Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում ավարտվեց դիմորդների հարցով քննարկումը. «Ոչ նախարար կար, ոչ փոխնախարար, լուծում էլ չառաջարկվեց»

Հուլիս 22,2020 16:01

Ինչպես հայտնել էինք, բուհական ընդունելության քննություններին մասնակցած եւ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԱԺ-ի դիմաց էին՝ բողոքելու ընդունելության քննությունների նոր կարգից, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին: Երեկ ԳԹԿ-ն պարզաբանել էր հարցը:

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խնդրի հետ կապված խորհրդարանում քննարկում է եղել, եւ երեք խմբակցությունների մտահոգությունը հետեւյալ հարցադրման մեջ է արտահայտվում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ ավելի ցածր միավորներ հավաքած դիմորդն ավելի բարձր հնարավորություններ ունի, քան բարձր միավորներ ստացածը:

«Փաստորեն, գիտելիքը ստորադասվում է այն թույլ հիմնավորմանը, թե դիմորդներն առաջին հայտով շատ հստակ որոշում են կայացրած եղել: Իմ պնդումն այն է, որ 16-17 տարեկան երեխան բավարար կողմնորոշում չունի իր մասնագիտության ընտրության հարցում, որպեսզի կարողանա առաջնահերթություններ դնել: Գուցե կկարողանա, չեմ բացառում եւ չեմ էլ փորձում երեխաների կամքը նսեմացնել: Ուղղակի պետք է հաշվի առնել, որ գնահատում ենք գիտելիքը, ուստի չպետք է ստորադասել գիտելիքն ու բարձր միավորներ հավաքած դիմորդներին: Նման պարագայում որոշում հնարավոր չէր կայացնել, քանի որ որոշում կայացնող մարմինը՝ ԿԳՄՍ-ն, փոխնախարարի կամ նախարարի մակարդակով ներկա չէր: Ներկա էր միայն վարչության պետը, ով ասում էր այն, ինչ լսում ենք վերջին օրերի մեկնաբանություններում»,-նշեց Աննա Կոստանյանը:

Նրա փոխանցմամբ՝ տարօրինակ է եւ անընդունելի, որ ԿԳՄՍ-ից նախարար կամ փոխնախարար չէր եկել հանդիպմանը, ավելին՝ լուծում էլ չի առաջարկվել:

Հիշեցնենք՝ 700-ից ավելի դիմորդներ չեն ընդունվել առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետներ եւ պահանջում են իրանց համար լրացուցիչ տեղեր սահմանել:

«Ծնողների առաջարկն այն է, որ այս երեխաներին առաջին կիսամյակում տրվի հնարավորություն ապացուցելու, որ իրենք արժանի են ուսանող լինել, իսկ եթե ոչ՝ կշարունակեն սովորել միայն բարձր առաջադիմություն ունեցողները»,-ասաց պատգամավորը:

Ծնողներն ու դիմորդները հայտարարեցին, որ ցույցը շարունակելու են ԿԳՄՍ-ի դիմաց այնքան ժամանակ, մինչեւ նախարար Արայիկ Հարությունյանը կհանդիպի իրենց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031