Հարցազրույց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ
գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ
– Մաեստրո, հայաստանյան կոլեկտիվներից միակն էիք, որ 2019թ. դեկտեմբերի վերջին հյուրախաղերի մեկնեցիք Չինաստան եւ առաջին քաղաքը, որտեղ ելույթ ունեցաք, համավարակի էպիկենտրոն Ուհանն էր: Վերադարձաք հունվարի կեսերին եւ մինչ օրս էլ հանելուկ մնաց, թե ինչպես covid-19-ը «խնայեց» ձեզ: Իհարկե, փառք Աստծո:
Մինչ Չինաստան մեկնելը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրիք, որ 2020 թվականի ընթացքում Հայաստանում ֆիլհարմոնիկը ԿԳՄՍ-ի աջակցությամբ կանցկացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը՝ ի նշանավորումն կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակի: Փառատոնային օրերին Երեւանում եւ Հայաստանի մարզերում նախատեսված էր սիմֆոնիկ եւ կամերային համերգներ, մենահամերգներ, տարաբնույթ մշակութային միջոցառումներ: Նշել էիք, որ հյուրախաղորդ երաժիշտների թվում մեր հանդիսատեսը կվայելի նաեւ աշխարհահռչակ դիրիժորներ Ռիկարդո Մուտիի, Անդրեյ Բորեյկոյի, Չարլզ Դյութուանի, ջութակահար Ջոշուա Բելլի, Բորոդինի անվան կվարտետի եւ այլոց արվեստը…
– Բեթհովենյան փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս մեկուկես տարի առաջ: Այո, ձեր նշած երաժիշտներն իրենց համաձայնությունն էին տվել մասնակցել փառատոնին, նույնիսկ Լայպցիգի հանրահայտ երգչախմբի արվեստին կծանոթանար մեր հանդիսատեսը Բեթհովենի «Missa Solemnis» երկի մեկնաբանման շնորհիվ: Չնայած մենք ունենք հիանալի երգչախմբեր՝ «Հովերը», Մլքեյանի եւ Թոփիկյանի ղեկավարած կոլեկտիվները, ի վերջո՝ Չեքիջյանի կապելլան: Այս ստեղծագործությունն, ի դեպ, ֆիլհարմոնիկը ուղիղ 10 տարի առաջ հնչեցրել էր… Դե, հիմա չորս ամիս է՝ իսկապես ակտիվ առցանց գործունեություն ենք իրականացնում: Մայիսի վերջերին պարետի որոշմամբ թույլատրվեց 7-8 երաժիշտներով փորձեր անցկացնել, արդյունքում ֆիլհարմոնիկի հանդիսատեսը, եւ ոչ միայն, այս ժամանակը, առցանց համերգային գործունեությունը օգտագործում ենք ի նպաստ: Մեր պաշտոնական կայքում տեղադրված են նաեւ ժամանակին արված ձայնագրություններ, կառանձնացնեի Չայկովսկու 6-րդ եւ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաները: Իհարկե, առցանց գործունեությունը երբեք չի փոխարինի հանդիսատեսի հետ կենդանի շփմանը: Նստել եւ այսպես կոչված՝ բեթհովենյան քննարկումներ ենք անցկացրել: Գիտե՞ք, ի վերջո կարելի է Բեթհովենի ինը սիմֆոնիաներն էլ ներկայացնել առցանց, բայց, ուղիղ ասած՝ հեռանկարային չէ: Տեսեք՝ Վիեննայի ֆիլհարմոնիկի տեսադարանում են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները, եւ ինչո՞ւ, օրինակ, թողնելով նման բարձրարվեստ կատարումները, երաժշտասերը պետք է այցելի ոչ թե Վիեննայի, այլ, ասենք, մեր ֆիլհարմոնիկի կայք…
Կարդացեք նաև
– Հասկանալի է, որ ստեղծագործությունների ձայնագրման համար անհրաժեշտ են նախ բարձրակարգ հնչյունային ռեժիսորներ:
– Հնչյունային ռեժիսորներից բացի, անհրաժեշտ են նաեւ պատկերային ռեժիսորներ եւ բեթհովենյան սիմֆոնիաները ձայնագրելու եւ հավուր պատշաճի առցանց ներկայացնելու համար Գերմանիայից հրավիրել ենք ոչ միայն հնչյունային ռեժիսորներ, այլեւ պատկերային: Այսօր արդեն կարող եմ վստահեցնել, որ օգոստոսին նրանք կլինեն Երեւանում եւ կսկսենք Բեթհովենի առաջին երկու սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ստեղծագործական գործունեությանս ընթացքում խորացել եմ բեթհովենյան երաժշտության մեջ: Եթե մեզ հաջողի գերմանացի մասնագետների հետ բարձր մակարդակով ձայնագրել ու տեսագրել կոմպոզիտորի բոլոր ինը սիմֆոնիաները, հավատացեք, մեզ կհաջողվի նաեւ նման կատարումների շնորհիվ մեր երկիր բերել մեծ դիվիդենդտներ: Չէ՞ որ աշխարհն է այսօր առցանց ստեղծագործում: Չեմ կարող չասել, որ գուցե համավարակի շրջանում կարողանանք ֆիլհարմոնիկի վրա հրավիրել աշխարհի ուշադրությունը… Կարճ ասած՝ ենթադրում եմ, որ այս պահը պետք է որսալ եւ իսկապես մեծ ուշադրություն գրավենք մեզ վրա:
– Մայիսի վերջերից արդեն սկսեցին բացվել եվրոպական թատրոնները, համերգասրահները, պատկերասրահները, կինոթատրոնները: Ճիշտ է, նրանք գործում են «կորոնավիրուսային» ձեւաչափով, կոնկրետ՝ հանդիսասրահում պահպանելով մեկուկեսից երկու մետր հեռավորություն եւ այլն, եւ այլն, բայց սկսել են գործել, չէ՞… Օրինակ, Վիսբադենի օպերային թատրոնը ընդունում է ոչ թե 2000, այլ 200 կամ մի փոքր ավելի հանդիսատեսի: Կուզենք ասել, որ ժամանակն է մտածել մշակութային օջախները բացելու մասին: Թեեւ օրերս հարցազրույցներից մեկում ճանաչված ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ այդ հարցով սկսել են բանակցությունները ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ:
– Վերջերս ես պարետին ներկայացրի մի ծրագիր, որ մշակել են Բեռլինի յոթ նվագախմբերը, հայտնի «Charite» կլինիկան, համաճարակաբաններ, գիտնականներ: Նրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են սիմֆոնիկ նվագախմբերում, օրինակ՝ ռիսկային համարվող փողային գործիքները, դրանց անվտանգության հարցերը, նույնիսկ մասնագետները ընդհանուր հայտարարի են եկել, որ եթե նվագախմբում լինի ենթադրենք մեկ վարակակիր, ապա անվտանգության ինչ-ինչ կանոններ պահպանելու դեպքում, (չմանրամասնեց) այն վտանգ չի ներկայացնի: Եթե դուք հիմա շրջեք համերգասրահով, կտեսնեք, որ յուրաքանչյուր դռան վրա գրված է, թե երաժիշտների որ խումբն է այդտեղից մուտք գործելու: Նրանց թիվը պետք է 11-ից չանցնի: Մի խոսքով՝ մենք պահպանում ենք պարետի ցուցումները:
– Վերջերս պարետը ֆիլհարմոնիկին թույլատրեց փորձեր անցկացնել ոչ թե ամբողջ նվագախմբով, այլ կեսով՝ 60 հոգանոց խմբով:
– Մի փոքր շատ ասացիք՝ 58 երաժիշտ բեմում: Սա այն բանից հետո, երբ ես պարոն Ավինյանին ներկայացրի գերմանական նվագախմբերի փորձերը՝ պայմանավորված համաճարակով: Իհարկե, շնորհակալ ենք եւ երաժիշտների այդ թիվը հնարավորություն է տալիս «մոտենալ» այլ ստեղծագործությունների, այլ ոչ թե՝ ասենք, կվարտետների, կվինտետների, կարճ ասած՝ կամերային փոքր խմբերի համար գրված կամ մշակած ստեղծագործություններին:
– Վերադառնանք «Արամ Խաչատրյան» համերգասրահին, որը նախատեսված է շուրջ 1400 հանդիսատեսի համար…
– Հասկանալի է: Ես արդեն գրություն եմ ներկայացրել նախարարություն, որ մեկուկես-երկու մետր հեռավորություն պահպանելու դեպքում, կարող ենք ընդունել 450-500 հանդիսատես: Հուսով եմ, որ նախարարությունը համաձայնություն կտա եւ գուցե աշնանը այդ ձեւով ընդունենք մեր հանդիսատեսին: Հավատացած եմ՝ ցանկացած երաժշտի համար, ինձ համար նույնպես, շատ կարեւոր է աշխատելը եւ ներկայանալ հանդիսատեսին:
– Մեր զրույցի ընթացքում բազմիցս շեշտեցինք գերմանական փորձը, նկատենք, որ Գերմանիան համավարակի ընթացքում միլիարդներ է ուղղել մշակույթին:
– Այո: Անգելա Մերկելի առաջարկով, որոշմամբ, թե հրամանով՝ դա կարեւոր չէ, բայց 50 միլիարդ եվրո է ուղղված մշակույթին…
– Գուցե մեզ ի վերջո անհրաժեշտ է մշակույթի մասին օրենք կամ, ինչպես մեր զրուցակիցներից մեկ-երկուսը, այդ թվում՝ Ռուբեն Բաբայանը հավաստիացրեց, թե մեզ անհրաժեշտ է մեկենասության մասին օրենք:
– Սա ճգնաժամ է եւ պետք է փաստել, որ պետական մշակութային բոլոր կոլեկտիվները իրենց աշխատավարձերը ստանում են ժամանակին: Ես չգիտեմ՝ այս պահին մշակույթի մասին օրենքը կամ օրենքները կարեւոր են, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտեմ՝ եթե լուրջ քննության ենթարկենք մեր մշակույթը, ինչը որ ունենք եւ այն արվեստագետները, որոնք ներկայացնում են դա, կարող ենք լավ իմաստով զարմանալի արդյունքներ ունենալ: Իրականում հարցն այն չէ, թե ոչ ինչ բեմադրեց, նկարեց, կատարեց… Հարցն այն է, թե ինչ որակով է դա արվում: Կարելի է շատ ակտիվ գործունեություն տարածել, բայց առանց որակի, ինչը միանշանակ պետք չէ: Կարելի է լինել քիչ ակտիվ, բայց որակ ներկայացնել: Կոնկրետ նվագախմբի արժեքը իր կատարողական որակն է: Արվեստը մի բան է, որի հետ պետք է ազնիվ լինել:
– Այդ ազնիվ լինելու հետ մեկտեղ, ախր, ինչպես մեզ հետ զրույցում օրերս նշեց Ռուբեն Բաբայանը, անհրաժեշտություն է ունենալ մշակույթի առանձին գերատեսչություն:
– Լիովին համամիտ եմ: Այո, այս պահին ունենք ոլորտի բարձրակարգ մասնագետ, որը կարող է բառի իսկական իմաստով վարել մշակույթը, եթե միայն վերջինս լինի առանձին գերատեսչություն: Հավատացնում եմ՝ այստեղ անձերի խնդիր չէ…
– Փաստորեն, եթե կեսկատակ-կեսլուրջ դիտարկենք՝ մեր դասական երաժշտարվեստի եւ ինչու ոչ, երաժշտասեր հանրության այսօրն ու վաղը մեծ հաշվով կախված է մեր պարետից:
– Մի բան հաստատ գիտեմ, որ ամենավերջում բնականոն ստեղծագործ աշխատանքին վերադառնալու են մեր արտիստները: Տեսնում ենք, որ վաղուց աշխատում են մոլերը, վերաբացվել են սպասարկման օբյեկտներ՝ սրճարաններ, ռեստորաններ… Իհարկե, պարետն է մեր անվտանգության երաշխիքը, նա պետք է ոչ թե հարյուր, այլ ավելի տոկոսով համոզված լինի իր որոշումների իրավացի լինելու մեջ:
Զրուցեց
Սանվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2020
Միանգամից հարցնեմ. – Ու՞ր են մեր ազգային մեծությունները, հայ դասականներից շատերը՝ Գ. եղիազարյանը, Է. Հովհաննիսյանըը, Ա. Սպենդիարյանը և մյուս մեծությունները: Նրանց ստեղծագործությունները վաղուց պետք է նստած լինեին ամեն հայի ականջներում, սրտի, հոգու վրա: Սա՛ է ձեր գլխավոր և առաջնային խնդիրը … Իսկ Բեթհովենը ձեր կարիքը չունի, կարող է սպասել … Ինչու՞ այս տարի 2 ամիս տրամադրեցիք Ռ. Շտրաուսի սիմֆոնիայի կիսատ – պռատ կատարմանը, բայց 3-4 փորձ չեք տրամադրում մեր դասականների գործերի կատարմանը … Հենց այսպես էլ Հայաստանը դարձրել էք Եվրոպայի մշակութային գաղութը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան