2021 թվականի սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի Starmus VI գիտական, մշակութային երաժշտական փառատոնը, եւ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա նոր տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոն: STARMUS-ը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Այս փառատոնի խորհրդի անդամներն են տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, Queen ռոք խմբի անդամ Բրայան Մեյը, աշխարհահռչակ գիտնական Էմանուել Շարպանտյեն, երաժիշտ Փիթեր Գաբրիելը, գիտության ու արվեստի ոլորտների այլ հեղինակավոր ներկայացուցիչներ:
The Sun պարբերականը STARMUS փառատոնը անվանել է «ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը՝ «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»:
Հուլիսի 22-ին կայացած ՀՀ բարձրաստիճան անձանց և փառատոնի կազմակերպիչների մասնակցությամբ առցանց հանդիպման ընթացքում պաշտոնապես հայտարարվեց փառատոնի նախնական ծրագիրը և անցկացման ժամկետները:
Միջոցառման մասնակիցների թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն եւ Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, Starmus փառատոնի Խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, Starmus փառատոնի Խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը, Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը: Նրանք հույս հայտնեցին, որ COVID-19-ը չի խանգարի աշխարհահռչակ անձանց այցելել Հայաստան:
Կարդացեք նաև
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Իսրայելյանին նման փառատոնի՝ Հայաստանում անցկացնելու մտահղացմանն աջակցելու համար: Ի դեպ, հենց նախագահն էր 2019 թ. Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող STARMUS-ի V փառատոնի բացման ժամանակ առաջարկել, որ STARMUS VI փառատոնն անցկացվի Հայաստանում։
Արմեն Սարգսյանի խոսքով, Գարիկ Իսրայելյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ երկար քննարկումներ են ունեցել եւ հանգել եզրակացության, որ Starmus VI-ը ինչ-որ ձեւով պետք է տարբերվի. «Եթե երաժշտություն է, պետք է ներգրավենք ոչ միայն ռոք երաժշտությունը, այլեւ այսօրվա ժամանակակից եւ դասական երաժշտությունը, եթե գիտություն է, ապա գիտության տարբեր ոլորտները, որովհետեւ տիեզերաճանապարհորդությունը կամ աստղագիտությունն այսօր ընդգրկում է ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը եւ բոլոր ոլորտները, հետեւաբար շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մեկ տասնյակից ավելի Նոբելյան մրցանակակիրներ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլեւ կոգեւորեն հայաստանյան գիտնականներին ու մեր երիտասարդությանը»:
Նախագահը ընդգծեց, որ Հայաստանը կարող է հայտն ներկայացնել մինչեւ Մարս ծրագրերի մասնակցությանը, նաեւ հավելեց, որ ապագայում մեր երկրի զարգացումը սերտորեն կապված է լինելու նոր տեխնոլոգիաների հետ: Արմեն Սարգսյանը ցանկություն հայտնեց, որ հայաստանյան STARMUS-ը ոչ միայն երաժշտության, այլեւ տեխնոլոգիաների իմաստով կապված լինի արհեստական բանականության եւ գիտության այլ ուղղությունների հետ, քանի որ, նրա խոսքերով, չի կարող լինել տիեզերաճանապարհորդություն՝ առանց արհեստական բանականության, նոր գիտություն, նոր մշակույթ եւ երաժշտություն՝ առանց արհեստական բանականության: «Անգամ այսօրվա ռոք երաժշտությունն իր մեջ տեխնոլոգիա է պարունակում, իսկ ապագայում ավելին է լինելու»,-ասաց նախագահը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով, STARMUS փառատոնի անցկացումը Հայաստանում թույլ կտա զարկ տալ մի շարք ոլորտների զարգացմանը, շարք հետաքրքիր նախաձեռնությունների ի հայտ գալուն՝ հատկապես կրթական ու գիտական: Նա ասաց, որ հաշվի առնելով STARMUS-2021-ի կարեւորությունը՝ նախատեսվում է առանձնահատուկ համաժողովների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ միջոցառումներ:
Գարիկ Իսրայելյանի խոսքով, տեխնոլոգիան գիտությունից անջատել հնարավոր չէ, դրանք ոչ թե մեդալի երկու կողմերն են, այլ նույն մեդալը: Հավելեց, որ STARMUS-ում միշտ առկա է եղել հզոր տեխնոլոգիական կոմպոնենտ, բազմաթիվ դասախոսություններ՝ սկայփի ստեղծողների, Կասպերսկու եւ այլոց մասնակցությամբ: «STARMUS-ում միշտ ներկա են եղել նոր տեխնոլոգիաներ, եւ հատկապես տիեզերական տեխնոլոգիաների նոր դարաշրջան ենք սկսել, ու դրա դեմը ոչինչ առնել չի կարող: Մենք հույս ունենք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ նույնպես հետաքրքիր նախագծեր զարգացնել փառատոնի ընթացում»,-ասաց նա:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, նաեւ այլ երկրներում այնքան էլ մոդայիկ չէ: Նրա կարծիքով, ռոք երաժշտությունը միացումը գիտությանը եւ հատկապես աստղաֆիզիկային, շատ ավելի հրապուրիչ կդարձնի գիտությամբ զբաղվելը երիտասարդության համար: «Զբաղվել գիտությամբ՝ նշանակում է առաջին հերթին լինել առաջնորդ ու նորարար: Աշխարհը առաջ տանող ուժերը հիմա նորարական ուժերն են»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, եթե տասնհինգ-քսան տարի առաջ աշխարհը առաջ տանող ուժերն այլ էին, այժմ նավթագազային եւ այլ ուղղություններից կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել դեպի գիտատեխնոլոգիական ուղղություններ: Նա հայ երիտասարդներին կոչ արեց այսօրվանից մտածել, թե ինչ են անելու 2021 թվականի սեպտեմբերին, որպեսզի հնարավորինս առավելագույն արդյունքը քաղեն այս մեծ իրադարձությունից, որ գալիս է Հայաստան:
Խոսելով տիեզերական տեխնոլոգիաների մասին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ դա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ամենաարագանցիկ զարգացող ճյուղերից է, որն աշխարհում 200 միլիարդից ավել շրջանառություն ունի: Ընդգծեց, որ Տիեզերական գործունեության մասին օրենքի շրջանակներում հարկային արտոնությունների գոտի են տարել տիեզերական արդյունաբերությունը, եւ այժմ Հայաստանում տիեզերական արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ինժեներական ընկերությունները հարկային արտոնություններ ունեն: Նախարարի խոսքերով, հատկանշական է, որ օրինագիծն ընդունվել է այս տարի, եւ մյուս տարի, ընկերությունները, որոնք պիտի գան Հայաստան, հնարավորություն կունենան իրենց գործունեությունը ծավալել ավելի բարենպաստ պայմաններում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ