Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքային ամբողջականություն, թե՞ ազգերի ինքնորոշում

Հուլիս 22,2020 12:30

«Չկան անփոփոխ դաշնակիցներ, չկան հավերժական թշնամիներ, միայն մեր շահերն են անփոփոխ եւ հավերժական» (Հենրի Թամփլ, լորդ Փալմերսոն, 1848թ. Համայնքների պալատում արտասանած ելույթից): Այս ձեւակերպումը թեեւ ունի ընդամենը մոտ 150 տարվա պատմություն, իրականում այդ սկզբունքով են առաջնորդվել թե՛ նախկինում եւ թե՛ հետագայում՝  մինչեւ օրս:

Ո՞րն է այդ սկզբունքի բուն էությունը: Ըստ իս՝ պատերազմի արդարացումը, պետական մակարդակով պատերազմի՝ մարդասպանության օրինականացումը, իսկ նպատակը թալանն է: Եվ հանուն այդ նպատակի արդեն շուրջ 2,5 հազար տարի հարյուրավոր ժողովուրդներ, ինչպես ասում են, միմյանց հոշոտում են: Եվ որպես արդարացում պնդում են, որ հետամուտ են պետական ու ազգային շահերի: Իսկ իրականում ոչ թե շահում է ժողովուրդը, այլ իրենք իրենց ազգի առաջնորդներ հորջորջող մի խումբ քաղաքական գործիչներ:

Ազգային շահեր հետապնդող պետությունները հիշեցնում են այն շահամոլ մարդկանց, որոնցից մեկը կարողանում է խաբեությամբ կամ ուժի գործադրմամբ տիրանալ մյուսի (հարեւանի, ընկերոջ, անգամ բարեկամի ու հարազատի) ունեցվածքին: Առաջին «հաջողությունից» հետո այդ մեկը մյուսների համեմատ ավելի է հզորանում եւ ավելի կատարելագործված մեթոդներով աստիճանաբար իր որոգայթն է գցում շատերին, մինչեւ այն պահը, քանի դեռ ի հայտ չի եկել իրենից ավելի ճարպիկ խաբեբա: Ընդ որում՝ այդ երկու խաբեբաները կամ մեկը մյուսին կուլ են տալիս, կամ դառնում դաշնակիցներ: Երբեմն այդ դաշնակիցները միավորվում են իրենց նմանների հետ, դառնում մի մեծ խումբ, որն արդեն ունենում է ավելի մեծ հզորություն եւ կազմակերպվածություն:  Եվ այդպես շարունակ: Այդպես են փաստորեն գործել նաեւ պետությունները: Եվ այդ քաղաքականության գաղափարախոսության առանցքը հենց հիշյալ սկզբունքն է: Եվ իհարկե՝ այդ սկզբունքով առաջնորդվող պետությունները, երբ ուժերը պատում են, սկսում են վարել զավթողական քաղաքականություն, որի նպատակը միայն ու միայն ռազմավար ձեռք բերելն է, այդ ընթացքում հարեւան ժողովուրդներին  հպատակեցնելն ու նրանց մարդկային ու բնական ռեսուրսները իրենց շահերին ծառայեցնելը: Այս ճանապարհով են ձեւավորվել բոլոր կայսրությունները՝ միաժամանակ ասիմիլյացիայի ենթարկելով բազմաթիվ ժողովուրդների: Իսկ երբ դա իրականացնել չի հաջողվել, պարզապես կոտորել են այդ ժողովուրդներին, ընդհուպ մինչեւ դիմելով ցեղասպանության: Դրա հետ մեկտեղ առանձին ժողովուրդներ կարողացել են կյանքի գնով ազատագրվել: Այդ դեպքում կայսրությունները փլուզվել են:  20-րդ դարում, երբ նախկին հզոր կայսրությունները հասկացան, որ չեն կարող այլեւս դիմագրավել փոքր ժողովուրդների անկախացման գործընթացին, սկսեցին վարել նոր քաղաքականություն՝ օգտագործելով դարերի ընթացքում կուտակած հարստությունը, ստեղծել են զարգացած գիտություն, տեխնիկա եւ դրանց վրա հիմնված հզոր տնտեսություն եւ ռազմական ներուժ, անցնելով զուտ տնտեսական կախվածությունը պահպանելու քաղաքականությանը: Եվ այդ քաղաքականությունը կոչվեց նեոգաղութատիրություն: Ներկայիս մեծ ու փոքր կայսրությունները դեռեւս շարունակում են այդ քաղաքականությունը:

Յուրաքանչյուր կայսրության հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է հպատակ ժողովուրդների քանակով, որքան շատ, այնքան հզոր:

Ամբողջ դժբախտությունն այն է, որ կայսրությունների հիմքը կազմող ժողովուրդը՝ ազգային մեծամասնությունը դարեր շարունակ լինելով տիրապետող, տոգորվել է այն հոգեբանությամբ, որ իրենց կայսրությունում բնակվող ազգային փոքրամասնությունները մշտապես պետք է մնան իրենց հպատակության ներքո, որովհետեւ հակառակ պարագայում կնվազի իրենց հզորությունը եւ կդառնան սովորական պետություն, չեն կարող թելադրել իրենց կամքը այլ ժողովուրդների:

Եվ պատահական չէ, որ այդ բոլոր նախկին ու նոր, փոքր ու մեծ կայսրությունների Սահմանադրություններում ամրագրված է տարածքային ամբողջականությունն ամեն գնով պաշտպանելու սկզբունքը եւ ոչ մի խոսք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, լավագույն դեպքում այդ ինքնորոշումը կարող է լինել միայն իբրեւ ինքնավարություն: Իսկ այդպիսի մոտեցումն իր հերթին նշանակում է, որ ազգերի ինքնորոշման հարցը ի սկզբանե համարվում է հակասահմանադրական, անօրինական:

Ի դեպ, մի քանի խոսք տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարաբերակցության մասին: Միջազգային իրավունքի մասնագետ չեմ, բայց, այնուամենայնիվ, ինձ համար անըմբռնելի է, երբ այդ երկուսը փորձում են համատեղել, երբ դրանք ի սկզբանե անհամատեղելի են, բացառում են մեկը մյուսին:

Տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության գաղափարին հանգեցին եվրոպացիները: Դրա համար պահանջվեց ավելի քան հազար տարի, որի ընթացքում ականատես եղան միայն փոխադարձ կոտորածների, անընդմեջ պատերազմների ու բազմազան արհավիրքների: Երկու աշխարհամարտերի դաժան բովով անցնելուց հետո միայն հասկացան, որ հաջորդ պատերազմը կհանգեցնի փոխադարձ ինքնաոչնչացման: Եվ որքանով որեւէ պետություն չի կարող մյուսին ապացուցել, որ այս կամ այն տարածքը իրավացիորեն պատկանում է  իրեն եւ որեւէ պատերազմ հեռանկար չունի, ուստի անհրաժեշտ է հաշտվել երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված իրավիճակին եւ անհրաժեշտ է պետությունների տարածքները փոխադարձորեն եւ վերջնականապես ճանաչել:

Արդյունքում միջազգայնորեն ճանաչվեց տարածքային ամբողջականության սկզբունքը: Եվ փա՜ռք Աստծո, արդեն 75 տարի է՝ Եվրոպայում տիրում է խաղաղությունը: Ասվածից կարծում եմ ակնհայտ է դառնում, որ տարածքային ամբողջականության սկզբունքը փաստորեն վերաբերում է պետությունների արտաքին քաղաքականությանը, առաջին հերթին տվյալ երկրի հարեւաններին, որոնք իրավունք չունեն տարածքային որեւէ պահանջ ներկայացնել այլ պետությունների:  Ուզում եմ կրկնել, որ այդ սկզբունքը վերաբերում է միայն արտաքին քաղաքականությանը եւ ոչ մի աղերս չունի որեւէ երկրի ներքին քաղաքականության հետ, որին միջամտելը նույնպես միջազգայնորեն արգելված է:

Ինչ վերաբերում է միջազգայնորեն ճանաչված ազգերի ինքնորոշման իրավունքին, ապա այդ իրավունքը վերաբերում է միայն ու միայն այդ պետության ներքին գործերին եւ որեւէ աղերս չունի տարածքային ամբողջականության հետ: Պարզապես այդ պետության տարածքում ապրող ժողովուրդը ցանկանում է իր ճակատագիրը տնօրինել ինքնուրույն, այնպես, ինչպես այդ պետության մյուս մասն է ինքնուրույն, բայց, չգիտես ինչու, իրեն դուր է գալիս սեփական ինքնուրույնությունը, իսկ մյուսի ինքնուրույնությունը իր համար անցանկալի է: Բնականաբար, ինքնորոշվողը սկսում է պայքարել հանուն ազատության եւ անկախության այն տարածքում, որտեղ ինքն ապրում է: Իսկ այդ պայքարն անկասելի է, ուշ կամ շուտ, թեկուզ եւ տառապանքներով լեցուն՝ անպայման պետք է հաղթանակի:

Համոզված եմ, որ ասվածը ոչ թե բոլորի, բայց շատ-շատերի համար ընդունելի եւ հասկանալի է, հետեւաբար հարց է առաջանում, ինչո՞ւ են, այնուամենայնիվ, պետությունները հրաժարվում ճանաչել մարդու բնական իրավունքներից անմիջականորեն բխող ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ո՞ւր մնաց արդարության սկզբունքը եւ վերջապես ե՞րբ պետք է հարցերը լուծվեն բարոյական հարթությունում: Ինչո՞վ բացատրել, որ բոլորն անմիջապես ճանաչեցին բոլոր նախկին Սովետական հանրապետությունների, ապա նաեւ Հարավսլավիայի հանրապետությունների, հետագայում նաեւ այլ երկրների ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանը ուրախությամբ իր ինքնորոշման իրավունքով հպարտանում է, իսկ Արցախինը համարում է անթույլատրելի: Է՜, եթե տարածքային ամբողջականությունը հարգում ես, ինչո՞ւ դուրս եկար ՍՍՀՄ-ի կազմից: Լենինի զավակները դավաճանեցին իրենց հորը: Իսկ Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը դեռ պետք է երկար սպասի իր լուծմանը:

Կարծում եմ այս հարցերի պատասխանը պարզ է. աշխարհի հզորներին դա վախեցնում է: Ամեն անգամ ընդունելով որեւէ ազգի ինքնորոշման իրավունքը, նրանք հիշում են իրենց ներքին խնդիրները եւ զգուշանում դրանց հետեւանքներից:

Եվ այս ամենը հենց մշտական դաշնակիցներ, բարեկամներ չունենալու անբարո սկզբունքն է: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ պահին ազգային-պետական շահից ելնելով իրականացրել են իրենց քաղաքականությունը, մոռանում են դրա հետեւանքները: Հրաժարվելով իրենց մշտական բարեկամից՝ ձեռք են բերել մշտական թշնամի եւ ձեռքը կրակն են ընկել: Դրա վառ օրինակն է Թուրքիայի նկատմամբ վարած քաղաքականությունը: Հենց այդ քաղաքականության արդյունքն էր, որ թուրքերը կարողացան անարգել իրականացնել հայերի եւ մի շարք այլ ժողովուրդների ցեղասպանությունը եւ հայրենազրկումը: Պահի թելադրանքով թուրքերը դարձան ժամանակավոր դաշնակիցներ, բայց ոչ բարեկամներ, այնինչ, եթե մի փոքր օգնեին Հայաստանին, ձեռք կբերեին մշտական բարեկամներ: Այդ քաղաքականությունը չէ՞ր, որ իշխանության եկավ Հիտլերը:

Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին, որը 2008 թվականին պատերազմ վարելով Վրաստանի դեմ, որը ներկայացնում են որպես հաղթանակ: Արդյունքում ի՞նչ ստացան, բարեկամ Վրաստանը փոխարինեցին հակառակորդով: Միաժամանակ Վրաստանը շահեց, որովհետեւ կարողացավ ազատորեն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Ինչո՞ւ այդպիսի վախճան ունեցավ այդ ամենը. մի պարզ պատճառով, որովհետեւ ղեկավարվում էր չարաբաստիկ սկզբունքով. մշտական դաշնակիցներին, մեղմ ասած, դավաճանեց, իբր հանուն ազգային շահերի եւ իբր օգնում էր այլազգիներին:

Ինձ համար չափազանց տարօրինակ է, որ վերջին տասնամյակներում անընդհատ խոսում են Ռիբենտրոպ-Մոլոտով դաշնագրի մասին, դատապարտում այն, անընդհատ տեղի-անտեղի ճամարտակում: Բայց երբեք չեն հիշատակում Լենին-Աթաթյուրք  դաշնակցությունը: Այդ հզոր տերությունները մոռացել են, թե ինչպես Լենինը Թուրքիային նվիրեց հայկական տարածքները, Սուրբ Արարատ լեռը: Չգիտես ինչու, չեն հիշում, որ ադրբեջանցի ազգ, առավել եւս պետություն՝ աշխարհի երեսին չի եղել: Դա պետք էր միայն Լենինին: Չեն հիշում, թե ինչպես հայկական Արցախի եւ Նախիջեւանի հայկական տարածքները Ստալինի թեթեւ ձեռքով նվիրեցին Ադրբեջան չեղած պետությանը՝ Թուրքիային դուր գալու համար: Այս ամենը դեռ քիչ է, այսօր Ադրբեջանը՝ իր «հանճարեղ» ԹԿԻԺՆ-ի բերանով ցանկանում է Հայաստանից զավթել իբր ադրբեջանական հողերը: Ինչպես մեր տատիկներն են ասում՝ «հողեմ գլուխդ», որ մոռացել ես, թե ով է կառուցել քո Բաքուն, քո Ադրբեջան կոչվածը, ումից ես գրել-կարդալ սովորել, ինչպես ես վերաբերվում քո ազգային փոքրամասնություններին: Ինչպես ասում են. պարոն Ա., բերանս բացել մի տուր: Այս ամենը, ինչ ասում եմ, կան աշխարհի բոլոր գրադարաններում, բացի ձեր գրադարաններից: Դե ձեր ինչի՞ն է պետք ձեռագիրը, գիրքը, մշակույթը, դուք հնարում եք ձերը: Բան է, մեկ էլ տեսար ձեր անգրագետները կարող են հավատալ: Անգամ չեն հասկանում, որ ամեն անգամ հարձակվելով հայերի վրա, ստիպում են հայերին միավորվել: Մոռանում են, որ հայերի միավորումն իրենց վերջն է:

Մոռանում են անգամ, որ այն հայկական տարածքները, որ իրենք համարում են զավթված՝ «զավթվել են» իրենց իսկ խնդրած զինադադարից հետո: Բոլորը, երբ խախտել են զինադադարը եւ հարձակվել: Ադրբեջանցիներին առաջարկում եմ մի անգամ էլ հարձակվել եւ կստանաք նոր հայկական ազատագրված տարածքներ:

Չեմ պատկերացնում, թե ինչպես է այս ամենին վերաբերվում Հայաստանի դարավոր բարեկամը, ռազմական դաշնակիցը եւ ամենակարեւորը՝ տաղանդավոր ռուս ժողովուրդը, այլ ոչ թե իշխանությունը: Իշխանությունները, պարզ է, թե ինչպես. նրանք կարծում են, որ Ռուսաստանին ձեռնտու է վասալական Հայաստանը, որին կարելի է ամեն ինչ թելադրել՝ գործադրելով իր բոլոր վարչական ռեսուրսները: Չգիտեմ, ռուսները պատկերացնում են, թե ինչ կլինի Ռուսաստանի հետ, եթե հանկարծ հրաշքով Հայաստանը հայտնվի Լուսնի վրա, իսկ նրա փոխարեն գան թյուրքերը: Կլինի այն, ինչ եղավ Բյուզանդական հզոր կայսրությանը, որը թուլացնելով հայկական պետությունը, հայաթափելով հայկական տարածքները, փաստորեն ճանապարհ հարթեցին թուրքերի համար եւ կործանվեցին: Նույնը եղավ նաեւ Ղրիմի խանության հետ։ Երբ իշխան Պոտյոմկինը մասնավորապես Ղրիմի հայերին հրավիրեց Հյուսիսային Կովկաս՝ նրանց տրամադրելով տարածքներ, տալով արտոնություններ, որի արդյունքում Ղրիմի խանությունը տնտեսապես արագ քայքայվեց եւ դյուրությամբ գրավեց թերակղզին:

Ռուսաստանը միշտ զգուշանում է, որ Հայաստանը հանկարծ չդառնա արեւմտամետ, իսկ Արեւմուտքը չի ցանկանում, որ Հայաստանը հանկարծ դառնա ռուսամետ, կամ արեւելամետ եւ Հայաստանը կրակն է ընկել այսպիսի թյուր պատկերացում ունեցողների ձեռքին:

Այս երկու կողմն էլ հավանաբար չեն պատկերացնում, որ այդ փոքր Հայաստանը, փոքրաթիվ հայ ժողովուրդը չի կարող տրվել ոչ մեկին, ոչ մյուսին, որովհետեւ նա ստեղծել է իր ուրույն սեփական քաղաքակրթական արժեքները, որոնք ո՛չ արեւելյան են, ո՛չ արեւմտյան, այլ զուտ հայկական են: Իր գոյության մի քանի հազար տարվա ընթացքում մշակել է իր գոյության եւ հարատեւության միջոցները: Հայաստանը թե՛ երբ եղել է հզոր թագավորություն, թե՛ երբ կորցրել է պետականությունը, միեւնույն է, մնացել է հարազատ իր սեփական արժեքներին՝ ապավինել աշխատասիրությանը, գրկաբաց ընդունել բոլոր հյուրերին, պահպանել խաղաղություն բոլոր ժողովուրդների հետ, սովորել եւ յուրացրել այլ մշակույթների բոլոր  դրական կողմերը եւ այլն: Հետեւաբար, վաղուց ժամանակն է, որ բոլորն էլ հասկանան, որ նրանց շահերից է բխում նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը, որի շնորհիվ տարածաշրջանում կապահովվի մշտական խաղաղություն, եթե, իհարկե, ցանկանում են այդ խաղաղությունը (տե՛ս նաեւ Քաղաքակրթությունների բավիղներում եւ կեռմաններում հոդվածը, «Առավոտ» 24.06.2020):

Իսկ որ իրականում խաղաղություն չեն ցանկանում, դրա վառ ապացույցը 2016թ. Ադրբեջանի ագրեսիան էր Արցախի Հանրապետության նկատմամբ: Ի՞նչ է, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նման հզոր պետությունները չգիտեի՞ն այդ արկածախնդրության մասին: Չէի՞ն կարող առնվազն Հայաստանին տեղյակ պահել, էլ չեմ ասում՝ սաստեին Ադրբեջանին: Ի՞նչ է, Ադրբեջանը կհամարձակվե՞ր անտեսել նրանց զգուշացումը:

Մինսկի խումբը եւ նրա համանախագահները, որ ստանձնել են Արցախի հիմնախնդրի լուծումը, պարտավորվել են եւ ամենակարեւորը՝ կարող են լուծել այն, պարզապես ցանկություն է պետք: Արցախի հարցի լուծումը միանշանակ է, այնքանով, որքանով ազգերի ինքնորոշման իրավունքը բացարձակ իրավունք է, միջազգայնորեն ճանաչված եւ այլընտրանք չունի: Եթե այդ իրավունքի ճանաչմանը խանգարող միջազգային իրավական հիմքեր կան, ապա թող դրանք հրապարակեն եւ Արցախի Հանրապետությանը բացատրեն, որ սխալ ճանապարհ են ընտրել: Կամ՝ մի պահ պատկերացնենք, որ իրական ժողովրդավարական Արցախը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ենթարկվում է նրան։ Մինսկի խումբը եւ նրա համանախագահները պատկերացնո՞ւմ են, թե ինչ կլինի արդյունքում։ Արցախն էլ նստի  ու սպասի, թե երբ է ընկնելու Նախիջեւանի օրը կամ երբ է Ադրբեջանը կազմակերպելու ցեղասպանություն՝ իր ավագ եղբոր օրինակով վայրագություններ կատարելու: Դրանից հետո մերօրյա հզորները կսկսեն թեթեւակի հայհոյել Ադրբեջանին, թե՝ էս ինչ անմարդկային բաներ եք անում: Եվ կսպասեք, թե երբ Ադրբեջանը կընդունի իր չարագործությունը:

Այս երեք հզոր պետություններից ոչ մեկը քաջություն չունի ճանաչելու ակնհայտ այն փաստը, որ Արցախն ինքնորոշվել է, որովհետեւ երեքն էլ վախենում են իրենց ժողովուրդների հարցերից՝ ինչո՞ւ չեք ճանաչում  նրանց ինքնորոշման իրավունքները: Չեն ճանաչի նաեւ այնքան ժամանակ, քանի դեռ այդ պետությունների իշխանությունները առաջնորդվում են ազգային շահի նեղմիտ ըմբռնումով եւ «մշտական դաշնակիցներ մեզ պետք չեն» այսրոպեական անբարո սկզբունքով՝ վտանգելով սեփական ժողովուրդների ապագան:

Ազգի առաջնորդները (թագավորներ, իշխաններ, պրեզիդենտներ, ֆյուրերներ եւ այլն) միշտ ժամանակավոր են, որովհետեւ մարդու կյանքը սահմանափակված է տարիներով, իսկ ազգը, ժողովուրդը ապրում են դարերով, նույնիսկ հազարամյակներով: Ուստի այդ առաջնորդները շտապում են ժողովրդին ցույց տալ իրենց կատարածը իբր հանուն ազգի, դրանով երկարաձգելով իրենց իշխանությունը (թագավորը դա անում է իր թագաժառանգների համար, պրեզիդենտները, որ նորից ընտրվեն), ուստի ազգային պետական շահը իբր ապահովելու համար ստիպված են դիմել այսրոպեական գործողությունների, թքած ունենալով մյուս բոլոր ազգերի վրա: Իրենց իշխանությունը վայելելու ձգտումը նրանց ստիպում է միջոցներ հայթայթել, ինչը արագ հնարավոր է իրականացնել թալանի ճանապարհով: Իսկ ժողովրդին շոյելու  համար այդ թալանի մի չնչին մասը հատկացնում են նրան, ապահովելով «հաց ու շքահանդես» հռոմեական բանաձեւին լիովին համահունչ: Ասվածի փայլուն օրինակ է Հին Հռոմի կայսրը, որը մասնավորապես Երուսաղեմի տաճարի հարստությունների թալանի հաշվին իբրեւ իր վեհության ու քաջագործությունների խորհրդանիշ կառուցեց հրաշակերտ Կոլիզեումը, ապահովելով Հռոմի քաղաքացիների համար «շքահանդեսը»՝ նրանց բարյացակամությունը վաստակելու համար:

Այս ամենն, ինչի մասին գրում եմ, եթե քիչ թե շատ ընդունելի է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը պետք է որդեգրեն ինքնուրույն քաղաքականություն վարելու իրենց սկզբունքները եւ պետք է առաջնորդվեն սեփական, այլ ոչ թե այսրոպեական, այլ ժողովրդի իրական շահերով: Իսկ այդ քաղաքականության հիմքը պետք է լինի հարձակողական խաղաղասիրությունը: Ես ամենեւին այն խաղաղության մասին չեմ խոսում, որի մասին մշտապես ճամարտակում են աշխարհի բոլոր մեծ ու փոքր երկրների լիդերները, երբ իրենց գործողություններով իրականացնում են հակառակ քաղաքականությունը: Նկատի ունեմ այն խաղաղասիրությունը, որով գործնականում առաջնորդվել է հայ ժողովուրդը իր գոյության ողջ ընթացքում: Եթե մի պահ հիշենք, թե որ ժողովուրդների իշխանություններն են վայրագություններ գործել հայ ժողովրդի նկատմամբ եւ հայկական տարածքներում (Ասորեստան, սկյութներ, սարմատներ՝ Հին Հռոմ, Պարթեւստան, Բյուզանդիա, Արաբական խալիֆայություն, Մոնղոլներ, Ռուսաստան եւ այլն) եւ ինչպիսին է եղել շատ պետությունների քաղաքականությունը հայկական հարցի վերաբերյալ, եւ ինչպիսի բարեկամական հարաբերություն է պահպանում այսօր այդ ժողովուրդների հետ (ի բացառյալ Թուրքիայի, որն այսօր էլ շարունակում է իր ցեղասպանական քաղաքականությունը), ապա կարծում եմ, որ հայ ժողովրդի մշտական խաղաղասիրությունը ապացուցման կարիք չունի:

Զարմանում եմ, որ ազգերի ինքնորոշման իրավունքի ուժով ստեղծված շատ ու շատ պետություններ անտարբեր են այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հարցում: Մոռացե՞լ եք ձեր տառապանքները մինչեւ անկախացումը, ինչո՞ւ սատար չեք կանգնում այդ ժողովուրդներին: Գուցե մենք ենք մեղավոր, որ այդ ուղղությամբ բավարար դիվանագիտական աշխատանք չենք տարել:

Մեր խնդիրներից մեկն էլ դա չէ՞:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031