Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները հարձակվեցին հայ աղջիկների մեքենայի վրա. բախումներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև Լոս Անջելեսում, կան վիրավորներ

Հուլիս 22,2020 11:13

Հայ Երիտասարդաց Դաշնակցության երիտասարդների կողմից Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց հուլիսի 21-ին անցկացված բողոքի ցույցի ընթացքում բախումներ տեղի ունեցան մի խումբ ադրբեջանցիների և ցույցի մասնակից հայ երիտասարդների միջև:

Տեսանյութերից երևում է, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ադրբեջանցիները հարձակվեցին հայ աղջիկների մեքենայի վրա:

Իսկ ոստիկանությունը չկարողացավ զսպել հայ ցուցարարներին, որոնք հարձակվեցին ադրբեջանցիների վրա: Բախման արդյունքում կան վիրավորներ:

Հայերը գոչում էին. «Տղե′րք, հետ եկեք, հետ եկեք հայե′ր», սակայն հայ երիտասարդներին կանգնեցնելն անհնար էր: Միջադեպը տեղի ունեցավ Լոս Անջելեսի հյուպատոսարանի շենքից քիչ հեռու: Բախումներից հետո ադրբեջանցիները լքեցին տարածքը:

Հայ երիտասարդները Ադրբեջանի դրոշն էին գցել գետնին, ոտքերով տրորում էին այն, ցանկանում այրել:

Հայ Երիտասարդաց Դաշնակցության երիտասարդների կողմից Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց անցկացվող բողոքի ցույցի ընթացքում այսպիսի կոչեր հնչեցին. «Ամոթ, Ալիև′», «Պայքար, պայքար մինչև վերջ», «Մենք մեր զինվորների կողքին ենք», «Մենք Արցախի ու Հայաստանի հետ ենք», «անմարդկային Ալիև», «այլևս ոչ մի պատերազմ»:

Հարյուրավոր ցուցարարներ դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, այդ երկրի հարձակումները: Նրանք հայտարարեցին, որ 1994-ից սկսած Ադրբեջանը խախտում է զինադադարը, ստում է, խեղաթյուրում փաստերը, ահաբեկում: Երիտասարդները հայտարարեցին. «Ադրբեջանի չարդարացված ահաբեկչությունից և բռնություններից տուժում են մեր երեխաները, զինվորները, բնակիչներ: Մեր խելացի երեխաները՝ Հովսեփը, Արամը, Սահակը, տուժում են Ադրբեջանի բռնություններից»:

Հայ երիտասարդները միևնույն ժամանակ հայտարարեցին. «Հայի կամքն ու վճռականությունն անպարտելի են, հայի միասնությունը ողջ աշխարհով մեկ հնարավոր չէ հաղթել: Ադրբեջանը ողջ աշխարհին ցույց է տալիս, որ իր միակ նպատակը հարձակվելն ու մեղադրելն է, բայց հայի վճռականությունն անպարտելի է»:

Ցուցարարները հայտարարեցին, որ գերտերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, խաղաղության կոչ են անում, բայց ոչ հասցեական Ալիևին. նրան ուղիղ չեն ասում, որ Ադրբեջանը դադարեցնի հարձակումները՝ առավել ևս համաճարակի պայմաններում. «Ալիև, մի օր դու կանգնելու ես արդարադատության առաջ, հայերի վճռականությունն ու անկոտրում կամքն անպարտելի են»:

Ցույցի ընթացքում հնչեց ՀՀ օրհներգը, «Գետաշեն» երգը, հայ ցուցարարները գոչում էին. «Արցախը Հայաստան է», «Ալիև, դադարեցրու ագրեսիան»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031