Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռենե Մագրիտ՝ ադամորդու գայթակղությունից մինչեւ ծածկված սավանով համբուրվողներ

Հուլիս 22,2020 12:00

Ինտելեկտուալ սադրիչի ինքնատիպ արվեստը միշտ ուշադրության կենտրոնում է

Բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի անվան շուրջ միշտ խորհրդավորություն է եղել, նրա արվեստը  հարցեր է ծնել:

kulturologia.ru-ն անդրադարձել է նրա կյանքին եւ աղմուկ հանած գործերին: Կարծիք կա, որ նրա յուրօրինակ ստեղծագործությունները կրում են նկարչի  մանկության ողբերգական հուշերի ու նրա տպավորությամբ, ինչ-ինչ առեղծվածային դեպքերի ազդեցությունը: Մագրիտը մորը կորցրել է երեխա ժամանակ, եւ դա ծանր ազդեցություն է թողել պատանու վրա:

Մագրիտի ամենահայտնի ստեղծագործություններից է «Մարդու զավակը», որը ստեղծվել է 1964 թվականին, այն յուրատեսակ ինքնանկար է, Մագրիտը՝ վերարկուով ու գլխարկով է, թիկունքին ծովն է, իսկ ամբողջ դեմքը ծածկված է կանաչ խնձորով, որը խորհրդանշում է մարդուն հետապնդող գայթակղությունները:Այս աշխատանքը տարբեր մեկնաբանություններ է ստացել, հաճախ այն անվանում են ինտելեկտուալ պրովոկացիա:

Ընդհանրապես Մագրիտի բոլոր նկարներն ասես ռեբուսներ ունեն, որոնք «վերծանելը» ամեն մեկի բանը չէ: Մագրիտը ինքն էլ քանիցս ասել է, որ նկարը դիտողին պետք է ստիպի մտածել: Ի դեպ, նկարչին անվանում են նաեւ մոգական ռեալիստ: Նրա այլ ստեղծագործություններ եւս ուշադրության են արժանացել, բայց «Մարդու զավակը» ամենաշատն  է տիրաժավորվել ու տրանսֆորմացիաների ենթարկվել, այն հայտնվել է նաեւ ֆիլմերում, գովազդային հոլովակներում, կրկնօրինակվել է: Օրինակ,  հայտնվել է «Թոմաս Քրաունի խարդախությունը» ֆիլմում, իսկ Hold Your Horses! խմբի «70 millions» տեսահոլովակում ներկայացված է այդ կտավի ծաղրանմանակումը, «Մարդու զավակն» առկա է նաեւ Մայքլ Ջեքսոնի «Scream», ինչպես նաեւ «Claptone – Dear Life» տեսահոլովակում։

Իր նկարների անվանումներին անդրադառնալով, հեղինակն ասել է, որ անվանման թաքնված պոետիկ կապը նկարի հետ նպաստում է այն կախարդական զարմանքին, որն էլ հենց արվեստի կոչումն է:

Մագրիտի «Սիրահարները»  շարքի «Սիրահարները II»  աշխատանքը նույնպես նրա ամենանշանավոր նկարներից է: Այն հեղինակը նկարել է 1928 թվականին:  «Սիրահարների»  շարքի 1928 թվականին նկարված առաջին նկարը՝ «Սիրահարներ I» այժմ ցուցադրվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում, երկրորդ աշխատանքը ամերիկացի հավաքորդներից մեկի հավաքածուում է: Նկարում պատկերված կնոջ եւ տղամարդու դեմքերը խորհրդավոր կերպով ծածկված են սպիտակ սավանով, ու նրանք այդպես ծածկված էլ  համբուրվում են:

2009 թվականից Բրյուսելում բացվել է Մագրիտի թանգարանը, այստեղ ցուցադրված է շուրջ երկու հարյուր աշխատանք, յուրաքանչյուր այցելու այստեղից հեռանում է ցնցող տպավորություններով, քանի որ Մագրիտի  ստեղծագործությունները «մարսելու» համար պետք է հոգեբանորեն նախապատրաստված գնալ ու «շարժել» ուղեղը:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031