«Առաջին հայտով դիմել եմ իրավագիտության համար, հավաքել եմ 15,75 բալ: Վերջին՝ 10-րդ հայտով ընդունվել եմ հնագիտության ֆակուլտետ»,-ասում է բուհական ընդունելության քննությունները հանձնած, սակայն առաջին հայտով լրացրած ֆակուլտետ չընդունված Հայկ Բաբալյանը:
Չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԱԺ-ի դիմաց էին՝ բողոքելու ընդունելության քննությունների նոր կարգից, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին: Երեկ ԳԹԿ-ն պարզաբանել էր հարցը:
«Նման մեծ փոփոխության դեպքում դիմորդներին պատշաճ են տեղեկացնում: Նախարարությունը երեք տողի մեջ թաքնված բառերի հետեւում է տեղեկացրել: Մեկը կհասկանա, մյուսը՝ ոչ: Այդպես չեն տեղեկացնում: Ասել են, որ գերակայությունը տրվելու է առաջին հայտին, բայց չեն ասել, որ եթե առաջին հայտով չընդունվես, 18 միավոր ստանալու դեպքում մյուս հայտերով էլ չես ընդունվելու»,-ԳԹԿ-ի պարզաբանման վերաբերյալ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայկը: Նրա խոսքով, պաշտոնական տվյալներով՝ 739 դիմորդ բավարար միավոր է ստացել, բայց չի ընդունվել:
Երիտասարդը նշեց, որ հնագիտության ֆակուլտետում սովորել չի պատրաստվում. «Մեզ տվել էին տասը հայտ լրացնելու հնարավորություն, չէ՞ որ ես լրացնում եմ այն ֆակուլտետները, որոնք առաջնահերթ ուզում եմ, իսկ վերջում՝ նրանք, որտեղ կսովորեի, եթե չընդունվեի: Իմ բալերը բավարարում են երկրորդ հայտի համար, բայց եթե իմանայի, որ իմ բալերը բավարարելու են միայն տասներորդ հայտի համար, չէի բողոքի»:
Կարդացեք նաև
Հայկի հայրը՝ Մասիս Բաբալյանն (լուսանկարում) էլ իր հերթին ասաց՝ եթե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արհամարհելու է 739 դիմորդների եւ նրանց ծնողների բողոքի ձայնը, ապա այսպես շարունակվել չի կարող:
«Լավ իմացեք: Եթե այսպես շարունակեք, մեր հաջորդ ցույցի ժամանակ ձեր հրաժարականն ենք պահանջելու: Դուք չեք նպաստում, որպեսզի մենք հասկանանք՝ դուք ընդունո՞ւմ եք, որ թյուրիմացություն է եղել, եւ խնդրին լուծում է պետք տալ: Դուք շատ անտարբեր եք: Պահանջում ենք, որ գաք ԱԺ եւ մասնակցեք քննարկումներին: Մեր առաջարկն է՝ հավելյալ տեղեր ավելացնել դիմորդների համար: Եթե չգա, կգնանք կսպասենք նախարարության դիմաց: ԿԳՄՍ-ից ներկայացուցիչ է եկել: Թող փոխնախարար Թամրազյանը գա, ով խնդրին տեղյակ է, բայց ոչ նախարար կա, ոչ փոխնախարար»,-հայտարարեց Բաբալյանը:
Հիշեցնենք՝ առաջին հայտով նախընտրելի ֆակուլտետ չընդունված դիմորդները պահանջում են, որպեսզի իրենց համար լրացուցիչ տեղեր բացվեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ