Լրահոս
Օրվա լրահոսը

Սովոր ենք մի ձեռքում ունենալ զենքը, մյուսում՝ գիրքը. կրթական գործունեություն՝ «պատերազմական» կանոններով. ԵՄՀ ռեկտոր

Հուլիս 22,2020 15:14

Եթե պատերազմում գործում է «ինչպես պատերազմում» կարգախոսը, ապա հանրապետությունում այսուհետ պետք է գործի «կրթություն պատերազմի դաշտում» պարտադիր պայմանը: Երբ կարկուտ է տեղում, ռազմական գործողություններ են ընթանում, մոտակայքում կամ մեր շուրջը վտանգի սպառնալիք ենք զգում, բնական կամ բնազդաբար (ինքնաբերաբար) ինքնապաշտպանական գործողությունների ենք դիմում: Նախազգացումային վարք դրսևորելով՝ խուսափում, չեզոքացնում կամ նվազագույնի ենք հասցնում վտանգի հետևանքները և շարունակում առավել ապահով պայմաններում մեր գործունեությունը:

Հարգելի՛ ընկերներ, այսօր հայտնվել ենք մի բացառիկ յուրահատուկ և անկանխատեսելի հետևանքներով հիվանդության տարածման դաշտում: Ի տարբերություն պատերազմների՝ այս թշնամին գործում է ոչ թե մարտի դաշտի հակառակ կողմում, այլ մեր կողքին է ու անտեսանելի, մեզ հետևում է՝ չթողնելով նույնիսկ գործելու միջանձնային հեռավորություն: Շնչելիս, ուտելիս, բարևելիս, աշխատելիս մենք հայտնվել ենք սպառնալիքի տակ: Անհրաժեշտություն է առաջացել, թեկուզ ժամանակավորապես, հարկադրաբար փոխելու մեր առօրյա մշակույթը, վարքը, միջանձնային հարաբերությունների բնույթը: Պարզ մարդկային՝ ազգային արժեքային ավանդական կանոններով պայմանավորված միջանձնային շփումները պետք է վերաիմաստավորել և վերափոխել ու սովորել գործել երկակիության դաշտում. ապահովել կրթական գործունեություն՝ մեր կողքին մշտապես զգալով մի անշունչ էակի գոյություն, որը վտանգում է մեր կյանքը:

Ելնելով այդ չարիքի անկանխատեսելի ընթացքից ու վտանգավորության աստիճանից՝ մենք դատապարտված ենք համագործակցել նրա հետ՝ առանց շփվելու, շրջանցելով վտանգները կամ խուսափել հնարավոր բացասական հետևանքներից: Այլ կերպ ասած՝ պետք է նախաձեռնենք և իրականացնենք կրթական գործունեություն՝ նոր բնույթի «պատերազմի» պայմաններում (ինչպիսի չարիքի, հավանաբար, մարդկությունն այսուհետ առավել հաճախակի կհանդիպի): Մենք չենք կարող դադարեցնել կրթական գործը. սովոր ենք մի ձեռքով ունենալ զենքը, մյուսում՝ գիրքը: Սա ազգային հատկանիշ է, պարտադրված գործունեություն՝ գոյատևման գործոն: Ուրեմն, պատրաստվենք լիարժեք, դեմ առ դեմ եղանակով սեպտեմբերի 1-ին սկսելու մեր բոլոր կրթական ծրագրերը` առանց ուսուցման ձևի և ժամանակացույցի որևէ փոփոխության (չի բացառվում միայն, որ առանձին դասընթացներ կկազմակերպվեն առցանց) :

Կրթությունը, նախ և առաջ, դաստիարակություն է, որն արտահայտվում է ամենաբազմազան հետևանքներով: Վարժարան և համալսարան հատկապես առաջին անգամ ոտք դրած սովորողին պարտադիր պետք է հանդիպել, զգալ նրա շնչառությունը, ճանաչել նրա անհատական հատկանիշները: Մեկ կրթական կառույցից կամ միջավայրից Եվրասիա միջազգային համալսարան տեղափոխված և վերջինիս նկատմամբ հավատ դրսևորած սովորողն ունի ընդգծված հավակնություններ` նոր կրթական ճանապարհ դուրս գալու կամ մոտիվացվելու կարիք: Այնպես որ, դեմ առ դեմ ուսուցումը մնում է որպես կրթական գործունեության ժամանակակից և ամենագլխավոր եղանակը, որին անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել հեռավար ուսուցման մեթոդները, որոնք միշտ էլ օգտագործվել են առկա ուսուցմանը զուգահեռ: Այս պահանջը հիմնավոր է նաև այն տեսակետից, որ համալսարանում և վարժարանում այսուհետ գործելու է անհատական հետագծով ուսուցման (ԱՀՈւ) եղանակը:

Մեր յուրաքանչյուր աշխատակցից՝ մուտքի հերթապահից մինչև օղակների պատասխանատու ղեկավարներ, պահանջվում է վերափոխվել, զգալ, որ գործում ենք նոր կրթական դաշտում, լինել յուրաքանչյուր սովորողի կողքին, նրա ցանկացած սխալ պահվածքի դեպքում անտարբեր չգտնվել, նպաստել արտակարգ իրավիճակում անխափան ուսումնառության ապահովմանը և ներհամալսարանական ու միջանձնային նոր մշակույթի ձևավորմանն ու ներդրմանը:

Յուրաքանչյուրս մեր անհատական վարքով պետք է բնականոն օրինակ հանդիսանանք սովորողների համար, ձևավորենք նոր մշակույթ.

միմյանց ողջագուրվելը, ձեռքով ողջունելը կամ գրկախառնվելը պետք է փոխարինենք միջանձնային հեռավորության վրա միմյանց ժպտալով՝ ձեռքը վերև բարձրացնելով՝ որպես հարգալից վերաբերմունքի դրսևորում կամ էլ բավարարվել բռունցքահպումներով,
միջանձնային հեռավորություն պահպանել ամենուրեք և հատկապես, հոսքային սպասարկում ունեցող ճաշարանում և ընդարձակ լսարաններում, սպորտ դահլիճներում, հանգստյան գոտիներում, ճեմասրահներում, լաբորատորիաներում, միջանցքներում` նրանցում կատարված գծանշումներին համապատասխան:
հետևել չարիքից զերծ մնալու սահմանված բոլոր կանոնների պահպանմանը, հարմարվել դիմակներով շփվելուն, ստեղծել լսարաններում ինքնամեկուսացման գոտի, սովորել աղտահանման համար պահանջվող բոլոր կանոնները` դրանք դարձնելով առօրյա կենսաձև,
քաղաքային տրանսպորտում պահպանել անձնական անվտանգության կանոնները, նկատի ունենալով, որ վտանգը ամենուրեք է, կան շատ դեպքեր, երբ վիրուսակիր հիվանդները իրենք էլ չգիտեն, թե որտեղ և ինչ պարագայում են վարակվել:

Սկսենք մեր բնականոն գիտակրթական գործունեությունը՝ մեր բոլորիս պատասխանատվությունը ընդունելով որպես երաշխիք: Պատասխանատվությունը ստանձնենք ըստ առանձին օղակների, կառույցների, ստորաբաժանումների: Մենք գործ ունենք դպրոցականի և ուսանողի հետ, պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունը:

Մենք նույնպես պետք է փոխվենք, եթե պատրաստակամ ենք, ուրեմն սկսենք նախապատրաստվել:

Սուրեն ՕՀԱՆՅԱՆ

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031