Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ՍԴ-ում ճգնաժամ չէի համարի, իսկ խնդրահարույց իրավիճակը առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել են, որ պետք է մեկնեն արձակուրդ». Բադասյան

Հուլիս 22,2020 13:50

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների մասին նոր օրենքը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում այդ առնչությամբ հարցին, թե ի՞նչ քայլեր են սրան հաջորդելու՝ պատասխանեց, որ հաջորդող քայլեր չկան. «Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների համար ՍԴ-ի թեկնածուների առաջադրման համար, այդ երկամսյա ժամկետը հոսում է: Սահմանադրական մարմիները պետք է մոտ ապագայում սկսեն ներկայացնել արդեն թեկնածուներին: Իսկ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ կենսաթոշակի իրավունքները այն նախկին դատավորների, ովքեր արդեն չեն պաշտոնավարում, ապահովվի օրենքով սահմանված կարգով: Ինչպես նաեւ վերացվեց Սահմանադրության եւ ՍԴ-ի մասին օրենքում անհամապատասխանությունը»:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ իրական ճգնաժամը ՍԴ-ում հենց հիմա է, քանի որ չկան նիստեր, չկա քվորում, ՍԴ-ն որոշումներ չի կայացնում, հարցեր չի քննում, դատավորների մի մասն արձակուրդում է, այսպես 2 ամիս ձգվում է, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Նախ եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետեւ ՍԴ-ի երկու դատավոր գնացել են արձակուրդ: Այսինքն, արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում: Հետեւաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորների՝ արձակուրդ մեկնելու պատճառով: Երկրորդը՝ ձեր նշած ժամկետը համընկնում է նրա հետ, որ ամեն տարի այսպես ասած արձակուրդային ժամանակահատված է եղել ՍԴ-ում: Ոչ մի խնդիր չի առաջանա, վստահ եմ, որ առաջադրումերը շուտով կլինեն, ԱԺ-ն թեկնածուների մասով կուղարկի բարեվարքության ստուգման գործընթացն ապահովելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բավական շուտ ժամանակահատվածում, կարծում եմ, ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով: Ես ՍԴ-ում ճգնաժամ չէի համարի, իսկ խնդրահարույց իրավիճակը առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել են, որ պետք է մեկնեն արձակուրդ»:

Հարցին՝ մինչեւ այս օրենքի ստորագրելը Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը ՍԴ դատավորնե՞ր էին, թե՞ ոչ՝ նախարարը պատասխանեց. «Ոչ: Ես բազմիցս նշել եմ, որ սահմանադրական փոփոխությունների ուժով, որոնք տեղի են ունեցել, նրանց լիազորությունները դադարել են»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կառավարության թեկնածուների շարքում նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հարցը քննարկվո՞ւմ է՝ նախարարն ասաց, որ չի մեկնաբանի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031