Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքան էլ իշխանությունը ցանկություն չունենա ցույց տալ իրական պատկերը, գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալների անկումն անգամ վիճակագրությամբ է անկներև լինելու. «Փաստ»

Հուլիս 22,2020 12:36

Այն երևույթները, զարգացման այն խնդիրները, որոնք մենք ունեինք մինչև համավարակը և որոնք ավելացան ու խորացան արդեն համավարակից հետո, չէին կարող անմասն թողնել նաև մակրոտնտեսական հատվածը՝ բացասական զարգացումների իմաստով: Այս կարծիքին է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական անկման տեմպերին, խոսել գազի նոր սակագնի հետևանքների, ինչպես նաև գյուղմթերքի բարձր գների մասին:

«2020թ. առաջին հինգ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշի 3-4 տոկոս անկում ունենք: Այս ֆոնին երկրորդ շատ մտահոգիչ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ կրճատված արտահանումն է: Միայն ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն ավելի քան 30 տոկոսով կրճատվել է: Կրճատվել են նաև ներմուծումը, ներքին առևտրի ծավալները, և բնական է, որ տնտեսական անկման այս պայմաններում կրճատվել են նաև պետական բյուջեի հարկային մուտքերը: Նախօրեին հրապարակվեց, որ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ այս տարվա վեց ամիսներին խոշոր հարկատուները 18,3 մլրդ դրամով ավելի պակաս են հարկ վճարել: Բայց այստեղ էլ անհամաչափություն կա: Տեսեք՝ վեց ամսվա տվյալներով՝ բյուջեի եկամուտների ընդհանուր կրճատումը փաստացի շուրջ 30 մլրդ է, բայց այդ 30 միլիարդից հարկերը քիչ վճարելու մեծ մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուներինն է: Այսինքն, 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելի բարձր տեմպով են կրճատվել, քան փոքր բիզնեսինը. վերջիններս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 մլրդ-ով քիչ հարկ են վճարել, մինչդեռ խոշոր հարկատուների դեպքում այդ ցուցանիշը 18,3 մլրդ է: Սա մտահոգիչ անհավասարակշռություն է, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ փոքր բիզնեսի հարկային բեռն ավելի է ծանրացել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Հաշվի առնելով համաճարակը և դրա հետևանքները չեզոքացնելուն ուղղված պետական բյուջեի ծախսերը՝ մեր զրուցակիցը հավելեց.

«Որպես մակրոտնտեսական ցուցանիշ, պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի հարաբերակցության խզումը խորանում է: Բյուջեի դեֆիցիտը մեծանում է, ինչը նաև արտաքին պարտքի բեռի ավելացում է ենթադրում: Ի դեպ, արդեն իսկ որոշ ուղղություններով պարտք ենք ներգրավել: Այս բոլոր խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն ունեն նաև սոցիալական ոլորտի վրա. կրճատվում են նաև օտարերկրյա ուղղակի ներդրումները, գործազուրկների թիվը ևս ավելանում է: Մյուս կողմից՝ մի նոր երևույթ էլ կա՝ առաջացել է չվճարվող հարկադիր պարապուրդում գտնվողների բանակ, և կա վտանգ, որ այդ մարդիկ հաջորդիվ պարզապես գործազուրկ են դառնալու»:

Նա մատնանշեց սպառման ընդհանուր կրճատման խնդրի մասին, ինչը, ըստ տնտեսագետի, հենց վերոնշյալում թվարկված մակրոտնտեսական ցուցանիշների հետևանքն է. «Առաջին անհրաժեշտության ապրանքների գծով պահանջարկի կրճատումը պայմանավորված է համավարակով, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ ուղղակի կորցրեցին իրենց աշխատանքը, կան մարդիկ, որոնք թեպետ ֆորմալ առումով դեռ աշխատող են համարվում, բայց գտնվում են չվճարվող հարկային պարապուրդում:

Ընդհանուր առմամբ, պահանջարկի կրճատումը շատ մտահոգիչ է, որովհետև այն հակառակ մուլտիպլիկատիվ էֆեկտով ազդելու է նաև առաջարկի վրա: Մեծ հաշվով, մենք մտնում ենք մի շղթայի մեջ, որտեղ կրճատված սպառումը արտադրության առաջիկա կրճատում է ենթադրում: Այս երևույթը բերելու է նաև առևտրի ծավալների կրճատման, ինչն արդեն արտահայտվում է վիճակագրությամբ»:

Հաշվի առնելով նաև գյուղմթերք արտադրողների ու տնային տնտեսությունների համախառն եկամտի կրճատումը՝ Թ. Ավետիսյանը հավելեց. «Կան խնդիրներ, որոնց շուրջ պատասխանատու մարմիններն ավելի շուտ պետք է մտածեին:

Բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ գյուղոլորտի աջակցության ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բնույթ ունեն, և դրանք պետք է լինեն արդյունավետ, համարժեք, որ մարդիկ իրենց աշխատանքով կարողանան ստեղծել այնքան արդյունք, որով հնարավոր կլինի տարվա ընթացքում գոնե նվազագույն կենսապահովումն ունենալ: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Որքան էլ իշխանությունը ցանկություն չունենա ցույց տալ իրական պատկերը, այդուհանդերձ, գյուղատնտեսության ոլորտի արտադրության ծավալների անկումն անգամ վիճակագրությամբ է անկներև լինելու»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031