Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է 2019 թ. հուլիսից մինչև 2020 թ. հունիսի 30-ն իրականացրած
խաղաղ հավաքների դիտորդության զեկույցը:
Ամփոփում
2019 թ․ հուլիսից մինչև 2020 թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում հավաքների ազատության իրավունքի պաշտպանվածությունը նվազել է՝ համեմատած նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ։ Կախված հավաքների կազմակերպիչներից և նրանց կողմից բարձրացվող բնապահպանական, իրավական կամ քաղաքական հարցերի բնույթից՝ ոստիկանության գործելաոճը տարբերվել է խստությամբ և ուղեկցվել անհամաչափ վարչարարությամբ։ Մյուս կողմից, շարունակվել են հավաքների որոշ կազմակերպիչների և մասնակիցների կողմից ատելության խոսքի տարածման դեպքերը հավաքների ընթացքում։
2020 թ․ սկզբին աշխարհում և ՀՀ-ում սկիզբ առած նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի պատճառով ՀՀ կառավարությունը մարտի 16-ին հանրապետության ողջ տարածքում հայտարարեց արտակարգ դրություն՝ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի ընթացակարգով իրազեկեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, որ հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումները կարող են շեղումներ պարունակել Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԿ-ով ստանձնած պարտականություններից։ Այդուհանդերձ, արտակարգ դրության ընթացքում իրականացված հավաքների դիտորդության արդյունքները ցույց են տալիս, որ նշված արգելքի կիրառումը միատեսակ չի եղել բոլոր հավաքների նկատմամբ, ինչպես նաև բազմաթիվ դեպքերում առիթ է հանդիսացել օրենքի կամայական մեկնաբանությունների համար։ Բացի այդ, նույն արտակարգ դրության մասին որոշմամբ, հանրային միջոցառումների նկատմամբ կիրառված ավելի մեղմ սահմանափակումները առաջացնում են մտահոգություն մոտեցման համաչափության առումով։ Սույն զեկույցի պատրաստման պահին արտակարգ դրությունը դեռևս գտնվում է ուժի մեջ։
Կարդացեք նաև
Հավաքների դիտարկումների արդյունքները
Հավաքների թիվն ըստ ամիսների
2019 թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունիսի 30-ը դիտարկվել է 152 հավաք՝ Երևանում:
Մարտի 16-ին, Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով, ՀՀ կառավարությունը հանրապետության ողջ տարածքում մեկ ամսով հայտարարեց արտակարգ դրություն՝ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ հավաքներին մասնակցելը։ Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց 3 անգամ՝ մեկական ամիս տևողությամբ և սույն զեկույցի պատրաստման ընթացքում դեռևս գտնվում է ուժի մեջ։ Այդուհանդերձ՝ արտակարգ դրության հայտարարումից հետո դիտարկվել են 30 հավաք, որոնց մեծ մասը անցկացվել է հունիս ամսին։
Հավաքների թիվն ըստ կարգավիճակի
Դիտարկված հավաքներից 142-ը եղել են չիրազեկված, որոնց մեծ մասը (138 հավաք) կազմել են մինչև 100 մասնակից ունեցող հավաքները։ Հավաքներից 4-ի դեպքում ներկայացվել է իրազեկում, թեև դրանցից 3-ի դեպքում մասնակիցների քանակը չի գերազանցել 100-ը: Նշված հավաքներից են՝ սեպտեմբերի 2-ին ՀՊՏՀ ուսանողների կողմից անցկացված երթը, փետրվարի 15-ին «Քուրդիստան» կոմիտեի կողմից կազմակերպված երթը և մարտի 2-ին ՌԴ դեսպանատան առջև՝ նախորդ տարվա հուլիսին ՌԴ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի գործով ազգությամբ հայ 9 մեղադրյալների աջակիցների հավաքը։
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկվել են 6 ինքնաբուխ և շտապ հավաքներ, որոնք են օգոստոսի 15-ին` Հայկական բնապահպանական ճակատի կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շահագործման դեմ կազմակերպված հավաքը (պայմանավորված նախորդող օրը հրապարակված հանքի ծրագրի ուսումնասիրության արդյունքների հետ), հունվարի 28-ին՝ մի շարք ընդդիմադիր քաղաքական ակտիվիստներին ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման ենթարկելու և փետրվարի 4-ին՝ գործարար Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելու ընթացքում վերջիններիս աջակիցների կողմից ՀՀ ոստիկանության առջև կազմակերպված հավաքները, փետրվարի 9-ին՝ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում իրենց ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքների դեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների կողմից կազմակերպված հավաքը, մարտի 20-ին «Փեթակ» տոնավաճառի աշխատակիցների կողմից կազմակերպված հավաքը՝ արտակարգ դրության ընթացքում տաղավարների վարձակալության պայմանները փոխելու պահանջով և հունիսի 16-ին՝ ԲՀԿ առաջնորդ Գ․ Ծառուկյանի աջակիցների կողմից կազմակերպված հավաքը (պայմանավորված ԱԺ-ում վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկման և որոշման հետ):
Հավաքների թիվն ըստ ներկայացվող պահանջների բնույթի
Առավել մեծ թվով հավաքների ընթացքում բարձրացվել են սոցիալական և իրավական բնույթի պահանջներ (56 հավաք)։ Բարձրացված հարցերը վերաբերել են աշխատավարձերի վճարմանը («Սանիթեք» ՍՊԸ աշխատակիցներ), հանրային գերակա շահ ճանաչված բնակարանները չափագրելու կամ փոխհատուցում տրամադրելու պահանջներին (Կոնդ թաղամասի և Եկմալյան փողոցի բնակիչներ), խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցումների չափը վերանայելուն, ինչպես նաև պետական մարմինների կողմից կայացված մի շարք որոշումների դեմ քաղաքացիների բողոքներին (ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների կենտրոնը Գյումրի տեղափոխելու որոշման, պարտադիր սպանդանոցային մորթի որոշման, ավտոմեքենաների ներմուծման մաքսավճարների նոր սակագների դեմ, ՀԾԿՀ-ի կողմից համավարակի ընթացքում կոմունալ պարտավորությունների կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը վերացած համարելու որոշման դեմ և այլն)։
Դիտարկված հավաքներից 40-ը կապված են եղել ընթացիկ դատական գործերի և դատարանների կողմից կայացվող որոշումների հետ, որոնցից են եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով և հակադարձ պահանջ ներկայացնող հավաքները, վերջինիս աջակից Սարգիս Օհանջանյանին և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ազատ արձակելու պահանջներով հավաքները, ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջով հավաքները («Հայոց մայրեր» նախաձեռնություն), ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գ․ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության դեմ վերջինիս աջակիցների կողմից կազմակերպված հավաքները։
Հավաքներից 29-ի դեպքում կազմակերպիչներն ու մասնակիցները բարձրացրել են քաղաքական հարցեր՝ պահանջելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը (ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն), քննադատելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործունեությունը (Ադեկվադ կուսակցություն, Նարեկ Սամսոնյան), պահանջելով արգելել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի գործունեությունը (Ն․ Մալյան և Վետօ նախաձեռնություն), ինչպես նաև բողոքելով հունիսի 22-ին ԱԺ կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների դեմ։ Հանրապետության մարզերում մարտ ամսվա առաջին կեսին մի շարք հավաքներ են կազմակերպվել ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ընթացքում՝ փոփոխությունները նախաձեռնած իշխանությունների կողմից, իսկ «ոչ»-ի ճամբարի կողմից հավաքներ չեն անցկացվել։ Հանրաքվեն և քարոզարշավը դադարեցվեցին նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության որոշման ուժով։
Եվս 6 հավաք է անցկացվել բնապահպանական խնդիրների հետ կապված (Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ), 2 հավաք կազմակերպվել է ընդդեմ ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության։
Հավաքների թիվն ըստ կազմակերպիչների
Առավել մեծ թվով հավաքներ կազմակերպվել են ընդհանուր սոցիալական կամ իրավական շահեր ունեցող քաղաքացիների խմբերի կողմից (79 հավաք)։ Ռ․ Քոչարյանի աջակիցների, ինչպես նաև ընդդիմախոսների կողմից հավաքներ են կազմակերպվել վերջինիս մասնակցությամբ դատավարության ընթացիկ նիստերին զուգահեռ։ Մի շարք հավաքներ են անցկացվել «Սանիթեք» ՍՊԸ աշխատակիցների, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների, տարբեր բուհերի ուսանողների և դասախոսների կողմից (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան), որոշակի տնտեսական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների խմբերի (ավտոներկրող քաղաքացիներ, որսորդությամբ զբաղվող քաղաքացիներ, մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիներ), ինչպես նաև Երևանի Կոնդ, Ֆիրդուսի թաղամասերի և Եկմալյան փողոցի բնակիչների կողմից։
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկվել են քաղաքացիական և քաղաքական նախաձեռնությունների, քաղաքացիական ակտիվիստների և անհատների կողմից կազմակերպված 50 հավաքներ։ Նշվածներից են եղել Ադեկվադ, Կամք, Վետօ քաղաքական նախաձեռնությունները, Հայկական բնապահպանական ճակատը, «Զինվոր» համակարգող խորհուրդը, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, «Հայոց մայրեր» նախաձեռնությունը։
Կուսակցություններից հավաքների կազմակերպիչների դերում են հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ կապված կուսակցության ղեկավար Գ․ Ծառուկյանի նկատմամբ ընթացող քրեական գործերի հետ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ, ինչպես նաև հունիսի 22-ին ՀՀ ԱԺ կողմից կատարված սահմանադրական փոփոխությունների դեմ։ Նշված փոփոխությունների դեմ երթ է անցկացրել նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Հավաքներ են կազմակերպվել նաև Հայաստանի Եվրոպական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների կողմից։
Ընդհանուր առմամբ ք․ Երևանում դիտարկվել է կուսակցությունների կողմից կազմակերպված 19 հավաք։ Առավել քիչ թվով հավաքներ են կազմակերպվել հասարակական կազմակերպությունների կողմից (4 հավաք)։
Հավաքների թիվն ըստ մասնակիցների քանակի
Դիտարկված հավաքների ճնշող մեծամասնության դեպքում մասնակիցների քանակը չի գերազանցել 100-ը (146 հավաք)։ Առավել մեծ թվով մասնակիցներ են ներկա եղել սեպտեմբերի 11-ին Հայկական բնապահպանական ճակատի կողմից կազմակերպված երթին (մոտ 350 մասնակից)։ 100-ից ավելի մասնակից է ներկա եղել նաև ՀԲՃ-ի կողմից մեկ այլ՝ սեպտեմբերի 20-ին կազմակերպված երթին (մոտ 180 մասնակից), նոյեմբերի 7-ին՝ ՀՅԴ ՀԵՄ կողմից կազմակերպված հավաքին (մոտ 130 մասնակից), հունվարի 20-ին՝ մսավաճառությամբ և անասնաբուծությամբ զբաղվող քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքին (մոտ 180 մասնակից), փետրվարի 25-ին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցների կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի առջև կազմակերպված հավաքին (մոտ 130 մասնակից) և հունիսի 14-ին՝ Գ․ Ծառուկյանի աջակիցների կողմից անցկացված հավաքին։
Ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում տեղի են ունեցել 1000-ից ավելի մասնակից ունեցող հավաքներ, սակայն դրանք անմիջականորեն չեն դիտարկվել։
Հավաքների թիվն ըստ անցկացման ձևերի
Դիտարկված հավաքների գերակշիռ մեծամասնությունը անցկացվել է որոշակի վայրում (126 հավաք), 17-ի դեպքում տեղի է ունեցել նաև երթ, ևս 9-ը անցկացվել են միայն երթի միջոցով։ ՀՅԴ ՀԵՄ կողմից կազմակերպված հավաքներից մեկը անցկացվել է շուրջօրյա նստացույցի ձևով՝ նոյեմբերի 7-ից մինչև 22-ը։ Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված հավաքներից 8-ին զուգահեռ տեղի են ունեցել հակադարձ ուղղվածությամբ հավաքներ՝ կազմակերպված Ռ․ Քոչարյանի աջակիցների և ընդդիմախոսների կողմից (Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև):
Հավաքների թիվն ըստ անցկացման վայրերի
Առավել մեծ թվով հավաքներ են անցկացվել ՀՀ կառավարության նստավայրի (48 հավաք) և տարբեր դատարանների՝ հիմնականում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերի և ՀՀ Սահմանադրական դատարանի առջև (35 հավաք)։ Առավել քիչ թվով հավաքներ կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի (11 հավաք), ՀՀ Ազգային Ժողովի (8 հավաք) և ՀՀ նախագահի նստավայրերի առջև (5 հավաք)։
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկված մյուս հավաքները անցկացվել են դեսպանատների (ԱՄՆ, ՌԴ, Վրաստանի դեսպանատներ), միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների գրասենյակների (ԵԽ, ԵՄ ՄԱԿ), ՀՀ գլխավոր դատախազության, իրավապահ մարմինների վարչական շենքերի (ՀՀ ոստիկանություն, ԱԱԾ) առջև, ինչպես նաև այլ վայրերում:
Ոստիկանների թիվը հավաքների ընթացքում
Դիտարկված հավաքներից 7-ին ոստիկանության ծառայողներ ներկա չեն եղել։ Հավաքներից 44-ի դեպքում ոստիկանների թիվը չի գերազանցել 10-ը, իսկ 34-ի դեպքում՝ 30-ը։ Դիտարկված 31 հավաքների ընթացքում ոստիկանության ծառայողների քանակը եղել է 30-ից ավելի, սակայն 100-ից պակաս: Հավաքներից 11-ի դեպքում ոստիկանների թիվը անցել է 100-ից:
Առավել մեծ թվով՝ 300-ից ավելի ոստիկաններ են ներկա եղել հունիսի 14-ին Գ․ Ծառուկյանի աջակիցների կողմից անցկացվող հավաքի ընթացքում, 200-ից ավելի՝ ՀՅԴ ՀԵՄ կողմից դեկտեմբերի 3-ին կազմակերպված հավաքի և Ռ․ Քոչարյանի դատավարությանը զուգահեռ վերջիններիս աջակիցների և ընդդիմախոսների կողմից անցկացվող հավաքներից 4-ի ընթացքում։ Վերը նշված, ինչպես նաև 16 այլ հավաքների դեպքում ոստիկանության ծառայողների թիվը գերազանցել է մասնակիցների թվից։
Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումներ
Հաշվետու ժամանակահատվածում դիտարկվել են անցկացվող խաղաղ հավաքների նկատմամբ բազմաթիվ սահմանափակումներ և միջամտություններ։ Սահմանափակումները վերաբերել են որոշակի վայրերում հավաք անցկացնելը արգելելուն կամ սահմանափակելուն, վրանների կամ այլ առարկաների օգտագործմանը։ Մարտի 16-ին կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրությամբ սահմանվեց հավաքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու բացարձակ արգելք, որը ուժի մեջ է սույն զեկույցի պատրաստման ընթացքում։
Հուլիսի 19-ին Հայկական բնապահպանական ճակատի կողմից անցկացվող հավաքի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չտվեց հանրային քննարկում անցկացնել ՀՀ Ազգային Ժողովի այգում, որը նախկինում հայտարարվել էր քաղաքացիների առջև բաց, ինչպես նաև նախորդ ժամանակահատվածներում այդտեղ անցկացվել էին ավելի մարդաշատ հավաքներ (օրինակ՝ 2019 թ․ ապրիլի 8-ին)։
Հոկտեմբերի 1-ին, Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին զուգահեռ, որին մասնակցում էին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ և Իրանի Իսլամական հանրապետության նախագահը, մայրաքաղաքում կազմակերպվել էին մի շարք հավաքներ։ «Վետօ» նախաձեռնությունը հավաք էր անցկացնում Մատենադարանի առջև՝ նպատակ ունենալով երթով անցնել Բաղրամյան պողոտայով։ Ոստիկանությունը, հղում կատարելով հավաքների ազատության մասին օրենքի 19-րդ հոդվածին, թույլ չտվեց երթ անցկացնել Կենտրոն համայնքով։ Նշված հոդվածը վերաբերում է իրազեկմամբ անցկացվող հավաքներին, որի ուժով լիազոր մարմինը (համայնքի ղեկավարը) կարող է արգելել հավաքը, եթե այն անցկացվելու է ՀՀ նախագահի նստավայրից այնպիսի հեռավորության վրա, որը սպառնում է դրա բնականոն գործունեությանը։ Հարկ է նշել, որ նույն ժամանակահատվածում ՀՀ նախագահի նստավայրի առջևի մայթին անցկացվում էր մեկ այլ հավաք։
Հաշվետու ժամանակահատվածի ընթացքում դիտարկված սահմանափակումները վերաբերել են նաև հավաքի վայրում վրանների և այլ առարկաների օգտագործմանը։ Հոկտեմբերի 29-ին, Պարոնյան փողոցի` դեպի ՀՀ վարչապետի առանձնատուն տանող հատվածում, Եկմալյան փողոցի բնակիչների կողմից անցկացվում էր հավաք, որի մասնակիցները վրաններ էին տեղադրել։ Ոստիկանության ներկայացուցիչը պահանջեց հեռացնել վրանները, պնդելով, որ այն արգելված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, իսկ թույլտվություն անհրաժեշտ է ստանալ քաղաքապետարանից։ Հավաքի մասնակիցների թիվը չէր գերազանցում երկու տասնյակը, իսկ վերը նշված օրենսգրքով վրաններ կամ հավաքի վայրում այլ պարագաներ տեղադրելը ուղղակիորեն չի արգելվում։
Նոյեմբերի 7-ից ՀՅԴ ՀԵՄ կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության առջև կազմակերպված շուրջօրյա նստացույցի վայրում մասնակիցները տեղադրել էին փայտի վառարան, որը հեռացվեց ոստիկանության ծառայողների կողմից։ Այս դեպքում ոստիկանությունը հղում կատարեց ՀՀ հավաքների ազատության մասին օրենքով ինքնաբուխ հավաքներին վերաբերող կարգավորումներին, որոնցով, սակայն, այն տեղադրելը նույնպես չի արգելվում։ Հարկ է նշել, որ նախորդող ժամանակահատվածներում, օրինակ 2018 թ․ ապրիլ ամսին տեղի ունեցած հավաքների ընթացքում մասնակիցների կողմից նույնպես տեղադրվում էին վառարաններ։
Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կայացվել է հավաքի անցկացման վերաբերյալ ներկայացված իրազեկումը ի գիտություն ընդունելու որոշում՝ Գ. Վիրաբյանի կողմից հունիսի 15-ին Ազատության հրապարակում նախատեսված հավաքի վերաբերյալ: Իրազեկումն ի գիտություն ընդունելու որոշումը կայացնելու պահին գործող արտակարգ դրության ժամկետը դեռևս չէր երկարացվել (այն լրանալու էր հունիսի 13-ին), իսկ հավաքը նախատեսված էր անցկացնել նշված ժամկետից հետո: Որոշման մեջ հղում է արվել արտակարգ դրության պահանջները պահպանելու անհրաժեշտությանը, եթե այն երկարաձգվի, ինչպես նաև կիրառվել է նախատեսված երթի երթուղու սահմանափակում՝ ՀՀ կառավարության նստավայրի փոխարեն առաջարկելով երթն անցկացնել հարակից այգու տարածքով։ Նշված սահմանափակումը, փաստորեն, գործելու էր այն դեպքում, երբ արտակարգ դրությունը չերկարաձգվեր և դրանով վերացվեր հավաքների անցկացման արգելքը։ Նման սահմանափակում կիրառելը խիստ վիճահարույց է, քանի որ ըստ Հավաքների ազատության մասին օրենքի ՀՀ կառավարության առջև հավաքի անցկացման արգելք հնարավոր է միայն այն դեպքում և այնպիսի հեռավորության պարագայում, երբ հավաքը սպառնում է դրա բնականոն գործունեությանը, ինչը պետք է հիմնավորվի սահմանափակման որոշումն ընդունող մարմնի կողմից: Նշված դրույթը բազմիցս հանդիսացել է շահարկումների և իրավապահ մարմինների կողմից կամայական մեկնաբանության առարկա, իսկ ՀՀ կառավարության նստավայրի առջև հավաքներ անցկացվել են մշտապես։
Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներ
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով հանրապետության ողջ տարածքում մարտի 16-ին ՀՀ կառավարության կողմից N 298-Ն որոշմամբ հայտարարված արտակարգ դրությամբ, որը մինչև սույն զեկույցի հաշվետու ժամանակահատվածում երկարաձգվեց 3 անգամ, հավաքների և գործադուլների անցկացումը, կազմակերպումը և դրանց մասնակցելը շարունակում են մնալ արգելված: Այդուհանդերձ, հանրային միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են որոշակի մշակութային, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները արգելված չեն, եթե մասնակիցների քանակը չի գերազանցում 5-ը (մինչև մայիսի 14-ին կատարված փոփոխությունները՝ 20-ը):
Սահմանափակումների նման տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ։ Նախ և առաջ, հավաքների ազատության իրավունքը հանդիսանում է մարդու և քաղաքացու հիմնական ազատություններից և ամրագրված է մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր հիմնական միջազգային փաստաթղթերով, մինչդեռ չարգելված հանրային միջոցառումները փաստացի հանդիսանում են մարդու ազատ գործելու իրավունքի դրսևորում։ Համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով առկա են բազմաթիվ այլ, նվազ միջամտություն ունեցող տարբերակներ, օրինակ՝ հավաքների առավելագույն մասնակիցների քանակ կամ տևողությունը սահմանելը, արտակարգ դրության պայմաններում մինչև 100 մասնակից ունեցող հավաքների անցկացման համար իրազեկում ներկայացնելու պահանջ սահմանելը և այլն։ Այդուհանդերձ, սահմանելով հավաքների անցկացման բացարձակ արգելք, փաստացի ընտրվել է վերը նշված նպատակին հասնելու ամենախիստ միջոցը, ինչը անհրաժեշտ և համարժեք չէ և, հետևաբար, չի համապատասխանում համաչափության սահմանադրական սկզբունքին։ Ինչպես արդեն նշվել է, բացարձակ արգելքի պայմաններում այնուամենայնիվ տեղի են ունեցել բազմաթիվ հավաքներ, որոնց ընթացքում ոստիկանության վերաբերմունքը խիստ տարբերվել է՝ մի շարք դեպքերում ոստիկանությունը էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ (օրինակ՝ հունիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի առջև, մայիսի 20-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, մայիսի 24-ին ք․ Կապանում տեղի ունեցած հավաքները), մյուս դեպքերում դադարեցրել է 5-ից քիչ թվով մասնակից ունեցող հավաքները (օրինակ՝ ապրիլի 27-ին ՀՀ կառավարության նստավայրի առջև, հունիսի 4-ին Էրեբունի բիզնես պլազայի առջև անցկացվող հավաքները)։
Արտակարգ դրության ընթացքում դիտարկվել են ոստիկանության կողմից միանձնյա բողոքի ակցիա իրականացնող անձանց նկատմամբ միջամտություններ (օրինակ՝ ապրիլի 28-ին ՀՀ կառավարության առջև ակտիվիստ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու դեպքը, հունիսի 12-ին ԱԺ նստավայրի առջևից Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկելու դեպքը)։ Ոստիկանությունը հիմնավորում էր միջամտությունները արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ սահմանված հավաքների անցկացման արգելքով, ինչպես նաև լրագրողների ներկայությունը համարելով հանրային հավաքի դրսևորում, ըստ էության վերջիններիս ներառելով հավաքի մասնակիցների թվի մեջ։ Հաշվի առնելով այն, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի իմաստով հավաք չի համարվում մեկ անձի կողմից որոշակի վայրում իրականացվող միջոցառումը, ինչպես նաև, որ հավաքի լուսաբանման նպատակով ներկա գտնվող ԶԼՄ ներկայացուցիչները չեն համարվում հավաքի մասնակիցներ, ոստիկանության կողմից նման մոտեցումը իրավաչափ չէ և իրենից ներկայացնում է օրենքի կամայական մեկնաբանություն։
Հավաքի մասնակիցների բերման ենթարկման և ձերբակալության դեպքեր
Հավաքի մասնակիցների բերման ենթարկելու և վարչական ձերբակալությունների դեպքերը զգալիորեն ավելացել են համեմատած նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ։ Դիտարկված առաջին դեպքը տեղի ունեցավ Հայկական բնապահպանական ճակատի կողմից հուլիսի 6-ին Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում կազմակերպված դրամահավաքի ընթացքում, որի նպատակն էր միջոցներ հավաքագրել Ամուլսարի հանքի շահագործման դեմ անցկացվող քաղաքացիական գործողությունների ծախսերը հոգալու նպատակով։ Ոստիկանության ծառայողները դրամահավաք իրականացնողներից պահանջել են դրամահավաքի թույլտվությունը հավաստող փաստաթուղթ, այնուհետև խարդախության կասկածանքով բերման են ենթարկել մասնակիցներին։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ հուլիսի 19-ին կազմակերպված հավաքի ընթացքում նույնպես բերման ենթարկվեցին հավաքի մասնակիցներ։ Մինչ այդ, ոստիկանությունը թույլ չտվեց մասնակիցներին մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի այգի՝ քննարկում կազմակերպելու նպատակով, որից հետո վերջիններս փորձեցին արգելափակել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։
Հուլիսի 10-ին, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դ․ Տուսկի հանդիպմանը զուգահեռ, Ռ․ Քոչարյանի աջակիցների կողմից կազմակերպված հավաք-երթի ընթացքում բերման ենթարկվեցին երթի մի քանի մասնակիցներ, ինչպես նաև Թումանյան փողոցի վրա գտնվող ռեստորաններից մեկի աշխատակիցը, ում և մասնակիցներից մեկի միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել։
2019 թ․ ընթացքում դիտարկված հավաքներից առավել մեծ թվով մասնակիցներ են բերման ենթարկվել դեկտեմբերի 3-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության առջև ՀՅԴ ՀԵՄ կողմից կազմակերպված հավաքից (24 մասնակից): Մասնակիցները ցանկանում էին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ իրենց բողոքը և պահանջները ներկայացնելու համար։ Չկարողանալով հանդիպել նախարարին, մասնակիցները արգելափակեցին Վ․ Սարգսյան փողոցի երթևեկությունը։ Ոստիկանությունը, որի ծառայողների քանակը 4-5 անգամ գերազանցում էր մասնակիցների թվից, պահանջեց մասնակիցներից հեռանալ փողոցից, այնուհետև բերման ենթարկելով փաստացի դադարեցրեց հավաքը։ Ոստիկանությունը, ունենալով առավել նվազ միջամտությամբ փողոցի երթևեկությունը վերականգնելու հնարավորություն, ընտրեց առավել խիստ, հետևաբար՝ առավել անհամաչափ տարբերակը։
Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշման ընդունումից ի վեր բազմաթիվ հավաքների ընթացքում ոստիկանությունը դադարեցրել է բազմաթիվ հավաքներ՝ բերման ենթարկելով մասնակիցներին։ Առավել մեծ թվով անձինք են բերման ենթարկվել հունիսի 14-ին՝ Գ․ Ծառուկյանի աջակիցների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքի մոտ անցկացված հավաքի ընթացքում։ Ըստ ոստիկանության՝ 252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։ Նշված հավաքի, ինչպես նաև Գ․ Ծառուկյանի աջակիցների կողմից կազմակերպված այլ հավաքների ընթացքում դիտարկվել են ոստիկանության ծառայողների մեծաքանակ և խիտ կուտակումներ։ Հունիսի 16-ին՝ ԱԱԾ-ում անցկացվող Գ․ Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ վերջինիս աջակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի է ունեցել հրմշտոց, որի արդյունքում տուժել են հավաքի ընթացքը լուսաբանող լրագրողներ։ Նշված հավաքի ընթացքում ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ վարքագիծը խիստ դժգոհություն է առաջացրել բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ մոտ։
Հավաքների ազատության իրավունքի հետ կապված այլ խնդիրներ
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են տարբեր հավաքների մասնակիցների և կազմակերպիչների կողմից ատելության խոսքի բազմաթիվ դրսևորումներ, որոնք բոլորը պայմանավորված են եղել անձանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությամբ։ Նման հավաքներից են եղել «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի կողմից սեպտեմբերի 9-ից մինչև 29-ը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի գործունեությունը արգելելու պահանջով կազմակերպված հավաք-նստացույցը, սեպտեմբերի 24-ին Արման Ղուկասյանի կողմից «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» վավերացման դեմ կազմակերպված երթը, հոկտեմբերի 17-ին Նարեկ Սարգսյանի կողմից ԱԺ նստավայրի առջև ընդդեմ ԼԳԲՏ անձանց կազմակերպված հավաքը։
«Վետօ» նախաձեռնության կողմից սեպտեմբերի 9-ից մինչև 29-ը «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի գրասենյակի առջև իրականացված հավաք-նստացույցի ընթացքում մասնակիցները հնչեցրել են բազմաթիվ վիրավորական արտահայտություններ հիմնադրամի աշխատակիցների և գործընկեր իրավապաշտպանների, ինչպես նաև գրասենյակ այցելող այլ անձանց՝ այդ թվում հիմնադրամի հետ համագործակցող մի խումբ մանկավարժների հասցեին, այդ ամենը տեսանկարահանելով և հեռարձակելով նախաձեռնության ֆեյսբուքյան էջում և անտեսելով չնկարահանելու մասին պահանջները։ Նշված անձանց մեծ մասի (հիմնադրամի աշխատակիցներ, մանկավարժներ) գործունեությունը հանրային բնույթ չի կրել և նրանց համար փաստացի անհնար էր խուսափել տեսանկարահանումներից՝ հիմնադրամի գրասենյակ այցելելու ընթացքում։ Ոստիկանության ներկայացուցիչները հավաքի մասնակիցներին նստացույցի անցկացման առաջին օրերին կոչ են արել զերծ մնալ վիրավորական արտահայտություններից, սակայն հետագա ընթացքում չեն ցուցաբերել պատշաճ արձագանք։
Հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ գործերի քննություն
2015 թ․ հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքը դադարեցնելու ընթացքում ոստիկանության կողմից մասնակիցների և լրագրողների նկատմամբ գործադրված ոչ իրավաչափ գործողությունների և բռնությունների հետ կապված քրեական գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել։ Գործի շրջանակներում 2020 թ․ հունվարին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության գնդապետ Արման Ավագյանին՝ բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ վերջինս բռունցքներով հարվածներ է հասցրել հավաքի մասնակիցներից մեկին։
Նախաքննության փուլում է դեռևս գտնվում նաև 2016 թ․ հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը։ Նշված հավաքի ընթացքում ոստիկանության գործողությունները համակարգող, այդ ժամանակ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Լևոն Երանոսյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված միայն 2018 թ․ ապրիլի 16-ին և 22-ին անցկացվող հավաքների մասնակիցների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման համար՝ ծանրացնող հանգամանքներով պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով։ Այս գործը գտնվում է դատական քննության փուլում։
Եզրակացություն
2019 թ․ հուլիս – 2020 թ․ հունիսն ընկած ժամանակահատվածում հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները, ինչպես նաև հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերը էականորեն աճել են՝ համեմատած նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ։
Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումները մեծամասամբ կապված են եղել նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությամբ։ Հայտարարումից ի վեր արտակարգ դրության ռեժիմը յուրաքանչյուր ամիս երկարարաձգվել է՝ պահպանելով հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու բացարձակ արգելքը, մինչդեռ մինչև 5 մասնակից ունեցող մշակութային, ժամանցային, տոնական կամ հիշատակի միջոցառումները չեն սահմանափակվել։ Նման տարբերակված մոտեցումը հիմնավորված չէ, իսկ հանրության առողջությունը պաշտպանելու նպատակով հավաքների ազատության իրավունքի սահմանափակման պարագայում կարելի է ընտրել առավել նվազ միջամտությամբ սահմանափակումներ, օրինակ՝ սահմանելով հավաքների մասնակիցների առավելագույն քանակ, հավաքի տևողության առավելագույն ժամանակ, մասնակիցների՝ միմյանց միջև որոշակի հեռավորություն պահելու և այլ հակահամաճարակային վարքագծի կանոններ։ Նույն հիմնավորմամբ, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկած սահմանափակումները կարող են անցնել ՄԻԵԿ 15-րդ հոդվածի իմաստով՝ կոնվենցիայով ամրագրված պարտավորություններից շեղվելու շեմից։ Նման շեղումը պետք է պայմանավորված լինի բացառապես այնքանով, որքանով պահանջվում է դրության լրջությունը։
Ոստիկանության վարչարարությունը հավաքների ընթացքում շարունակում է կրել ոչ համաչափ բնույթ և դրսևորվել ոչ միատեսակ գործելաոճով։ Դիտարկված 152 հավաքներից 22-ի դեպքում ոստիկանների քանակը գերազանցել է մասնակիցների թվից։ Կախված բարձրացվող խնդրից, հավաքի կազմակերպչի հասարակական և քաղաքական դիրքորոշումից, ինչպես նաև հավաքի անցկացման նախատեսվող վայրից, ոստիկանության վերաբերմունքը և միջամտությունների խստությունը եղել է խիստ տարբերակված։ Արտակարգ դրության ընթացքում հավաքների անցկացման գործող արգելքը ոստիկանության կողմից կիրառվել է որպես միանձնյա ակցիաները դադարեցնելու հիմնավորում այն դեպքում, երբ օրենքի իմաստով նման ակցիաները չեն համարվում հավաք։ Ողջ աշխարհում ընթացող համաճարակի պայմաններում, հատկապես ընդդիմադիր խմբերի նկատմամբ խտրական մոտեցումները, սահմանափակումները որպես ընդդիմության նկատմամբ ճնշման միջոց օգտագործելու գործելաոճի խնդիրը բարձրաձայնվել և քննադատվել է նաև ՄԱԿ-ի խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի կողմից։
Ինչպես նախորդ հաշվետու ժամանակահատվածում, հավաքների ընթացքում օգտագործվող ատելության խոսքը շարունակում է մնալ էական խնդիր։ Հարկ է նշել, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորմամբ արգելվում է միայն ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու նպատակ ունեցող հավաքների անցկացումը, մինչդեռ այլ հատկանիշները, ինչպիսիք են անձի սեռը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը օրենքի իմաստով չեն պաշտպանվում։
Առաջարկություններ
Ոստիկանությանը
- Զերծ մնալ հավաքների ազատության իրավունքը կարգավորող իրավական ակտերի կամայական մեկնաբանություններից, ինչպես նաև հավաքների անցկացման սահմանափակումները չկիրառել միանձնյա ակցիաների նկատմամբ։
- Բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ՝ կախված հավաքի կազմակերպչից, բարձրացվող խնդիրներից և այլ նման հանգամանքներից։
- Մշտապես կատարելագործել հավաքների վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ բազմամարդ հավաքների ժամանակ գործունեության, հավաքի մասնակիցների հետ շփման և բանակցելու հմտությունները՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ միջազգային փորձին և մոտեցումներին համապատասխան։
- Իրենց իրավասության շրջանակներում աջակցել խաղաղ հավաքների ընթացքին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում հավաքները դադարեցնելուն ուղղված գործողություններ իրականացնելիս առաջնորդվել համաչափության սկզբունքով:
Դատախազությանը և հատուկ քննչական ծառայությանը
- Հետևել հավաքների մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնության, մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու կամ իրավապահ մարմինների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերին և յուրաքանչյուր դեպքի առիթով հարուցել համապատասխան վարույթ, բացահայտել խախտում կատարած բոլոր անձանց:
- Հետամուտ լինել 2015 թ․ հունիսին, 2016 թ․ հուլիսին և 2018 թ․ ապրիլին տեղի ունեցած հավաքների ընթացքում մասնակիցների և լրագրողների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունների և բռնությունների կիրառման դեպքերի առթիվ հարուցված գործերով քննությանը, ողջամիտ ժամկետում իրականացնել արդյունավետ և անկողմնակալ քննություն։
ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին
- Վերացնել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված հավաքների անցկացման, մասնակցության և կազմակերպման բացարձակ արգելքը։ Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության իրավունքի նկատմամբ կիրառել առավելագույնը այն սահմանափակումները, որոնք կիրառվում են հանրային միջոցառումների նկատմամբ։
- Մշակել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով 5-րդ և 19-րդ հոդվածներով հավաքների արգելված նպատակների համատեքստում պաշտպանվող հատկանիշները համալրելու վերաբերյալ փոփոխությունների նախագիծ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված պաշտպանվող հատկանիշներին համապտասխան։
Հայաստանի Հելսինկյան կոմիտե