Դերասան Վահագն Սիմոնյանի դեմ քրեական գործով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 9-ին նշանակված դատական նիստը կշարունակվի օգոստոսի 7-ին:
Վահագն Սիմոնյանի գործին վերջին անգամ անդրադարձել էի անցյալ տարվա օգոստոսի 21-ին` «Ես կոմեդիայի արտիստ եմ եւ չգիտեմ՝ ինչու տրագեդիայի մեջ եմ»: Վահագնն այդ ժամանակ ասել էր. «Այս դատավարությունն ազդում է իմ ռեպուտացիայի վրա: Միլիարդավոր մարդիկ են ինձ ճանաչում, ես չեմ ուզում, որպեսզի իմ հանդիսատեսն իմանա, որ մահափորձ է կատարվել արտիստի դեմ՝ իմ դեմ»: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի. «2015 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36 Բ շենքի դիմաց, չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի գերազանցելիությունն ու կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, Վահագն Սիմոնյանը վիճաբանել է նույն շենքի բնակիչ, գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ։ Այդ ընթացքում Վ. Սիմոնյանը ուղղակի դիտավորությամբ, հասարակական կարգը կոպիտ խախտելով եւ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, մարդաշատ վայրում, այլ քաղաքացիների ներկայությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Ռ. Գալստյանի հասցեին եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ էլեկտրահարող սարքով էլեկտրահարել է Ռ. Գալստյանին, գետնից քար վերցնելով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս կրծքավանդակի շրջանին քերծվածքների ձեւով պատճառել առողջության թեթեւ հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Այնուհետեւ, Վ. Սիմոնյանը հեռացել է դեպի Քրիստափորի փողոց եւ կանգնեցնելով տաքսի ավտոմեքենա, նստել ու գանգահարել է ոստիկանություն։ Քիչ անց եկել են ոստիկանության աշխատակիցները, որոնց ներկայությամբ Վ. Սիմոնյանը նորից սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ռ. Գալստյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին, որից հետո նրանց տեղափոխել են ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին»։
Անցյալ տարվա հունիսի 28-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին էր դիմել վկա, Վահագն Սիմոնյանի գործով տուժող ճանաչված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը. «Քանի որ այս գործով վկա եմ, իսկ վկան միջնորդություն անել չի կարող, ուստի ընտրել եմ դիմումը»,-նշել էր փաստաբանը: Այդ դիմումը մերժվել էր: Դիմումն առնչվում էր ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Գալստյանի կողմից՝ տուժող Գեւորգ Մարտիրոսյանի կողմից տրամադրված տեսագրության եւ ձայնագրության լազերային սկավառակի զննության արձանագրությանը, նախապատրաստվելիք քրեական գործի շրջանակներում: Փաստաբան Գ. Մարտիրոսյանը դիմումում գրել էր. «Դատարանին հայտնում եմ, որ թիվ 12183618 քրեական գործով հանդիսացել եմ տուժող: Նշված քրեական գործը անմիջական առնչություն ունի սույն քրեական գործի հետ: Թիվ 12183618 քրեական գործի քննության ընթացքում քննիչին ներկայացրել եմ տեսանյութ եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից եւ կազմվել է դրա արձանագրությունը: Նշված տեսանյութից եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից ակնհայտ է դառնում, որ տուժող կոչվող անձի՝ Ռուբեն Գալստյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների տված ցուցմունքներն ակնհայտ սուտ են: Ուստի ելնելով վերոգրյալից, խնդրում եմ նշված թիվ 12183618 քրեական գործով տեսանյութի եւ հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների զննություն կատարելու 28.11.2018թ. արձանագրությունը որպես ապացույց կցել սույն քրեական գործին, այն հետազոտել, ինչպես նաեւ ինձ, տուժող կոչվող անձ՝ Ռուբեն Գալստյանին եւ վերջինիս ընտանիքի անդամներին հրավիրել դատարան՝ լրացուցիչ ցուցմունք եւ պարզաբանումներ ներկայացնելու համար»: Այս գործով վիճակագրությունն այսպիսին է. անդրանիկ դատական նիստը հրավիրվել է չորս տարի առաջ մայիսի 12-ին: Մինչ օրս դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է 40 նիստ:
Գործը դատարանում է 2016 թվականի ապրիլի 12-ից:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12144215 քրեական գործը 2015թ. սեպտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 4-ին Վ. Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով։ 2015 թվականի ապրիլի 2-ին գործն ուղարկվել էր Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
Սակայն համաձայն Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 07.04.2016թ. թիվ. 24/1–8/122/1594 գրության, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի 36Բ հասցեի շենքի տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի տարածքից դուրս, այն ներառված է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում, ինչը նշանակում էր, որ այն ընդդատյա է Կենտրոնի դատարանին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47 հոդվածի 1-ին կետի համաձայն, առաջին ատյանի դատարանին ընդդատյա են այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք կատարվել են համապատասխան առաջին ատյանի դատարանի դատական տարածքում։
Վահագն Սիմոնյանը չի ընդունել իրեն մեղսագրվածը, նա եւ իր քաղգործով փաստաբանը, որը դեպքի օրը եղել է Վահագնի կողքին, ներկայացրել են, թե ինչպես է կատարվել դեպքը, թե ինչպես է արյունոտված Վահագնը տեղափոխվել հիվանդանոց, նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, եւ ըստ էության, նախաքննական մարմինը տուժող է ճանաչել ոչ թե Վահագնին, այլ Ռ. Գալստյանին:
Կենտրոնի դատարանում տուժող ճանաչված Ռ. Գալստյանը, ըստ վկայակոչված այդ ձայնագրության եւ տեսագրության, ինքն է հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ: Նա դիմել էր Վահագնի կողքին գտնվող փաստաբանին, ասել է. «արա դու սրա հետ եկար, այ տուֆտա, դու կարաս իմ հետ վապշե հարց ունենաս էս քաղաքում,…լսի, Ժիրոն իմ ընգերն ա, Փոսն իմ ընգերն ա……»:
Վահագն Սիմոնյանի համար դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանմամ միջոցը: Անցյալ տարվա ապրիլի 19-ին լսվել է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, Վ. Սիմոնյանի պաշտպան Էդիկ Աղաջանյանի պաշտպանական ճառը: Նա պահանջել էր արդարացնել իր պաշտպանյալին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2020