Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Եղիազարյանի դիտողությունները հայ գրականության չափորոշիչների եւ ծրագրի մասին

Հուլիս 22,2020 21:40

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1.Հաշվի չի առնված առարկայի յուրահատկությունը. Չափորոշիչը և ծրագիրը կազմված են այն նույն սխեմայով, ինչպես բնագիտական առարկաների ծրագրերն ու չափորոշիչները: Շատ բնորոշ է առաջին նախադասություններից մեկը. շեշտադրումը պիտի լինեն որոշակի կարողությունների և հմտությունների, ինչպես նաև սովորողի վերաբերմունքի, արժեքային համակարգի ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը : Այս ինչպես նաևը շատ պերճախոս է:

2.Նոր եզրույթները երբեմն պարզապես ավելորդ են: Օրինակ, ասվում է, որ անցնում են գրականության ուսուցման եռաստիճան համակարգի: Նախկինում եղել է ուսուցում-կարողունակություն, հիմա դառնում է հասկացություն-ուսուցում-կարողունակություն: Ամենամեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ հասկանալ, թե հասկացության ավելացումը ինչ նոր բան է տալիս գրականության ուսուցմանը:

3.Դրա հետևանքով փաստաթղթերից դուրս են մնացել այնպիսի կարևորագույն կատեգորիաներ, ինչպիսիք են գրականության դաստիարակչական արժեքը, գեղեցիկը, բարոյական արժեհամակարգը /որոշ դեպքերում միայն հպանցիկ հիշվում են /: Սա նախագծի մեծագույն թերությունն է: Տպավորությունն այնպիսին է, որ գրականության երկերին աշակերտները պետք է նայեն այնպես, ինչպես ֆիզիկական առարկաներին կամ բնության երևույթներին:

4.Այս համակարգում առաջին պլանում է անհատը՝ աշակերտը: Անշուշտ, ժամանակակից դպրոցում պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել աշակերտի անահատականությանը, ինքնաճանաչման փորձերին: Դպրոցից պետք է դուրս գան սեփական կյանքով ապրելու ընդունակ, սեփական կարծիքներ ու տեսակետներ ունեցող և դրանք պաշտպանելու ընդունակ մարդիկ:
Բայց ամենադժվար խնդիրն այն է, որ պետք է գտնել զարգացած, ինքնուրույն անհատի և ժողովրդի, հասարակության ներդաշնակության ճանապարհը: Անհատականությունը պետք է դիտվի ժողովրդի, համայնքի, ընտանիքի, հասարակության միջավայրում, որպես դրանց մասը, բաղադրիչը: Հայկական մշակույթը, հայ գրականությունը դա են հուշում: Այլապես այսպիսի ուսուցումը էգոիզմ, ինքնապաշտություն կամ անհատապաշտություն է դաստիարակում սովորողի մեջ
Չեմ խոսում այն մասին, որ հայրենիքի հասկացությունը մղված է երկրորդական-երրորդական պլան: Հայրենասիրություն բառը կա՛մ չկա, կա՛մ երկրորդական արժեք ունի նախագծում:

5.Փաստաթղթում երկրորդական արժեք է տրվում գրական երկի հուզական կողմին: Դրա մասին խոսվում է ի միջի այլոց, իբրև ոչ կարևոր բանի: Այնինչ դա գրականության և մյուս արվեստների առանցքաին հատկանիշներից մեկն է:

6.Մենք գործ ունենք մի ամբողջական կոնցեպցիայի հետ, որը ինձ, գոնե Հայաստանի պայմաններում, հայ գրականության վերաբերմամբ, անընդունելի է թվում:

7.Մի առավելություն ուզում եմ առանձնացնել:Ես միշտ կողմ եմ եղել, որ դպրոցում, այդ թվում և ավագ դասարաններում, անցնեն ոչ թե հայ գրականության պատմություն, այլ հայ գրականություն՝ համաշխարհային գրականության տարրերով: Այս նոր նախագիծը հենվում է այս դրույթի վրա: 10-12-րդ դասարանների ծրագրի նախագիծը իր թերություններն ունի, բայց սկզբունքը, իմ կարծիքով, ճիշտ է:

8.Ծրագրերում այս կամ այն հեղինակի, նրա գործերի ընդգրկման վերաբերյալ կարելի է վիճել: Այս խնդիրը ևս պետք է դառնա քննարկման առարկա: Միայն մի օրինակ: 12-րդ դասարանի ծրագիրը խորհուրդ է տալիս ուսումնասիրել ամերիկյան ժամանակակից գրող Դրեյփերի վեպը: Բեսթսելլեր է եղել: Բայց բեսթսելլերը դեռ չի նշանակում դասականություն, և եղած սուղ ժամերի պայմաններում կարելի էր ավելի երկար մտածել և 20-21 դդ. ամերիկյան հարուստ գրականությունից ավելի լավ ընտրություն կատարել: Գրեթե ոչինչ չկա հայ միջնադարյան գրականությունից, որն աններելի է: Ոչ մի կերպ ներկայացված չէ ռուս գրականությունը, չնայած այն բանին, որ ունենք բազմաթիվ թարգմանություններ դրանից:

9.Լավ մտածված չէ արդի /այսօրվա/ հայ գրականության երկերի ընտրությունը: Այնպիսի տպավորություն ես ստանում, որ կազմողները դրել են ան, ինչ իրենց աչքով է ընկել:

10.Պետք է զգույշ լինել դպրոց գնացող այդ փաստաթղթի լեզվի հանդեպ: Հետաքրքրասիրություն գրքի հանդեպ – սխալ է: Գրքի հանդեպ հետաքրքրություն կարող է լինել: Իսկ հետաքրքրասիրությունը մարդու հատկանիշ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031