Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում. արդյոք զենքն աշխատո՞ւմ է. Jerusalem Post

Հուլիս 22,2020 20:20

Երեքշաբթի Հայաստանում ցուցահանդես էր կազմակերպվել, բայց ոչ սովորական. այն նվիրված էր անօդաչու թռչող սարքերի կտորներին, որոնք Հայաստանի պնդմամբ խոցվել են Ադրբեջանի հետ տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ: Այս մասին գրում է իսրայելական Jerusalem Post թերթը «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում. արդյոք զենքն աշխատո՞ւմ է» խորագրով հոդվածում:

Հոդվածագիր Սեթ Ֆրանցմանը գրում է, որ դրոնները կարևոր դեր են խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումներում, դրանց միջոցով Ադրբեջանը թիրախավորել է հայկական դիրքերը, անօդաչու թռչող սարքերի մի մասը կործանվել է երկու կողմում էլ: Միևնույն ժամանակ Ֆրանցմանը կարծում է, որ դժվար խնդիր է հստակ որոշելը,  թե որտեղից են հայտնվել դրոնները և քանիսին են խոցվել: Առաջին անգամը չէ, որ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի կողմից իսրայելական դրոնների օգտագործման մասին: Flight Global կայքի փոխանցմամբ՝ 2016թ. Լեռնային Ղարաբաղում  ընկել կամ խոցվել էր ThunderB անօդաչու թռչող սարքը: Այժմ նորությունն այն է, որ խոցված կամ օգտագործվող դրոնների լուսանկարները հրապարակվում են գրեթե ամեն օր՝ հուլիսի 12-ի բախումների մեկնարկից ի վեր, ասվում է հոդվածում:

Հուլիսի 21-ին Հայաստանում ադրբեջանական կործանված դրոնների ցուցահանդեսը ազդանշան է Բաքվին և Իսրայելին, որ անօդաչու սարքերը շարունակում են կործանվել: Համենայնդեպս, այդպես երևում է առաջին հայացքից, գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով ԱՄՆ նախկին ծովային հետևակ Ռոբ Լիի գրառումն այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է ադրբեջանական որոշ դրոններ և զինամթերք, որոնք կործանվել կամ ոչնչացվել են մարտերի ընթացքում, այդ թվում՝ իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 և SkyStriker անօդաչուները:

Հոդվածագիրը Հայաստանում տեղի ունեցած ցուցահանդեսի հետ կապված որոշ խնդիրներ է մատնանշել: Նրա խոսքով՝ ցուցադրված թռչող սարքերից մի քանիսը ըստ ամենայնի  արդեն օգտագործվել են տարբեր ցուցադրություններում՝ սկսած 2012-ից և 2016-ից: Հիմնվելով անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) վրա նա  նշում է, որ Ադրբեջանն ունի ութ տարբեր տեսակների անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Aerostar-ը, Orbiter 1K (հայտնի է որպես կամիկաձե դրոն) և Orbiter 3, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից:

Հայկական ուժերը պնդում են  որ մինչև 2018-ը խոցել են առնվազն 22 դրոն։ Այժմ այդ ցուցակն ակնհայտորեն ավելի է։ Հուլիսի 12-ից հետո հայկական աղբյուրները համացանցում բազմաթիվ լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով, որ իսրայելական անօդաչուներ են խփել: Հուլիսի 20-ին ցուցադրվեց ցեխի մեջ ընկած SkyStriker, ևս մեկ ենթադրյալ SkyStriker ցուցադրվեց հուլիսի 17-ին, որի կողքին կանգնած էին  երկու տղամարդ: Հուլիսի 18-ին խոտածածկ դաշտում հայտնաբերվել էր Orbiter 3, գրում է հոդվածագիրը և նշում, որ երկու կողմն էլ օգտագործել է անօդաչուների կադրեր, սակայն ադրբեջանական անօդաչու սարքերի կադրերը շատ ավելի պարզ են, քան հայկականինը. Հայաստանը տեղական արտադրության դրոններ է օգտագործում… Ադրբեջանը պնդում է՝ հուլիսի 16-ին խոցել է հայկական առնվազն մեկ անօդաչու սարք, ասվում է հոդվածում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ելքը վճռորոշ չէր, բայց լարվածությունը կարծես թե աճում է։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան այժմ որոշակի դեր են խաղում, ինչպես նաև Իրանը, որն իր միջնորդությունն է առաջարկել ։ Այս խոշոր երկրները ներգրավված են Սիրիայի շուրջ հակամարտությունում, ինչը նշանակում է, որ  Կովկասում հակամարտությունը կարող է ավելի լուրջ հետևանքներ ունենալ։ Թուրքիան հայտարարել է, որ ցանկանում է Ադրբեջանին ավելի շատ զենք մատակարարել, այդ թվում՝ սեփական արտադրության Bayraktar դրոնները։ Իսկ Ռուսաստանը կարող է համալրել Հայաստանի զինանոցը։ Իսրայելը նախկինում էլ հայտնվել է կովկասյան հակամարտությունների կիզակետում։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2008թ.՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ռուսական MiG-29 օդանավերը խոցել էին իսրայելական Hermes 450 արտադրության անօդաչու սարքեր, ասվում է հոդվածում:

Ֆրանցմանը գրում է, որ անօդաչու թռչող սարքերը կործանվում են տարբեր պատճառներով, այդ թվում՝ կապի կորստի: Տեսականորեն հնարավոր է խոցել դրոններ, բայց առկա փորձը վկայում է, որ ՀՕՊ համակարգերի համար շատ բարդ է թիրախավորել փոքր և դանդաղ դրոնները, հավելում է նա։

Թեպետ դրոններ որսալու տարբեր համակարգեր կան, պարզ չէ՝ արդյոք այդ համակարգերը կան Հայաստանում։ «Քանի որ Իսրայելի իշխանությունները և ընկերությունները չեն մեկնաբանում Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործումը, դժվար է թափանցիկությամբ դատել, թե որքան արդյունավետ է Բաքուն օգտագործել անօդաչու թռչող սարքերը, և որքան արդյունավետ են դրանք խոցվել Հայաստանի կողմից: Սակայն կադրերը միայն ցույց են տալիս, որ Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև իր կարողությունները ցուցադրելու համար՝ Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում»,-եզրափակում է հոդվածագիրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031