Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի սուպերնախարարությունը տեւական ժամանակ է՝ փորձագիտական խմբեր է ձեւավորել, որոնք զբաղվում էին հանրակրթության պետական չափորոշիչների մշակմամբ։ Մեզ ասացին, որ չափորոշիչների խմբերում նաեւ հայտնի «Այբ» դպրոցից կան ներգրավված ուսուցիչներ։
ԿԳՄՍ նախարարությունից մեր հարցին ի պատասխան հաստատեցին սա։ Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ դեռ երկու տարի առաջ նորանշանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընկել էր «Այբ» կրթական հիմնադրամի հետեւից, որի կազմում գործում է «Այբ» դպրոցը։ Հարությունյանը դեռ 2018-ին հայտարարել էր, որ «էլիտար» դպրոցներին ԿԳ նախարարությունը չի աջակցելու, հարյուրավոր միլիոն դրամների գումարներ տերմեսրոպներին չեն գնալու։ Խոսքն «Այբ»-ի մշակած «Արարատյան բակալավրիատի» կամ կրթության գերազանցության ծրագրի մասին էր, ինչին, ի դեպ, արդարացիորեն շատերն էին դեմ, որովհետեւ անհասկանալի եւ բյուջեից միլիարդների հասնող միջոցներ մսխող ծրագիր էր։
Ու հիմա հանկարծ իմանում ենք, որ նույն այդ «Այբ» դպրոցի մասնագետները, որոնց ժամանակին նախարարը համարում էր բյուջեից փող ուտողներ, մասնակցել են հանրակրթության պետական չափորոշիչների մշակմանը։ Իհարկե, սա չի նշանակում, որ պետք էր անտեսել «Այբ»-ի ուսուցիչների պրոֆեսիոնալ հատկանիշները եւ նրանց դուրս թողնել ամեն ինչից։ Բայց նաեւ տարակուսանք է հարուցում նախարարության պահվածքը․ մի կողմից՝ դեմ են արտահայտվում «Այբ»-ի մշակած գերազանցության ծրագրին, մյուս կողմից՝ «Այբ»-ից մարդ են հրավիրում, որ հանրակրթության չափորոշիչները մշակեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: