Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հայացքը՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքին

Հուլիս 22,2020 13:30

Թուրքիան Սիրիայից գրոհայինների է ուղարկո՞ւմ Ադրբեջան

Հուլիսի 12-ին Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Հայաստանի նշանավորվեց Թուրքիայի անթաքույց ակտիվությամբ: Եվ հենց թուրքական ակտիվությունն է, որ կարծես, ստիպում է Ռուսաստանին տեղի ունեցածին ավելի մեծ ուշադրություն դարձնել եւ դուրս գալ չեզոք դիտորդի կարգավիճակից:

Օրերս նույնիսկ տեղեկություններ ի հայտ եկան, թե Թուրքիան Սիրիայից գրոհայինների է պատրաստվում ուղարկել Ադրբեջան՝ Հայաստանի դեմ գործողություններում ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով, TACC-ի փոխանցմամբ՝ այս լուրը հաղորդում էր քրդական Firat լրատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի տվյալների՝ այդ նպատակով սիրիական Ռաջու եւ Աֆրին քաղաքներում վարձկանների հավաքագրման կետեր են բացվել: Գրոհայինների հետ 6 ամիս ժամկետով է պայմանագիր կնքվելու՝ երկարաձգելու հեռանկարով, իսկ վարձատրությունն ամսական կկազմի 3500 դոլար: Նման տեղեկատվություն հրապարակել էր նաեւ սիրիական Sham FM ռադիոկայանը:

Քիչ անց Թուրքիայից եւ Ադրբեջանից հերքեցին սիրիացի վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին լուրերը: Հերքումն այսպիսին էր՝ ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը զրուցել էր Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարության անանուն ներկայացուցիչների հետ, որն էլ հերքել էր՝ հավելելով, որ այդ լուրերը «ոչ մի աղերս չունեն իրականության հետ», իսկ ադրբեջանցի պաշտոնյան դրանք «կեղծ եւ սուտ» էր որակել։

Թուրք-ադրբեջանական հերքումներին, իհարկե, չի կարելի հավատալ, եւ եթե տարածված տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, ապա կարող ենք արձանագրել, որ հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կանգնած ենք տարածաշրջանային մակարդակով գլոբալ պայթյունի վտանգի առջեւ:

Եվ այսպես, Թուրքիայի բարձրագույն իշխանությունները ընդդեմ Հայաստանի ձեռնարկած ադրբեջանական ագրեսիայի հենց մեկնարկից՝ գործի անցան: Աննախադեպ ակտիվությամբ նրանք ելույթներ էին ունենում, հայտարարություններ անում՝ ի աջակցություն Ադրբեջանի, անգամ դրանցում սպառնալիքի տոն էր նկատվում ուղղված Հայաստանին: «Եղբայրական Ադրբեջանին միայնակ չենք թողնի»,- միաբերան կրկնում էին Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Թուրքիա. «Պատվիրակությունը եւ մեր պաշտպանության նախարարն ու հրամանատարները համապարփակ քննարկումներ են ունեցել»,- տեղեկացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ոչ մեկ անգամ՝ Ադրբեջանին աջակցություն խոստացավ: Ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը ղեկավարել է պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, Աքարը նշել էր, որ վերջին իրադարձությունների ֆոնին կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները, ապա սպառնացել. «Ադրբեջանցի զինվորականների մահն անպատասխան չի մնա»: Ապա` Թուրքիային աջակցելու խոստումներին զուգահեռ նա հավելել էր. «Թուրքիան եւ նրա բանակը այս ուղղությամբ ուժերի սահմաններում քայլեր կձեռնարկեն: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»:

Իսկ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը խոստացել էր օգնել «կրտսեր եղբորը ոչ միայն փորձով, այլեւ զենքով»։ «Մեր պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով, մեր անօդաչուներից մինչեւ զինամթերք եւ հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր»,- նշել էր նա։

Մոսկվան շեշտում է՝ «Հայաստանի սահմանակից երկրները պետք է դրսեւորեն զսպվածություն»

Թուրքական ակտիվությանն ի պատասխան՝ օրերս պաշտոնական Մոսկվան հստակ ուղերձ հղեց Անկարային: Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակցող երկրները պետք է հավասարակշռված, զուսպ մոտեցում ցուցաբերեն, իսկ Մոսկվան կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությունը կարգավորելու համար, նշեց ՌԴ փոխարտգործնախարար Անդրել Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում: Նա նկատել էր, որ այժմ առաջնային խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորինս արագ կանգնեցնի այն, ինչ տեղի է ունենում վերջին երկու օրերին: «Այս կապակցությամբ շատ կարեւոր է այն պետությունների կշռադատված դիրքորոշումը, որոնք Մինսկի խմբի մասնակիցներ են, իսկ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խումբը երեք համանախագահ երկրներից բացի, միավորում է շատ ավելի մեծ թվով պետություններ»,-ասել էր Ռուդենկոն՝ շեշտելով, որ խոսքը Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակցող երկրների մասին է, որոնք պետք է դրսեւորեն զսպվածություն, պատասխանատվություն, հավասարակշռություն, այդ թվում՝ հռետորաբանության մակարդակում:

Ակնհայտ է, որ ռուսական իշխանությունները, Թուրքիայի իշխանությունների պահվածքի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դատապարտող հայտարարություններին զուգահեռ, իրենք էլ Անկարային հստակ ուղերձներ են հղում: Ռուսական իշխանության համար տեղի ունեցածի կարեւորության վկայությունն է հուլիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջեւ հեռահար քննարկման փաստը, որտեղ քննարկվել էր հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Ռուսական կողմը հավաստիացրել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ միջնորդական առաքելությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր. «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում, քննարկման մասնակիցները խորը մտահոգություն են հայտնել շարունակվող լարվածության կապակցությամբ, շեշտվել է հրադադար ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ միջնորդական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունը»:

Ռուսաստանյան պարբերականներն էլ իրենց հերթին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ նյութեր հրապարակելիս ուշագրավ տեղեկություններ են հայտնում: Օրինակ՝ ռուսաստանյան մասնագիտացված Avia.pro կայքը գրել էր, որ Տավուշի հայ-ադրբեջանական սահմանի լարվածության օրերին Հայաստանի օդային տարածքը ամբողջությամբ ծածկել է՝ «Կոնտեյներ» անունով ռադիոլոկացիոն կայանը, ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները։ Նշյալ հրապարակման մեջ ասվում էր. «Մի քանի ամիս առաջ ռուսական զինվորականների գործի դրված «Կոնտեյներ» ռադիոլոկացիոն կայանն ամբողջությամբ ծածկում է Հայաստանի տարածքը յուրաքանչյուր արտաքին սպառնալիքից։ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, լիարժեք իրավունք ունի Ռուսաստանից ստանալ օգնություն ցանկացած արտաքին վտանգի դեպքում։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանն իր «Կոնտեյներ» ռադիոլոկացիոն կայանի «հովանոցով» ու հակաօդային միջոցներով ծածկում է այս երկրի տարածքը՝ փոխանցելով տվյալներ օդից հարվածների ցանկացած սպառնալիքի դեպքում։ Ինչպես նշում են փորձագետները՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության համեմատաբար թույլ համակարգը, երաշխավորված լինելով օդային թիրախների հայտնաբերման ռուսաստանյան հնարավորություններից, կարող էր հեռավոր տարածություններից արձակված ադրբեջանական անօդաչուներին, այդ թվում՝ մի քանի օր առաջ հայ զինվորականների կողմից խփված Hermes 900-ը խոցել»։

Պաշտոնական Երեւանն արձանագրում է՝ Թուրքիան Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգության սպառնալիքն է

Թուրքական ակտիվության վերաբերյալ հայ-ռուսական առաջին պաշտոնական անդրադարձն օրերս Փաշինյան-Միշուստին հանդիպմանն արձանագրվեց: Մինսկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Այնպես ստացվեց, որ մեր հանդիպումը համընկնում է հայ-ադրբեջանական սահմանում լարվածության աճի հետ: Ես հույս ունեմ` Դուք տեղեկացված եք, որ դեռեւս հայտնի չէ ինչպես եւ ինչու, բայց ադրբեջանական զորքերը որոշել են գնդակոծել Հայաստանի սահմանը: Ես տեղեկություններ կփոխանցեմ Ձեզ այդ իրադարձության եւ ընթացիկ իրավիճակի մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին եւ դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ եւ ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարեւոր թեմա է եւ մենք այսօր կքննարկենք նաեւ այդ հարցը»:

ՀՀ ԱԳՆ-ն մի քանի հայտարարություններով ու մեկնաբանություններով է անդրադարձել Թուրքիայի իշխանությունների սպառնալիքներին: Օրերս լրագրողների հետ բրիֆինգում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների՝ Անկարա այցին, եւ տեղեկությանը, որ թուրքական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել, պատասխանել էր. «Թուրքիան չի կարող որեւէ դեր ունենալ, առավել եւս պատմական առաքելություն ունենալ ո՛չ հակամարտությունում, ո՛չ տարածաշրջանում: Թուրքիան արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ եւ առաջին գործողությունը թուրքական կողմը պետք է իրականացնի՝ դա հետեւանքների վերացումն է: Կոչ ենք անում Թուրքիային զբաղվել այդ գործընթացով, ոչ թե խանդավառությամբ ներգրավվել հակահայկական նոր նախաձեռնություններում: Մենք այս գործընթացում կարեւորում ենք մեր միջազգային գործընկերների կառուցողական մոտեցումը, որը ուղղված է նախ եւ առաջ լարվածության թուլացմանը»,- նշեց նա:

Ավելի վաղ, հիշեցնենք, հուլիսի 15-ին Հայաստանի ԱԳՆ-ն անդրադարձել էր Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին:

«Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով: Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ: Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին»,-ասվում էր հայտարարությունում:

Այնուհետեւ, ՀՀ ԱԳՆ-ն արձանագրում էր. «Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում: Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031