Ադրբեջանական կողմի երեկվա գործողություններին հայկական կողմը սպասում էր եւ այնպես չէ, որ մենք այդ մի գերին կարող էինք վերցնել կամ ոչնչացնել: Այսօր այս մասին, «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսում ասաց «Արծիվ մահապարտների միության» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ըստ բանախոսի, ադրբեջանական երեկվա ներթափանցման նպատակն էլ այն էր, որ ցույց տան, թե կարող են մեր դիրքերից որեւէ մեկն անաղմուկ վերցնել: Բայց թե կորպուսի, թե գնդի հրամանատարությունը վաղօրոք արձանագրել են բոլոր շարժերը: Կատարվածի շուրջ դեռ վերլուծություն է ընթանում եւ բանախոսի գնահատմամբ, գերիների հարցաքննությունները դեռ ցույց կտան, թե Ադրբեջանը որքան մարդկային ուժ եւ խոշոր ռեսուրսներ է կորցնում:
Աստվածատուր Պետրոսյանն այսօրվա իրադարձություններն արդեն պատմական դարձած իրադարձությունների ֆոնին է դիտարկում եւ ասում է, որ Հորադիզ կայարանը 1990-ականների պատերազմի ժամանակ հայկական կողմը գրավեց, ապա հանձնեցինք՝ դիվանագիտական դանդաղկոտության արդյունքում, մինչդեռ հնարավոր էր էլի խոշոր բնակավայրեր վերցնել: Իսկ այս պարագայում՝ հայկական ԶՈՒ-ի կողմից կարեւոր բարձունքը հայկական կողմի վերահսկողության տակ վերցնելու առնչությամբ, բանախոսը հիշեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի արած հայտարարությունը. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց»: Աստվածատուր Պետրոսյանի գնահատմամբ, դա միայն մարտի դաշտում եւ պատերազմով չէ, այլ որեւէ կետում այնպիսի գործողություններ ենք անում, որ այլ հատվածներում իրենք դաս են քաղում: Համեմատում է՝ ժամանակին Աղդամը վերցրեցինք՝ 48 գյուղով, նրանք էլ չհարձակվեցին:
Ադրբեջանցի գերին պատմել է, որ մոտակա ադրբեջանական գյուղերի բնակիչներին իշխանությունը թիրախ է դարձրել: Աստվածատուր Պետրոսյանը վստահեցնում է՝ հայկական կողմը ձեւը կգտնի խաղաղ բնակչությանը չվնասելովէ Ադրբեջանին բան հասկացնելու:
Առհասարակ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զինվորական միավորումը, թիկունքը եւ քաղպաշտպանությունը, բանախոսի կարծիքով, միասնական մեկ համակարգում պետք է դիտարկենք, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պետք է անընդհատության մեջ տեսնել:
Կարդացեք նաև
Ի դեպ, Աստվածատուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ Տավուշի սահմանային հատվածում ադրբեջանական ոտնձգություններից հետո, հազարավոր կամավորագրվածներ ունենք՝ 4300 հոգի ԵԿՄ-ից՝ 30 տոկոսով երիտասարդական կազմից են կամավորագրվել, 2500՝ այլ միավորումներից: Աստված մի արասցե՝ լայնածավալ գործողության դեպքում 11-24 ժամվա ընթացքում մենք կարող են հավաքել 300 հազար մոբիլիզացիոն ռեզերվ՝ լավ նախապատրաստված, այդ թվում նաեւ նոր տեխնոլոգիաներով աշխատող: Ունենք համակարգեր, որոնցով հնարավոր է ռեզերվային կառավարման շտաբից, որի տեղը հայտնի չէ, կառավարել սահմանային իրավիճակը՝ առանց սահման գնալու: Կարող ենք իրենց ԱԹՍ-ները անվնաս իջեցնել եւ մենք կառավարել: Մենք մեր ստեղծած համակարգերը կարող ենք աշխատեցնել, իրենց զենքը կարող է մնալ մետաղի ջարդոն՝ մինչեւ ՌԴ-ն իր էմբարգոն չհանի մարտագլխիկների օգտագործման համար:
Ըստ Աստվածատուր Պետրոսյանի, հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական կողմը անընդհատ բարձր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից ռմբակոծել է Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան, Բաղանիս, Վազաշեն բնակավայրերը: Սովորական փամփուշտներից կրակոցները հայկական կողմը չի հաշվել: Ապա հայկական կողմին հայտնի է դարձել, որ Աղդամից ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են նախատեսում: Տվյալ դեպքում, «ՈւԱԶ» մեքենայի անձնակազմը ամբողջովին սպայական է եղել եւ երկու հատուկ նշանակության ջոկատայիններ են եղել: Նրանք ընդամենը գիշերով հետախուզություն են կատարել՝ դիրքերը ճշտելու համար: Հայկական ԶՈՒ-ը անտառում մի դիրք ունեն՝ չորս կողմից անհրաժեշտ պաշտպանությամբ: Ադրբեջանական կողմը ցանկացել է շրջանցել այդ դիրքը եւ դուրս գալ հայկական ԶՈՒ-ի թիկունք, այդ պատճառով հայտնվել են 100-150 մետր հեռավորության վրա: Այսինքն, հարձակման ընթացքում ադրբեջանական սցենարը տապալվում է եւ կողմը որոշում է իր գործողությունները շարունակել ոչ թե ծածուկ, այլ հրետանու ներգրավմամբ, տանկերը նախապատրաստելով: Հայկական ԶՈՒ-ը շատ կարճ ժամկետում չեզոքացնում են վտանգը:
Նոր գրավված բարձունքը գտնվում է սահմանից ներս ընկած տարածքում՝ Չինարի եւ Մովսես գյուղերի արանքում: Այդտեղ մի ջրամբար էլ կա, որը խորհրդային տարիներին համատեղ օգտագործման է եղել: Գրավված բարձունքում ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ խորը դիտակետեր, հայկական բերդ-ամրոցի վրա ամրոց են կառուցել: Հեռահար զենքերի եւ մոտահար զենքերի կիրառմամբ, այդ բարձունքից տեսանելի են հայկական բնակավայրերի բոլոր տները, մանկապարտեզները, դպրոցները: Դիրքից վերահսկելի են եղել ոչ միայն հայկական զինվորական շարժերը, այլ ամբողջ ենթակառուցվածքը: Ցանկացած պահի իրենք կարող էին մեր գազի, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի գծերին հարվածել եւ զրկել 180 կմ տարածքով սահմանային բնակավայրերը ենթակառուցվածքներից: Աստվածատուր Պետրոսյանը նկատում է՝ Ադրբեջանը հայկական սահմանները միշտ էլ օգտագործել է՝ լարվածությամբ սոցիալ-տնտեսական զարգացում թույլ չտալու համար: Ամեն 20 կմ-ը մեկ իրենք կարող են փակել ճանապարհը: Իսկ բարձունքի գրավումը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցը: Վազաշենի, Ներքին Կարմիրաղբյուրի եւ մի քանի այլ բնակավայրերի ուղղությամբ ունենք վտանգավոր բարձունքներ, որոնք նույնպես անհրաժեշտ է չեզոքացնել՝ հայկական սահմանների անառիկությունն ապահովելու համար: Աստվածատուր Պետրոսյանի գնահատմամբ, Տավուշը Ադրբեջանի համար ավելի ձեռնտու կենսաապահովման խնդիրներ է լուծում: Եթե մենք Տավուշի ջրերը փակում ենք, իրենք ջուր չեն ունենում երեք շրջաններում՝ 200 հազարից ավելի բնակչությամբ:
Տավուշի մարզն ունի 32 սահմանապահ գյուղ, 300 կմ սահման Ադրբեջանի եւ 50 կմ սահման Վրաստանի հետ: Քաղպաշտպանական 21 խոշոր հենակետեր են ստեղծվել այս տարիների ընթացքում: Չինարի, Մովսեսի, Այգեձորի, Պառավաքարի, Այգեպարի, Արծվաքարի ետեւում երկրորդ գիծն է: Այդ տարածքները հայկական են դեռ Բագրատունիներից սկսած: Այժմ ադրբեջանական Թոուզի շրջանը 90 տոկոս հայերով է բնակեցված եղել: Գեներալը բացատրում է, որ Թոուզ հենց նշանակում է՝ Տավուշ: Իսկ Եղինջա եւ Եղիշա բնակավայրերի տեղում եղել է հայկական Խաղախաղ խոշոր քաղաք բերդ-ամրոցը՝ մոտավորապես 25 հազար բնակչությամբ, որը նոր ազատագրած բարձունքից 12 կմ հեռավորության վրա է գտնվում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ