Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսվել է նախընտրական եռուզեռ․ շատերը ՏԻՄ ընտրությունների պատրաստվում են դեռ 1,5 տարի առաջ

Հուլիս 22,2020 18:40

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիրներից մեկը` (այժմ արդեն նախկին անդամ) Արթուր Համբարձումյանը վստահեցրեց, որ Գյումրիում սկսվել է մեծ ակտիվություն՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ։ Թեև ՏԻՄ ընտրություններին դեռևս 1,5 տարի կա, սակայն, ըստ մեր զրուցակցի, համարյա բոլոր կուսակցությունների կողմից սկսվել են նախապատրաստական աշխատանքներ։ Նրանք, մեր զրուցակցի խոսքերով ասած, Գյումրիում զոնդաժ են անում, այսինքն՝ նախնական պարզաբանումներ։

«Այն, որ Գյումրիում մեծ ակտիվություն է սկսվել՝ կապված ՏԻՄ ընտրությունների հետ, ես զգում եմ նրանից, որ լրագրողներն ինձ հաճախակի են հարց տալիս՝ կապված Գյումրու ՏԻՄ ընտրությունների հետ, նաև հաճախակի է հնչում այն հարցը, թե արդյոք ես ինչ-որ ձևաչափով պիտի մասնակցե՞մ Գյումրու ընտրություններին, թե՞ ոչ։ Ես վերջին ընտրություններում առաջադրված եմ եղել որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու։ Եռուզեռը խոսում է այն մասին, որ Գյումրու ընտրություններով շատ են հետաքրքրվողները։ Երկու պատճառ կա․ Գյումրու ընտրություններին զուգահեռ պիտի տեղի ունենան Վանաձորի ընտրությունները և խոշոր քաղաքների ավագանիներում ունենալ հսկիչ փաթեթ, սա նշանակում է ազդեցություն ունենալ համապետական քաղաքական ընթացքի վրա։ Բացի դրանից, Գյումրու ՏԻՄ ընտրություններից ընդամենը 1,5 տարի հետո տեղի են ունենալու պառլամենտական ընտրություններ, և այդ համատեքստում է, որ Գյումրու ու Վանաձորի ՏԻՄ ընտրությունները շատ քաղաքական ուժերի համար հետաքրքիր են։

Բայց ես ուզում եմ խոսել այն մասին, որ այն քաղաքական ուժերը, որոնք նախապատրաստական աշխատանքներ են սկսել անել Գյումրիում, նրանք, ըստ էության, մերժում են  քաղաքական արտահերթ զարգացումներն, արտահերթ ՏԻՄ ընտրությունները և նաև արտահերթ պառլամենտական ընտրությունները։ Ինչքան էլ ուզում է իրենց հռետորաբանությունը տեղավորվի վարչապետի հրաժարականի պահանջների մեջ, այնուամենայնիվ  Գյումրու ընտրություններին այս պահին նախապատրաստվելը ենթադրում է արտահերթ զարգացումների մերժում»,-ասում է Արթուր Համբարձումյանը։

Մեր զրուցակցի փաստմամբ, այս պահին գրեթե բոլոր կուսակցություններն այս կամ այն չափով Գյումրիում զոնդաժ են անում։

«Գյումրու ՏԻՄ նախընտրական կամպանիան գտնվում է նախնական քաղաքական պարզաբանումների փուլում։ Ակտիվ զոնդաժ են անում, ակտիվ հարցուփորձ են անում, մարդկանց վարկանիշների վերաբերյալ են զոնդաժ անում, որոշակի փակ սոցհարցումներ են անում, փորձում են շոշափել մարդկանց տրամադրությունները»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Մեր հարցին, թե Գյումրու քաղաքապետի աթոռը հատկապես ո՞ր քաղաքական ուժին է  գայթակղում, Արթուր Համբարձումյանն ասաց․ «Հիմա ուղղակի չեմ ուզում քաղաքական ուժի անուն տալ։ Ես ասում եմ, որ հենց այս պահին բոլոր քաղաքական դերակատարները, ուժերն այս կամ այն չափով ակտիվ զոնդաժի փուլում են գտնվում Գյումրիում։ Ինձ համար շատ զարմանալի է, որովհետև 1,5 տարի կա ՏԻՄ ընտրություններին, իսկ դա երկար ժամանակ է, եթե հաշվի առնենք Հայաստանի Հանրապետության ներկա վիճակը, վիճակ, երբ որ ամեն պահին կարող է քաղաքական իրավիճակ փոխվել»։

Մեր դիտարկմանը՝ մի՞թե Գյումրին կառավարելն այդքան հեշտ է, որ շատերն են իրենց պատկերացնում քաղաքապետի պաշտոնում, Արթուր Համբարձումյանն ասաց․ « Պետք է ասեմ այն ժամանակ, երբ ես քաղաքապետի թեկնածու էի, իմ կուսակցությունը իմ դեմքով խոսում էր այն մասին, որ պիտի վերանայել տարածքային  կառավարման քաղաքականությունը, պետք է վերանայել տեղական ինքնակառավարման փիլիսոփայությունը, և, ըստ էության, այսօր տեղական ինքնակառավարման և ֆինանսական համահարթեցման մասին այս սկզբունքները, որ կան, այդ երկու դիրքերից հնարավոր չէ Գյումրի քաղաքի կառավարումն արդյունավետ իրականացնել։ Մեծամասամբ այն քաղաքական ուժերը, որոնք հետաքրքրված են, իրենք, ըստ էության, հետաքրքրված են ոչ թե զուտ Գյումրիի  խնդիրների արդյունավետ լուծմամբ, այլ հետաքրքրված են այն հնարավորությամբ, որը կտա Գյումրիի հսկիչ փաթեթն ունենալ արդեն համապետական ընտրություններից առաջ։ Մեծ վստահությամբ կարող եմ ասել, որ հարցը ոչ թե համայնքային նշանակության խնդիրների արդյունավետ լուծումն է, այսինքն՝ գյումրեցու դարդը հոգալն է, այլ պիտի դիտարկել այն համատեքստում, որ Գյումրու ընտրություններից հետո տեղի են ունենալու համապետական ընտրությունները։

Թե՛ Գյումրին, թե՛ Վանաձորն, ըստ էության, նախերգանքն են, ժուռնալն են համապետական ընտրությունների, դրանով պիտի բացատրել քաղաքական ուժերի այսքան մեծ հետաքրքրությունը Գյումրիում»։

Մեր հարցին՝ իշխող կուսակցությունը ունի՞ թեկնածու այստեղ, Արթուր Համբարձումյանն ասաց․ «Իշխող կուսակցության ձեռքում էր գտնվում Սամվել Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ աշխատել-չաշխատելու հարցը 2018 թվականից հետո, և երբ Երևանի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո Կապանում իշխող կուսակցությունը պարտություն կրեց, կարելի է ասել դրանից շահողներից մեկը Գյումրու ներկայիս իշխանություններն են։ Նրանք հասկացան՝ եթե Փաշինյանի վարկանիշը շատ բարձր է լինում, իրենց մինչև 2021 թիվ կառավարելու հավանականությունը ցածր է, եթե Փաշինյանի վարկանիշն անկում ապրեր շատ ուժեղ, տեղական իշխանություններին դա նույնպես օգուտ չէր տա, որովհետև Փաշինյանը հենց իշխանությունից դուրս գա, համարյա վստահ եմ, որ տեղի իշխանությունները շատ կարճ ժամանակ անց հրաժարական կտան։

Այսինքն՝ Գյումրու տեղական իշխանություններին ձեռնտու է, որ Փաշինյանը միջին վարկանիշի վրա մնա՝ ոչ շատ ցածր լինի, ոչ շատ բարձր։ Շատ բարձրի դեպքում իշխող կուսակցությունը ինքը կառաջադրեր թեկնածու, այս մարդիկ դուրս կմնային։ Այն, որ մինչև այսօր Սամվել Բալասանյանը քաղաքապետ է, սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը քաղաքապետի թեկնածու չունի, չունի մի այնպիսի վարկանիշ, որ կարողանա ցանկացած մարդու տանել դեպի քաղաքապետ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031