2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ այլք…) գործով հերթական դատական նիստում այսօր հարցաքննվեց գործի անջատ մասերից մեկով ամբաստանյալ Արամ Մանուկյանը՝ Պավլիկ Մանուկյանի որդին:
Մեղադրյալների պաշտպաններից Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց.
-Երբ դուք վիրավորվեցիք, գիտակցության մե՞ջ էիք:
-Այո:
Կարդացեք նաև
-Համաձայն եղե՞լ եք, որ ձեզ պատգարակով տեղափոխեն գնդի տարածքից: Ասե՞լ եք՝ մի տարեք, թողեք, մի արեք:
-Չեմ էլ մտածել դրա մասին…
-Դուք որեւէ մեկին արգելե՞լ եք ձեզ տեղափոխել:
-Նորից եմ ասում՝ իմ ուշքն ու միտքն ուրիշ տեղում էին:
-Հասկացա, եղե՞լ է դեպք, որ արգելեք որեւէ մեկին:
-Ոչ:
-Չեք ասե՞լ՝ մի արա, մի հանի ինձ գնդի տարածքից դուրս:
-Ոչ:
-Որեւէ մեկի մոտ պատանդ պահելու դիտավորություն եղե՞լ է:
-Ոչ: Իմ մոտ չի եղել: Իսկ հետագայում իրավիճակն է թելադրել գործողությունները:
Այս գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը, որը մեղադրվում է ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար, հարցրեց.
-Ես Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ կապ ունե՞մ, թե՞ ոչ:
-Գագիկ Մկրտչյանի վիրավորման հետ դու կապ չունես: Դու այդ պահին այդտեղ չէիր, իսկ թե որքան ժամանակ անց ես եկել, չեմ կարող ասել:
Գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ հետաքրքրվեց՝ ի՞նչ կարող է ասել իր հոր՝ Պավլիկ Մանուկյանի այն ցուցմունքի մասին, որը վերաբերում էր Գագիկ Մկրտչյանի վիրավորվելու հանգամանքին: Հիշեցնենք՝ Մանուկյանը պնդել էր, որ իրականում ոստիկան Գագիկ Մկրտչյանը վիրավորվել էր խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանի պատահական կրակոցից, իսկ հետագայում՝ մահացել արյան վարակից: Արամ Մանուկյանը պատասխանեց. «Եթե հայրս ցուցմունք է տվել, իրենից հարցրեք»: Դատախազը հարցրեք՝ «Դուք տեսե՞լ եք դա»: Մանուկյանն արձագանքեց. «Դա Բիլյան Արմենը չի արել: Ով որ արել է այդ հրազենային վնասվածքը, թող իր մեջ այդքան տղամարդկություն գտնի, հելնի ասի, որ արել է: Որքան հիշում եմ՝ մենք բոլորս գունդ էինք գնացել արդարության համար: Թող հելնի այդ արդարությունը պաշտպանի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ