք ունենք իրավիճակ, երբ ունենք աշխատավարձով ապրող պաշտոնյաներ, մենք այնքան ենք սա սեւացնում, որ բերում հավասարեցնում ենք կոռուպցիոն կյանքով ապրած պաշտոնյաներին: Սա՛ եք դուք անում: Շատ լավ եք անում: Ես ցավում եմ մեր լրագրող գործընկերներից շատերի համար, որոնք այս պրոցեսի մեջ ներգրավված են: Ես գիտեմ, որ իրենց երազած Հայաստանը այն է, ինչ մենք ենք ուզում, Աստված չանի…

– Պարոն Հովակիմյան, դուք լրիվ ուրիշ տեղ եք տանում: Ես ցավում եմ, որ մեր ներկայիս պատգամավորները, որոնք այն ժամանակ 100-200 հազար դրամով կարողանում էին բավարարվել ապրել, այսօր 460 հազար դրամ աշխատավարձ են ստանում, ասում են՝ վա՛յ, մենք մանդատը կդնենք, կգնանք մասնավոր ոլորտ, մեզ պետք է պարգեւավճար ստանալ: Սրա՛ մասին է խոսքը:

– Ես ասում եմ՝ աշխատավարձով ապրող մարդու ֆենոմենը այդքան նսեմացնելը, այդքան քարոզչական նպատակով նսեմացնելը աշխատավարձով ապրող պաշտոնյային, դա, ո՞նց ասեմ…

– Նսեմացնելու ի՞նչ կա, պարոն Հովակիմյան, 580 մլն դրամ պարգեւավճար ստանալ մեկ տարվա մեջ՝ բավականին շատ է, գումարած ձեր աշխատավարձը:

– Հարգելիս, ես ասում եմ, որ դուք հիմա անում եք քարոզչական գործընթաց:

– Ես լրագրողական իմ բարեխիղճ գործունեությունն եմ իրականացնում, ինձ ձեր քաղաքական խաղերը մեծ հաշվով չեն հետաքրքրում ու ես ընդհանրապես դրա մեջ չեմ մտնում:

– Այո, ձեր շատ բարեխիղճ գործունեության արդյունքում, ձեր ամբողջ այս գործընթացը, որ տանում եք, ամենացայտուն քաղաքական խաղ է, հիմա դուք չգիտեմ դա ձեր ազնիվ մղումների՞ց եք անում, թե՞ հանձնարարությամբ, ոնց եք անում՝ չգիտեմ:

– Մի եղեք խոցելի, պարոն Հովակիմյան, եւ մենք չգտնենք տեղ ձեզ քննադատելու, իսկ եթե ես տեսնում եմ խնդիր, չեմ կարող չգրել:

– Եթե ինձ պատրաստվում եք գնդակահարել նրա համար, որ ես աշխատավարձով եմ ապրում ու չեմ թալանում ձեզ, ես, այո, պատրաստ եմ, քննադատե՛ք մեզ:

– Պարոն Հովակիմյան, մի րոպե, ես հարկատու եմ, դուք իմ, մյուսների հարկերի հաշվին եք այդ պարգեւավճարը վճարում ձեզ, բա ես իրավունք չունե՞մ իմանալ՝ շա՞տ է այդ պարգեւավճարը, թե՞ քիչ:

– Ես միայն մի թիվ հիշեցնեմ ձեզ: Ուրեմն ԱԺ պատգամավորներից մեկը՝ հին, մեկ գործարքով պետությունից տարել էր այնքան գումար՝ 580 մլն, որքան դուք հիմա մեղադրում եք, որ, ասենք, խորհրդարանի պատգամավորները, տարի ու կես տվել են պարգեւատրում (ըստ ԱԺ-ից ստացած «Առավոտի» հարցման պաշտոնական պատասխանի, 580 մլն դրամը պատգամավորների ստացած 1 տարվա պարգեւավճարի չափն է,- Հ. Ջ.):

– Ախր որ նախկինում վատ բաներ են արել, թալանել են բյուջեն, դրա համար եք դուք եկել, որ մաքրեք ու նման բան չլինի:

– Ուրեմն մենք մաքրելու ենք ու մաքրելու ենք այն, որ նաեւ լրագրողները ազատագրվեն:

– Ինչի՞ց ազատագրվեն: Ես ազատ եմ, ես ձեզ վստահեցնում եմ: Իմ դեպքում անելիք չունեք:

– Կրկնում եմ, աշխատավարձով ապրող պաշտոնյային, պետք չի երեւույթը նսեմացնել, պետք չի՛: Դուք հիմի տեսեք ինչ եք ասում, ամենազիլ գաղափարն է, էլի, ասում եք՝ դուք բան եք՝ նվիրյալներ եք, եկել եք զոհողությունների: Դուք նվիրյալը ո՞նց եք պատկերացնում: Ինչո՞ւ առանց աշխատավարձի չեք աշխատում: Դա ձեր նյութերի շարքի քարոզչական հետեւանքն է:

– Ես ասել եմ՝ առանց աշխատավարձի՞ աշխատեք, խոսքը եղել է պարգեւավճարների մասին: Նման պարգեւավճար ստանալուց առաջ նախ պիտի երկիրը բարգավաճեցնեք, ՀՆԱ-ն ավելացնեք, հետո ձեզ թույլ տաք պարգեւավճար ստանալ այդքան մեծ:

– Ճիշտ եք: Իսկ կարելի է, չէ՞, թոշակը պատգամավորի աշխատավարձի հետ համեմատել, ասեք՝ ինչ մեծ տարբերություն է, բացասական ֆոն… Աղքատության նպաստն էլ կարող էիք համեմատել, ընդհանրապես մե՜ծ կլինի տարբերությունը, բացասական ֆոնը ավելի շա՜տ կլինի:

– Դուք հիմա գրոտեսկային գույներով ինչ-որ բաներ եք ասում, որ ցույց տաք, թե ես ինչ-որ աբսուրդ բաներո՞վ եմ զբաղված:

– Չէ, ո՞վ ասաց, ամենաիդեալական բաներով եք դուք զբաղված: Դուք իդեալական անում եք ձեր գործը, հաշվի առնելով ձեր փորձը, մասնագիտական բարձր որակները՝ դա անում եք շատ ընտիր ձեւով: Դուք այնպես եք անում, որ աշխատավարձով ապրող պաշտոնյայի մասին մոռանան, ասեն՝ հետ բերեք մեր կոռումպացված տղաներին: Դուք շատ ընտիր եք անում ախր: Շնորհակալություն: Մենք մաքրելու ենք, անելու ենք, շենացնելու ենք: Աշխատավարձ, պարգեւավճար… բերել այնպես անել, որ աշխատավարձով ապրող պաշտոնյան ավելի վատը դառնա հանրային ընկալման մեջ, քան կոռոմպացված սրիկան, սա՛ է ձեր արածը քարոզչական իմաստով:

– Դուք ուզում եք, որ մենք չտեսնենք ձեր վրա ոչ մի բիծ ու չգրենք, աչքներս փակենք, ասենք՝ հեղափոխություն են արել, ձեն չհանե՞նք, պարոն Հովակիմյան:

– Լսեք, բիծը տեսեք: Բիծը մի տեսեք, է, գերա՛նը տեսեք, բայց իրական տեսեք:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Չեմ հասկանում, թե ինչ գործ ունեք հեղափոխական ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ հետ՝ մարդիկ մեզ ազատել են բյուջեն թալանողներից, ու մի քիչ էլ որ բյուջեից պարգևատրում ստանան՝ ի՜նչ պիտի լինի որ: Ուրիշ հարց, որ մնացածների աշխատավարձերն ու թոշակները «կոպեկներով» են ավելացել, բայց այդ հարցում էլ իրենք հո մեղավոր չեն՝ պետբյուջեն անտակ տակառ չի, որ բոլորի եկամուտները միաժամանակ բարձրացվեին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031