Բարձր միավորներ հավաքած դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են շտկել ԳԹԿ-ի սխալը
«Վերջապես մարդիկ ամիսներով, տարիներով չարչարվել են, նպատակ են ունեցել, ի վերջո բարձր գնահատական են ստացել ու ինչ-որ պաշտոնյանի անփութ գործունեության պատճառով երեխան հիասթափություն է ապրում: 17 տարեկան երեխան հիասթափություն ապրելով իր պետությունն էլ կսկսի չսիրել: Տղա երեխան, եթե բանակ է գնում, այդ հիասթափված վիճակով մտածե՞լ են՝ ոնց պետք է ծառայի»,-այսօր ՄԻՊ գրասենյակում, մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասաց դիմորդ երեխայի ծնողը: Պաշտպանը հյուրընկալել էր , ավարտական քննությունները բարձր գնահատականներով հանձնած, բայց բուհ չընդունված դիմորդների եւ նրանց ծնողների հետ:
Ծնողներից մեկը, խնդիրը ներկայացնելիս, ասաց, որ իր երեխան նշել է քաղաքագիտություն առարկան, սակայն 15,75 միավորով չի ընդունվել, բայց փոխարենն ընդունվել են 5 հոգի, որոնք այդ առարկայից 7,5 միավոր են հավաքել: Նրանք գտնում էին, որ մեղքը ԳԹԿ-ի պաշտոնյաներինն է, որ իրենց երեխաները հայտը սխալ են լրացրել. «Նույնիսկ 18,75 միավորովը չի ընդունվել: Ընդունվում է այն դիմորդը, եթե առաջին հայտով անցավ, իսկ հաջորդ հայտերի դեպքում, հաջորդ հայտով, եթե թափուր տեղ է մնում նոր՝ ինքը կարող է այդտեղ ընդունվել: Նախկինում նման բան գրված չկար: ԳԹԿ ներկայացուցիչները թյուրիմացություն են թույլ տվել: Ինչպե՞ս է ստացվել, որ հետագայում փոխել են, այդ հարցը ոչ մեկիս համար էլ պարզ չէ, բայց այդ սխալի պատճառով մեր երեխաները հայտնվել են տհաճ իրավիճակում»:
Ծնողների խոսքով, արդեն քանի օր է, իրենց երեխաների հետ միասին պայքարում են արդարության համար, անգամ նախարարությանն առաջարկություններ են արել, որ խնդիրը լուծվի. «Առաջարկում ենք, որ ԿԳՄՍ-ն բուհերում լրացուցիչ տեղեր ավելացնի բոլոր դրական գնահատականներ ստացողների համար, բայց, եթե դա հնարավոր չէ, գոնե՝ 11 եւ բարձր միավորներ ստացողների համար: Տեղեր ավելացնելով շահում է բուհը, շահում է դիմորդը եւ պետությունը: Իսկ, եթե մեր պետությունն ի սկզբանե մտադիր չէր այդ քանակի դիմորդներ ունենար , ապա, առաջարկում ենք, որ առաջին «սեմեստրի» քննությունների ժամանակ, նրանք, որոնք վատ առաջադիմություն կունենան կոնկրետ տվյալ մասնագիտություններով, թող դուրս մնան եւ կդառնա այն քանակը, որն ի սկզբանե նախարարությունը, կառավարությունը նախատեսած է եղել: Կլինի իմ տղան, թե՝ մեկ ուրիշի աղջիկը, կարեւոր չի, կարեւորը արդարությունն է, որ բարձր գնահատական ստացած դիմորդը կարողանա ուսանող դառնա»:
Կարդացեք նաև
Նրանք վիրավորված էին, որ Ազգային ժողովի կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի հետ հանդիպմանը չէին եկել ո՛չ նախարարը ո՛չ նրա տեղակալը, որը համակարգում է բուհերի ընդունելության քննությունները. «Սա մի բան է փաստում, որ նրանք այս խնդիրը լուրջ չեն ընդունում եւ չեն ուզում փոփոխություն կատարել:
Արման Թաթոյանն ասաց, որ խնդրին ինքն էլ է ծանոթ եւ իրենց գրասենյակ կոլեկտիվ դիմում է ներկայացվել 56 քաղաքացու կողմից: Ընդունելության քննություններին առնչվող 13 բողոք էլ անհատական են ստացել: Ծնողներն ասացին, որ, ընդհանուր առմամբ խոսքը 730 դիմորդի մասին է, որոնք տուժել են ԳԹԿ-ի պատճառով: Պարոն Թաթոյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարարի հետ արդեն խոսել է եւ պաշտոնական նամակ է հղել, որտեղ ներկայացրել են ծնողների մատնանշած փաստերը, մտահոգությունները՝ պահանջելով նախարարության դիրքորոշումը եւ միայն այդ պատասխանի հիման վրա հնարավոր կլինի գնահատականներ տալ, եզրահանգման գալ: Արման Թաթոյանը նշեց, որ այս հարցով արդեն վարույթը սկսել են. «Պետք է սպասենք պաշտոնական պարզաբանումներին, որպեսզի հնարավոր լինի գնահատականներ տալ»:
Ծնողների այն դիտարկմանը, թե չեն պատրաստվում լռել եւ շարունակելու են իրենց պայքարը, պարոն Թաթոյանն ի պատասխան ասաց, որ դա նրանց իրավունքն է եւ որեւէ մեկը չի սահմանափակում նրանց գործունեությունը:
Դիմորդներից մեկը, որը, նույնպես այս խնդրի պատճառով դուրս է մնացել, ասաց՝ «Ես ստացել եմ ամենաքիչը 20 հոգուց ավել բարձր գնահատական, որոնք ընդունվել են մեկ բանի համար, որ հայտով նշել են առաջին տեղը: Այսինքն՝ այս պետությանը պետք են մարդիկ, որոնք ճիշտ կողմնորոշվե՞լ են, նշել են հայտը, թե պետք են մարդիկ, որոնք գիտելիք ունեն եւ կարող են դառնալ լավ մասնագետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ