Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան․ Համաշխարհային քաղաքակրթության հետ երկխոսության համար Հայաստանը պետք է ներուժ ունենա

Հուլիս 22,2020 16:16

«Կարծում եմ՝ այս փուլում մարդիկ առաջնորդվել են նրանով, որ սրանք հիմնական ուղենիշներն են, որոնցով մեր պետությունը պետք է գործի»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ընթացքում, անդրադառնալով ազգային անվտանգության ռազմավարությանը, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Նա կարծում է, որ դա գործնական ծրագիր ու հեռանկար է․ «Ես շատ մեծ ցավով նայեցի, որ կրթությանը և գիտությանը, ըստ էության, մեր պետությունը կարծես, թե երրորդական մի դեր է հատկացնում։ Այդ բառերը կան՝ կրթություն բառը կա և գիտություն բառը կա, բայց իմ զգացողությունը, և կարող եմ հղում անել տեքստին այնպիսին է, որ մեզ միջին գրագիտությունը ապահովող կրթություն է պետք՝ բացի ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, որոնք մեր երկրի զարգացման հիմնական ուղենշային ուղղությունն են։ Եվ գիտությունն էլ կարծեք, թե ինչ-որ շատ չեզոք մի բան է»։

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ ազգային կարևոր նպատակների մեջ պետք է երևա՝ մենք ունե՞նք համաշխարհային զարգացումների մեջ ներդնելու նպատակ․ «Իմ կարծիքով՝ շատ հայակենտրոն կոչվող այս փաստաթղթի մեջ նույնիսկ չի երևում, թե մենք հայագիտությանը, պայմանական տերմինով ասած, ի՞նչ կարևորություն ենք տալիս, կամ տալիս ենք արդյոք։ Նախորդ կառավարությունը թվարկել էր, չնայած՝ ոչինչ չի արվել»։

Ըստ նրա, համաշխարհային քաղաքակրթության հետ երկխոսության համար Հայաստանը պետք է ներուժ ունենա․ «Կա մաքուր տեսական գիտությունը, չենք զարգացնում, և չկա խոսք նաև մշակույթի զարգացման այնպիսի տեմպի մասին, որտեղ մենք կարողանանք փիլիսոփայական միտք գեներացնել և համաշխարհային քաղաքակրթության հետ երկխոսել, մշակութային միտք գեներացնել, արվեստ գեներացնել։ Սրանք դրված են անհատի ուսերին, ինչպես մինչև հիմա էր։ Մենք, այո՛, ունենք համաշխարհային մշակութային գանձարան անհատներով ներկայացված՝ լավ կատարվող երաժիշտներ, լավ երգահաններ, և այլն։ Բայց սրանք բոլորը չկան, մենք ո՞ր ոլորտում պետք է երկխոսենք։ Երկխոսությունը քաղաքակրթությունների հետ շատ լուրջ ներուժ է, շատ լուրջ հայտ է, բայց չի երևում, թե մեր փաստաթուղթը ունի՞ պատրաստակամություն այդտեղ աշխատանք անելու»։

Հրանուշ Խառատյանը նկատեց, որ միգուցե դա քողարկված է այն դրույթով, որ Հայաստանը ներկայացնում է ամբողջ Հայաստանի հայերին․ «Այսինքն՝ ամբողջ աշխարհում՝ տարբեր տեղեր, անհատ հայերը, որտեղ ներգրավված են, մեր պետությունը գուցե պետք է ներկայացնի նաև Հայաստան պետության նվաճումը։ Այստեղ ես մի ուրիշ խնդիր էլ ունեմ՝ եթե մենք ներկայացնում ենք ամբողջ աշխարհի հայությանը, ամբողջ աշխարհի հայության հետ մենք համաձայնեցրե՞լ ենք, նրանք ուզո՞ւմ ենք, որ մենք իրենց ներկայացնենք։ Եվ վերջապես շատ կարևոր է՝ ի՞նչն ենք ներկայացնում, եթե ռազմական մի բռնի խումբ է հանկարծ մի տեղ գործում, մենք դրա պատասխանատո՞ւն ենք։ Չէ՞ որ, եթե ներկայացնում ենք, մենք պատասխանատու ենք նաև իրենց գործողությունների համար, թե՞ մենք միայն ներկայացնում ենք նրանց նվաճումները»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031