Իշխանությունները կարծում են, թե իրենց չի հաջողվում առկա իրավիճակը հաղթահարել, քանի որ իրենք իդեալական են աշխատում, սակայն հանրությունը պատշաճ չի կատարում պետության նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։
Իսկ հասարակության մի ստվար հատված այն կարծիքին է, թե իշխանություններն իրենց գործառույթներն իրավիճակին համահունչ չեն իրականացնում, իսկ առկա ձախողումների մեղքը փորձում են բարդել հասարակության, ընդդիմության և ում վրա ասես, մենակ իրենց սխալները չընդունեն։
Եվ, ըստ այդմ, իշխանություններն այնպիսի միֆ են կառուցել, թե իրենք միշտ ժողովրդի վստահությունն ունեն, հետևաբար իրենց կողմից առաջ քաշվող նախաձեռնությունները բխում են միայն ժողովրդի շահերից։ Իսկ ովքեր քննադատում են իշխանությունների ծրագրերը, ապա նրանք ժողովրդի դեմ են հանդես գալիս։
Սակայն ընդդիմությունը բարձրաձայնում է առկա խնդիրները, որոնց վրա իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն, բայց իշխող ուժը դրան ի պատասխան հանրության շրջանում ատելություն է գեներացնում ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց պիտակավորելով՝ «թալանչիներ», «դավաճաններ», «ծախվածներ», ովքեր չեն ցանկանում, որ իշխանությունները հաջողություններ արձանագրեն։
Դրանից էլ սկսվում է ներքաղաքական դաշտի պղտորումը, խորանում է «սևերի ու սպիտակների» բաժանումը, քաղաքական դաշտը վերածվում է փոխադարձ մեղադրանքների հարթակի, բայց մեծ հաշվով պետության համար դրանից ոչ մի օգտակար արդյունք չի լինում։
Եթե իշխանությունները ցանկանում են ցույց տալ իրենց արդյունավետությունը, ապա պետք է աշխատեն կուտակված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, զարգացնեն տնտեսությունը, զարկ տան հավասարակշռված արտաքին ու ներքին քաղաքականությանը, ինչը կնշանակի, որ քննադատությունները գործնական առումով տեղ են հասնում, այլ ոչ թե ամեն մի հարց պրիմիտիվացվում է՝ հասնելով լուտանքներ տեղալու մակարդակի։
Միայն այսպիսի իրավիճակում հնարավոր կլինի ընդդիմության և իշխանության համար գործակցության ընդհանուր եզրեր գտնել, իսկ դա էլ իր հերթին ազդեցություն կունենա հասարակական մթնոլորտի փոփոխության վրա և միասնականության համար նախադրյալներ կստեղծի։
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: