Ինչպես հայտնել էինք, բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԱԺ-ի դիմաց էին՝ բողոքելու ընդունելության քննությունների նոր կարգից, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին:
Երեկ ԳԹԿ-ն պարզաբանել էր հարցը: Երեկոյին մոտ ծնողների եւ դիմորդների մի քանի ներկայացուցիչներ ԿԳՄՍ-ում հանդիպեցին փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:
Ծնողների ներկայացուցիչ Մասիս Բաբալյանը ներկայացրեց խնդիրն օրինակով. 18 միավոր ստացած դիմորդը չի ընդունվել առաջին հայտով լրացրած ֆակուլտետ, սակայն 1-4-րդ հայտերով էլ չի ընդունվել, որովհետեւ թափուր տեղեր չկան: Բաբալյանի խոսքով՝ ԿԳՄՍ-ն բավարար մատչելի չի բացատրել ընդունելության նոր կարգը, դիմորդներն էլ չեն իմացել, որ առաջին հայտով չընդունվելու դեպքում հաջորդական հայտերով կընդունվեն միայն այն դեպքում, երբ տվյալ ֆակուլտետներում թափուր տեղ լինի. «Արդյունքում շատերը դուրս են մնացել բոլոր հայտերով, իսկ 7 միավոր ստացածն ընդունվել է քաղաքագիտության մասնագիտությամբ…Ինչպե՞ս կարելի է բարձր միավորներ հավաքած դիմորդներին դուրս թողնել»:
Փոխնախարարը նախ պարզաբանեց՝ փոփոխությունը եղել է ոչ թե քննություններից առաջ, ինչպես ներկայացվում է, այլ հայտագրումից առաջ. «Գերակայությունը տրվել է առաջին հայտին: Քննություններին մասնակցել է մոտ 13 000 դիմորդ: Երբ dimord.am-ում դիմորդը ցանկացել է դիմել, ստացել է ծանուցում՝ «ծանոթացե՞լ եք կարգին»…այսինքն, կայքում գրանցվելու համար պարտադիր պայման է եղել կարգին ծանոթանալը՝ մինչեւ տվյալները լրացնելը: Բացի այդ, ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում եւ ուղիղ միացմամբ տեղեկացրել է այս տարվա նոր կարգի մասին, հեռուստահաղորդումների, կառավարության նիստի ժամանակ եւս հայտարարվել է: Բացի այդ, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակով՝ այդքան դիմորդի չէինք կարող ծանուցել, որ գերական առաջին հայտն է լինելու»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ծնողների այն առաջարկին, որ իրենց երեխաների համար բուհերը հավելյալ տեղեր տրամադրեն, Գրիշա Թամրազյանը նշեց. «Ի սկզբանե տրամադրվել է տեղերի առավելագույն քանակը: Հիմա 739 դիմորդ ստացել է բավարար գնահատական, բայց չի ընդունվել բուհ: Բայց մենք ունենք թափուր տեղեր, ուստի հուլիսի 20-ից մինչեւ այսօր հնարավորություն է տրվել նրանց դիմելու թափուր տեղերի մրցույթին: ԳԹԿ-ի հետ խոսել ենք, որ վերջնաժամկետը 18:00-ի փոխարեն լինի 20:00-ն: Արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է: Դուք ասում եք, որ խոսում եք 739 դիմորդի անունից, բայց 550 դիմորդ արդեն դիմել է: Կես ժամվա տվյալ է դա: Թափուր տեղերը բավականին շատ են: Մոտ 200 դիմորդ չի դիմել, բայց դեռ երկու ժամ կա, որ դրական գնահատական ստացած այդ դիմորդները դիմեն թափուր տեղերի համար: Նրանք իրենց արդեն իսկ ստացած միավորներով կմասնակցեն հեռակա քննության՝ առանց նորից քննություն հանձնելու: Մենք բոլոր հնարավորությունները ստեղծում ենք»:
Մասիս Բաբալյանը հակադարձեց. «Դուք չեք ուզում մեզ ընդառաջ գնալ: Այդ 550 դիմորդները պարզապես չեն ուզեցել չօգտվել վերջին հնարավորությունից: Ցույց եք տալիս, թե մեծ գործ եք արել: 550 դիմորդները վատթարագույն տարբերակից են օգտվել, որ վերջին հնարավորությունն օգտագործեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ