Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դատարանը որոշեց վերսկսել Արամ Վարդանյանի («Վստրեչի Ապեր») գործով բողոքի քննությունը

Հուլիս 22,2020 18:50

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Գագիկ Պողոսյան) հուլիսի 22-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի՝ Արամ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ բողոքի քննությունը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադարձավ՝ որոշում կայացնելով վերսկսել քննությունը:

Հիշեցնենք՝ Արամ Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարել էին՝ պրակտիկան ցույց է տալիս, որ առանձնահատուկ եւ խտրական մոտեցում կա կոնկրետ Արամ Վարդանյանի գործի տարբեր դրվագներով: Լուսինե Սահակյանը նշել էր.  «Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրականացվում են բոլոր բարոյական և իրավական սահմանների անցմամբ»:

Aravot.am-ի հետ զրույցում Երվանդ Վարոսյանն այսօրվա դատական նիստի ընթացքի մասին ասաց. «Կողմերը հայտնել էին իրենց դիրքորոշումները: Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը որոշեց վերսկսել քննությունը: Դատավորը դատախազից պահանջում էր ծառայողական քննության նյութերը, որոնք ոստիկանությունում իրականացվել են: Դա էր ներկայացվել, որից հետո մենք մեր բողոքը պնդեցինք և կրկին հիմնավորեցինք, որ ոստիկանությունը չի կարող լինել այն մարմինը, որը պիտի իրավական գնահատական տա հենց ոստիկանության գործողություններին»:

Փաստաբանը հստակեցրեց՝ իրենց պահանջն այն է, որ հանցագործության մասին հաղորդում է  ներկայացվել, դատախազը պարտավոր էր ընթացք տալ դրան. քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի կարգով կամ քրեական գործի հարուցումը մերժեր կամ հարուցեր քրեական գործ կամ հիմքերը ստուգելու համար ուղարկեր իրավասու մարմնին: Այս առիթով մանրամասնեց. «Իսկ իրավասու մարմինը ոստիկանության պարագայում կարող է լինել միայն ՀՔԾ-ն, ինչը չէր արվել»:

Երվանդ Վարոսյանը չգիտի՝ ինչ շրջանակներում տեղի կունենա քննությունը, ինչն է պատճառը, որ դատարանը վերադարձել է խորհրդակցական սենյակից և վերսկսել բողոքի քննությունը: Հետաքրքրվեցինք՝ նոր հանգամանքնե՞ր են ի հայտ եկել, փաստաբանը պատասխանեց. «Երևի ինչ-որ նոր հանգամանք պիտի պարզի դատարանը»:

Նշենք, որ փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հայտնել էր, որ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ գործի նյութերն իրենք թերի են ստացել դատախազությունից։ Նրա հավատմամբ՝ իրենց տրամադրված նյութերում շատ անձանց անուններ են փակված, բայց որտեղ որ պետք է, մոռացել են փակել, թեպետ ըստ փաստաբանի՝ դա իրենց միևնույն է։ Փաստաբանը նշել էր, թե իրենց պետք է, որ փաստի առթիվ կատարվի պատշաճ քննություն, եւ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից՝ իրենք եղել են դիմակով, թե առանց դիմակ:

Հիշեցնենք՝ Լուսինե Սահակյանի տեղեկացմամբ՝  մարտի 5-ին՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի էր ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031