Լրահոս
Օրվա լրահոսը

Առանցքային փոփոխություններ են սպասվում «եկեղեցի-պետություն» գլուխներում. եթե մի երկրում Սահմանադրությունը խախտվում է ամեն օր, ի՞նչ իմաստ ունեն սահմանադրական փոփոխությունները. «Հրապարակ»

Հուլիս 22,2020 12:08

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը ձեւավորվել է այս տարվա փետրվարին եւ շաբաթը մեկանգամյա ռեժիմով փակ նիստեր է հրավիրում, հուլիսի 14-ից սկսել է նաեւ հանրային քննարկումներ, որոնք նույն պարբերականությամբ են հրավիրվելու։ Հայտարարում են, որ մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա։ Հայեցակարգը դեռեւս պատրաստ չէ, եւ սահմանված ժամանակացույցով այն կներկայացվի հոկտեմբերին, սակայն հանձնաժողովը որոշել է երկու ամիս շուտ սկսել հանրային քննարկումները, քանի որ, կորոնավիրուսով պայմանավորված, նիստերը կլինեն հեռակա եւ, բնականաբար, նախատեսվածից ավելի երկար ժամանակ կպահանջեն։ Այսպիսով՝ իշխանությունը փորձելու է հրամցնել, թե բաց է ու թափանցիկ, հանրությունից թաքցնելու ոչինչ չունի, եւ որ այդ քննարկումների արդյունքում է ծնվելու բարեփոխումների հայեցակարգը։ Մինչդեռ, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, իրական տեքստն ու «կլյուչեւոյ» փոփոխությունների փաթեթը մշակվում է բոլորովին այլ տեղում՝ սորոսական հայտնի ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն ընդամենը «ֆասադն» է՝ լեգիտիմացնող կառույցը։

Եվ այսպես․ առանցքային փոփոխություններ են սպասվում հատկապես «եկեղեցի-պետություն» գլուխներում։ Քննարկվում է կառավարման մոդելը «ծյունինգ» անելու տարբերակը՝ «սուպերվարչապետական» համակարգը փոքր-ինչ թոթափելու,  «կայուն մեծամասնության» մասին խնդրահարույց դրույթից ազատվելու եւ այլ դրույթներ, ինչպես նաեւ սահմանադրական ու վճռաբեկ դատարանների միավորման եւ ԱՄՆ-ի օրինակով Գերագույն դատարան ստեղծելու տարբերակը։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, սակայն երեկ պարզեցինք, որ ԲՀԿ քվոտայով հանձնաժողովի անդամ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բոյկոտում է մասնագիտական հանձնաժողովի նիստերը եւ հետագայում էլ չի պատրաստվում մասնակցել գործընթացին։ «Ես չեմ պատրաստվում մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ Դանիել Իոաննիսյանը որոշող է հանդիսանում։ Մի մարդ, որ իրավագիտության այբուբենին չի տիրապետում, բայց էս երկրի համար սահմանադրություն է գրում՝ դժբախտություն է։ Իսկ ես աշխատում եմ դժբախտություններին չմասնակցել»,- բացատրեց Պետրոսյանը։

Հայաստանում այս պահին Սահմանադրությունը չի գործում, ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ գործում է մեկ անձից կառավարվող համակարգ․ «Եթե մի երկրում Սահմանադրությունն անիմաստ է, ամեն օր խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքները՝ ազատ կարծիք հայտնելու, ազատ տեղաշարժի մարդու իրավունքը եւ առողջության պահպանման իրավունքը, ապա անիմաստ են նաեւ սահմանադրական փոփոխությունները։ Եթե մի երկրի Սահմանադրության երրորդ հոդվածում ամրագրված է, որ մարդը  բարձրագույն արժեք է, բայց անհայտ շարժառիթներով մարդկանց այսօր կապել են դիմակին, իսկ որ ավելի ճիշտ է՝ դնչկալին, եւ այս շոգին մարդկանց առողջությունը քայքայվում է, բայց երկրի իշխանությանը դա չի հետաքրքրում, ես անելիք չունեմ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031