ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ
Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին զարգացումներին:
Նախարար Մնացականյանը կարևորեց լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի վերականգման ու ամրապնդման ուղղությամբ ձեռք բերված նախկին պայմանավորվածությունների կատարումը: Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնային քայլ ընդգծեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից և պատերազմի սպառնալիքից հրաժարումը:
Կարդացեք նաև
Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով հեռախոսազրույցի ձևաչափին, առանձնահատուկ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անփոխարինելի դերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Նախարար Մնացականյանը նաև բարձր գնահատեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև վերջինիս այն դիտարկումը, որ տարածաշրջանային երկրները պետք է ձեռնպահ մնան իրադրության ապակայունացմանն ուղղված գործողություններից:
ՀՀ ԱԳՆ