Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով միջնորդվեց կրկնակի հարցաքննել Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին

Հուլիս 22,2020 14:10

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ այլք…) գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց լրացուցիչ հարցաքննության հրավիրել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին, քանի որ նրանց առնչվող երկու հարցեր դատաքննության եւ նախաքննության փուլում քննարկման առարկա չեն դարձել: «Իմ գնահատմամբ՝ դրանք կարեւոր են ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիրավորման հանգամանքները պարզելու տեսանկյունից: Օսիպյանն ու Եղիազարյանը նշել են, որ այցելել են Գագիկ Մկրտչյանին եւ դիտարկել նրա վիճակը, շփվել: Բայց մի կարեւոր հարց է դուրս մնացել՝ որեւէ եղանակով շփման ընթացքում արդյոք քննարկվե՞լ կամ պարզ դարձե՞լ է Մկրտչյանի՝ վնասվածք ստանալու եղանակը: Այս հարցը չի տրվել Օսիպյանին եւ Եղիազարյանին, իրենք էլ չեն խոսել այդ մասին: Նրանց հարցաքննությունները եղել են այն մասին, թե ինչ վիճակում էր Գագիկ Մկրտչյանը»:

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը հարցադրում արեց. «Որքան գիտեմ՝ Օսիպյանը Մոսկվայում է: Իսկ Վարդան Եղիազարյանը Հայաստանո՞ւմ է»:

Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց՝ Օսիպյանի եւ Եղիազարյանի հարցաքննությունների ժամանակ նրանց ուղղված հարցադրում է եղել՝ ուղիղ շփում ունեցե՞լ են տեսակցության ժամանակ Գագիկ Մկրտչյանի հետ, ասել են՝ ոչ. «Տեղին է վկայակոչել, որ պաշտպանը զրկված չէր նիստերին մասնակցելու եւ նրանց հարցեր հղելու հնարավորությունից, բայց դա իրավունք չի վերապահում անձանց նորից հրավիրելու դատարան: Մեր գնահատմամբ՝ միջնորդությունն անհիմն է»:

Տիգրան Եգորյանը չհամաձայնեց. «Օսիպյանի եւ Եղիազարյանի հարցաքննությունների ժամանակ ֆիքսվել է, որ Գագիկ Մկրտչյանի հետ շփում եղել է»: Մեղադրյալ Արմեն Բիլյանը նշեց. «Երբ Օսիպյանը եկավ դատարան հարցաքննվելու, ասաց, որ ինքը գնդից դուրս գալու հաջորդ օրն առավոտյան գնացել է Գագիկին տեսնելու, նա գիտակցության մեջ չի եղել: Նույնն ասել է նաեւ Վարդան Եղիազարյանը: Բայց հետո պարզվեց, որ Գագիկ Մկրտչյանը գիտակցության մեջ է եղել: Հիշեցնեմ Գագիկ Մկրտչյանի քրոջ ցուցմունքը. նա ասում էր՝ ինչո՞ւ որեւէ ոստիկան չեկավ նրա մոտ՝ այն դեպքում, երբ գիտակցության մեջ էր»:

Դատախազ Պետրոսյանը պնդեց՝ Օսիպյանը երբեք չի ասել, որ շփում է ունեցել Մկրտչյանի հետ, իսկ Եղիազարյանի ասածով՝ Մկրտչյանն աչքերով է հաղորդակցվել եւ ձեռքը սեղմել:

Դատարանը, քննելով միջնորդությունը, արձանագրեց. «Դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ անձանց ներկայությունն ապահովելու եւ հարցաքննվելու համար: Նշյալ հարցերը տրվել են Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին: Գուցե փոքր-ինչ այլ տեսանկյունից, բայց այդ հարցերը լուսաբանվել են: Նման գործընթացն անվերջ կարող է շարունակվել: Երկու տարուց ավելի դատաքննությունն ընթանում է, դուք էլ մասնակցում եք ութ ամիս, պարոն Եգորյան: Նույն տրամաբանությամբ մեկ այլ պաշտպան կարող է ասել, որ այս կամ այն վկային հարցեր ունի տալու: Միջնորդությունը մերժվում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031