Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե երկու-երեք քննություն հանձնեին, դուրս մնացողներն ավելի շատ էին լինելու. Սերոբ Խաչատրյան. «Ժամանակ»

Հուլիս 22,2020 12:55

Այն, որ մեկ միասնական քննությունով բուհեր ընդունվելը կարող է խնդրահարույց լինել, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կանխատեսել էր դեռ  ամիսներ առաջ, երբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ընդունելության քննությունների անցկացման նոր կարգի մասին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ոլորտի մասնագետը ավելի վաղ նշել էր, որ լինելու են ուսանողներ, ովքեր հավաքելով 18, 19 կամ 20 միավոր՝ հնարավոր է դուրս մնան բուհից։ Այսօր արդեն այդ խնդրի առաջ կանգնել են դիմորդները, ովքեր բողոքի ցույց են անում ԳԹԿ-ի շենքի մոտ։

«Ես ասում էի, որ նման բան լինելու է։ Իրականում այստեղ շատ բարդ իրավիճակ է։ Գուցե լավագույն տարբերակը կլիներ այն, որ դիմորդները մեկ թեստով հանձնեին մի քանի առարկա, բայց այդ դեպքում էլ դժգոհություն կլիներ, որ իրենք այդ ձևով սովոր չեն հանձնել։ Դրա համար նախարարությունը գնաց այս տարբերակին, որը դիմորդների մեծ մասի համար շատ լավ էր, մյուսների համար՝ ոչ։ Եթե երկու-երեք քննություն հանձնեին, դուրս մնացողներն ավելի շատ էին լինելու։ Այս համակարգը լավ էր այն դիմորդների համար, որոնք մեկ առարկայից քիչ թե շատ պատրաստված էին ու ընդունվեցին։ Իրականում այս քննությունների արդյունքներից ուրախացածներն ավելի շատ են»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը հիմնականում մրցակցային կամ, այսպես կոչված, էլիտար և մեծ պահանջարկ վայելող ֆակուլտետների մեջ է, ինչպիսիք են ԵՊՀ իրավագիտությունը, միջազգային հարաբերությունները, Բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը կամ Բրյուսովի անգլիականը և այլն։ «Դրանք այն ֆակուլտետներն են, որտեղ մրցույթը սովորաբար մեծ է լինում։ Եվ եթե ընդամենը մեկ առարկա է, պատկերացրեք, թե ինչ մրցակցություն կարող է լինել։ Օրինակ՝ մարդը 20 միավոր է հավաքել ու չի ընդունվել ԵՊՀ հանրային կառավարման անվճար բաժինը։ Երեք դիմորդ 20 միավորով չի ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը։ Մարդը հավաքել է առավելագույն միավորը։ Էլ ի՞նչ եք ուզում դրանից առավել։ Իրավագիտության ֆակուլտետում ավելի ծանր վիճակ է։ Այստեղ 44 հոգի 20 միավորով ընդունվել է վճարովի։ 19 միավորից պակաս՝ 18,75  հավաքած դիմորդը չի ընդունվել իրավաբանական  ֆակուլտետ։ Սա, իհարկե, այս համակարգի ամենախոցելի կետն էր, ու սպասվում էր, որ մեկ քննության դեպքում այդ նույն ֆակուլտետներում լինելու է դաժան մրցակցություն»,- ներկայացրեց Սերոբ Խաչատրյանը։

Այսօր բողոքի ցույց անող ծնողներից մեկն առաջարկում էր նախարարությանը դիմել կառավարություն, բուհեր ու տեղեր ավելացնել, որպեսզի իրենց բարձր միավորներ ստացած երեխաները ընդունվեն վճարովի, սովորեն։ Ըստ ծնողի՝ դա և՛ բուհին է ձեռնտու լինելու, և՛ իրենց։ Այս հարցով Սերոբ Խաչատրյանը նշեց. «Օրինակ՝ 16 միավոր հավաքածներին որոշում են ընդունել, բա այդ դեպքում 15 միավոր հավաքողները կարող է ասեն՝ բա մեզ էլ ընդունեք։ Դա կարող է շղթայական գնալ։ Եվ հետո, հնարավոր է համալսարանը չունենա այդքան լսարանային ռեսուրս։ Դա շատ կարևոր որոշում է։ Մեկին եթե ընդունես, մյուսն էլ է ասելու՝ ինձ էլ ընդունիր։ Ու այդպես 100-150 հոգու ընունելու հարց է առաջանում»,- նշեց մասնագետը։

Խոսելով 20 միավոր հավաքած և վճարովի ընդունված դիմորդների մասին՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով՝ ճիշտ կլիներ այդ դիմորդներին պետպատվերի շրջանակում հնարավորություն տրվեր գոնե 50 տոկոս զեղչով սովորել. «Գիտեք, անարդար է, երբ հավաքում ես մաքսիմալ, ու պետությունը 100 տոկոս վարձ է ուզում»։

Սերոբ Խաչատրյանը շեշտեց նաև մեկ կարևոր հարց, որը վերաբերում է տղա դիմորդներին։ «Եթե տղա դիմորդը 18,5 հավաքել է, չի ընդունվել, նա պետք է բանակ գնա, երեխան արդեն երկրորդ շանս չունի ընդունվելու։ Ու պարզ էլ չէ՝ բանակից գալուց հետո կուզենա՞ դիմել, սովորել, թե՞ ոչ։ Շատ նուրբ պահեր կան։ Սա այն գինն է, որ կորոնավիրուսի դիմաց վճարում ենք»,- մտահոգություն հայտնեց ոլորտի մասնագետը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031