Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել». Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը Իսպանիայի ազգային ռադիոյին

Հուլիս 22,2020 14:15

Հուլիսի 17-ին Իսպանիայի ազգային ռադիոյի (Radio Nacional de España) միջազգային լուրերի թողարկման շրջանակներում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցի հայերեն թարգմանությունը։

Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հարցազրույցը Իսպանիայի ազգային ռադիոյի (Radio Nacional de España) միջազգային լուրերի թողարկման շրջանակներում

– Անցած կիրակի հայ-ադրբեջանական սահմանին գրանցվեցին նոր բախումներ, որոնք սկսելու համար Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին, որի զինվորները փորձել էին հատել սահմանագիծը: Ադրբեջանն էլ, ընդհակառակը, մեղադրում է Հայաստանին ադրբեջանական Թովուզի շրջանում դիրքեր գրավելու փորձի մեջ: Որո՞նք են Հայաստանի կառավարության մեկնաբանություններն այս նոր բախումների առնչությամբ, որոնք ամենածանրն էին 2016թ.-ից վեր:

– Հուլիսի 12-ից մինչ օրս Ադրբեջանը խախտում է 1994թ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ստորագրված հրադադարի ռեժիմը: Ռազմական գործողություններն սկսվել են ադրբեջանական բանակի՝ Տավուշի մարզի կողմից հայկական տարածք ներթափանցման փորձով, որտեղ նրանք գրոհել են Մովսես, Բերդ, Չինարի, Այգեպար և այլ գյուղերում մեր դիրքերի վրա: Ռազմական մեքենայով Տավուշում պետական սահմանը հատելու անհաջող փորձից հետո, որը հայկական բանակը կարողացել է կասեցնել, ադրբեջանական զինված ուժերը անցել են հրետանու կիրառման:

Հայկական տարածք ներխուժելու երկրորդ փորձից և կրկին հայկական զինված ուժերի կողմից հետ շպրտվելուց հետո, ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ: Համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկատվության, չնայած այդ բնակավայրին հասցված նյութական վնասներին, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: 2-3 ժամ կարճատև դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ ռմբակոծելով հայկական դիրքերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:

Ռազմական գործողությունները թեժացան ավելի ուշ: Ադրբեջանի զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ, 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ արձակեցին Չինարի և Բերդ գյուղերի ուղղությամբ: Գիշերը նկատվեց ադրբեջանական տանկերի տեղաշարժ, որը հայկական զինված ուժերը կարողացան կասեցնել:

Բախումներից և մի քանի ժամ տևած կարճատև հրադադարից օրեր անց՝ հուլիսի 16-ին, ադրբեջանական բանակը կրկին հարձակվեց Հայաստանի վրա։ Հրետակոծվեց Չինարին, որտեղ ավերվեց հրուշակեղենի խանութը, Այգեպարը, որտեղ հրետանային կրակից վնասվեց մանկապարտեզը, և Մովսեսը: Հայաստանը տեղեկացրել է, որ զոհեր չեն եղել և, ի պատասխան, հայկական ուժերը խոցել են ադրբեջանական տանկ և հրետանային մարտկոցներ: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ:

-1994թ. հակամարտության ավարտից ի վեր ԵԱՀԿ-ն փորձել է միջնորդական դերակատարություն ունենալ երկու կողմերի միջև: Ադրբեջանն ասում է, որ խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն գրավված տարածքների ազատագրմամբ: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս կապակցությամբ և ի՞նչ է Հայաստանը կարծում Ադրբեջանի պայմանների վերաբերյալ: Հայաստանը կողմնակի՞ց է միջազգային միջնորդությանը, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և բանակցություններում անջատողական տարածքի ներկայացուցիչների մասնակցությանը:

– Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման անքակտելի իրավունքի համար, մի իրավունքի, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում և միջազգային իրավունքի այլ հիմնարար փաստաթղթերում:

Արցախի ժողովուրդն ապացուցել է իր գոյության իրավունքը դարերի համառ պայքարի միջոցով: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: «Ադրբեջան» կոչվող նոր տարածքային կազմավորումը հայտնվել է Կովկասի քաղաքական քարտեզի վրա միայն Ռուսական կայսրության անկումից հետո՝ 1918թ.: Ուստի պնդումները, թե Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանին մինչև 1918թ., բացարձակ տեղին չեն, քանի որ մինչ այդ նման պետություն գոյություն չի ունեցել: Իսկ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքում ստեղծվել են երկու քաղաքական միավոր՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Պետություն ձևավորվելու իր երկրորդ փորձի ժամանակ Ադրբեջանը կրկին ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ռմբակոծելով խաղաղ բնակավայրերը՝ սպանելով և արտաքսելով հայերին: ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է հանդիսանում: Ցավոք սրտի, մինչ այսօր Ադրբեջանը մերժում է հակամարտության կարգավորման և վստահության մեխանիզմների վերաբերյալ ցանկացած առաջարկ:

Լարվածություն ստեղծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ Ադրբեջանը ոչ միայն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկիի եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում ամրագրված՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման պայմանավորվածությունները, այլև հրադադարի եռակողմ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերը:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի հանձնառությունը: Եվ շատ կարևոր է, որ բանակցություններին մասնակցեն նաև իր միջազգային ճանաչման համար պայքարող Արցախի Հանրապետության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները:

– Միջազգային հանրությունն իր մտահոգությունն է հայտնել բռնության աճի կապակցությամբ: Ռուսաստանը հակամարտող երկու կողմերին խաղաղության կոչ է արել, իսկ Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին: Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում՝ տարածաշրջանային կոնֆլիկտից խուսափելու համար: Ռուսաստանն առաջարկում է իր միջնորդությունը, սակայն Ադրբեջանը կընդունի՞ այն:

-Հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճը մտահոգում է տարածաշրջանի բոլոր երկրներին, որոնք վտանգ են տեսնում տարածաշրջանային կայունության համար:

ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մշտական խորհրդի հատուկ նիստ էր հրավիրել այս կապակցությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անընդունելի է համարում հետագա սրացումը, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը:

Վերջին ժամանակներս ադրբեջանական կողմը, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ կոչերին՝ խուսափելու սադրիչ գործողություններից և զերծ մնալու ագրեսիվ հռետորաբանությունից, նպաստելու հրադադարի ամրապնդմանը, շարունակում է ուժի կիրառման սպառնալիքները և սպառազինությունների մրցավազքը: Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակը հայտարարել է, որ «հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող ամենաժամանակակից հրթիռային համակարգերը թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը մեծ աղետի կհանգեցնի Հայաստանի համար»:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ներկայիս իրավիճակում Հայաստանը երբեք չի հայտարարել, որ կհարվածի քաղաքացիական ենթակառուցվածքներին՝ ներառյալ Մինգեչաուրի ջրամբարը: Բացի այդ, հայկական բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտները:

Առաջին անգամը չէ, երբ Ադրբեջանը նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը սպառնալի հայտարարություն արեց՝ ասելով, որ ադրբեջանական բանակի սպառազինություններում կան կործանարար ուժ ունեցող զինամթերքներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են ոչնչացնել հայկական կարևորագույն ռազմական օբյեկտները և ռազմավարական կապի միջոցները:

1987թ. ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսում ընդունվեց Ժնևի հռչակագիրը, որն ամրագրում է, որ պետական ահաբեկչություն է համարվում մի պետության ռազմական ուժերի զինված հարձակումն այն օբյեկտների վրա, որոնք վտանգի տակ են դնում այլ պետությունում ապրող քաղաքացիական բնակչությանը:

Այս սպառնալիքների շրջանակներում իրականացված բոլոր սադրիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունն իր երկրի լիակատար աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և արդարացրել է Բաքվի կողմից ուժի կիրառումը հայ-ադրբեջանական սահմանին: Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ՝ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել է այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը:

Հայաստանի կառավարությունը խստորեն դատապարտում է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Հարկ է նշել, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումներն արդեն դատապարտել են տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Ուրուգվայի, Արգենտինայի և այլ երկրների խորհրդարանականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031