Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի ֆիզիկոսի սպանության համար մեղադրվողը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման

Հուլիս 21,2020 22:33

Ռուսաստանաբնակ ֆիզիկոս Արմեն Մնացականյանի սպանությունից չորս տարի անց Վանաձորի դատարանի որոշմամբ վերջերս 11 տարի ազատազրկման դատապարտվեց ծաղկավաճառությամբ զբաղվող 34 ամյա անհատ ձեռներեց  Ա.Ո–ն:

Վերջինիս  մեղադրանք էր առաջադրվել, որ նա 2016 թվականի հուլիսի 03-ին, ժամը 12:00-ի սահմաններում, վիճաբանել է քաղաքացի Ռ.Մարտիրոսյանի հետ, այնուհետև վիճաբանությունը շարունակվել է այլ վայրում, որտեղ Ա.Ո-ն  Ռ.Մնացականյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած «Մակարով» տեսակի հրազենով մի քանի անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ, սակայն չի կարողացել սպանել նրան՝ վրիպելու պատճառով:

Բացի այդ, Ա.Ո-ն կրակոցներ է արձակել հիշյալ կրակոցների ձայները լսած և իրենց մոտեցած Ա.Մնացականյանի ուղղությամբ և սպանել նրան:

Ա Ո-ն առաջադրված մեղադրանքում` ՀՀ քրեական օրենսգրքի 34,104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձ,  իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ապօրինի զենք կրել:

Ըստ Ա. Ո-ի ՝ դեպքի օրը սովորականի պես գտնվել է իր ծաղկի սրահում և շատ պատվերներ է ունեցել,  ծաղկեպսակ հավաքելու պահին, տաղավար է մտել մի տարեց մարդ և խնդրել մանրել 5000: Տեսնելով, որ տարեց մարդ է, որոշել է մանրել գումարը: Տվյալ պահին, լինելով զբաղված, վերցրել է 5.000 դրամանոց թղթադրամը և դարակից հանելով 1.000 դրամանոց թղթադրամներ, առաջարկել է այդ մարդուն, որպեսզի նշված թղթադրամներից հաշվելով վերցնի 5.000 դրամի չափով գումարը: Վերջինս ,վերցնելով գումարը, դուրս է եկել տաղավարից: Այդ ընթացքում տարբեր մարդիկ են մտել, դուրս եկել ծաղկի սրահ, սակայն ոչինչ չեն ասել: 1-2 րոպե անց, բարձր խոսակցության ձայներ լսելով, դուրս է եկել դռան մոտ և տեսել, որ գործով տուժողը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, անհարգալից խոսում էր տաղավար մտած տարեց մարդու հետ: Խղճալով նշված տարեց մարդուն, հանգիստ տոնով հարցրել է, թե ինչ է եղել «բիձոյին»:

Տուժողը կոպիտ տոնով պատասխանել է, որ իրեն չվերաբերվող հարցերի մեջ չմտնի: Ինքն էլ պահանջել է իր հետ հարգանքով խոսել, քանի որ հարգանքի արժանի մարդ է: Տուժողը մոտենալով իրեն քաշել է հագուստից, ասելով, որ գնան մեկ այլ վայրում խոսեն: Զգալով, որ այդ մարդու պատճառով կարող է անախորժությունների մեջ ընկնել և սխալ համարելով իր այդտեղ մնալը, որոշել է նստել իր մեքենան և հեռանալ: Սակայն նստելով մեքենան, նկատել է, որ իր մեքենայի հետևում մեկ այլ մեքենա է կայանված:  Ռ.Մարտիրոսյանը, բռնելով իր հագուստից, քաշքշել է իրեն ու ինչ-որ մեկի օգնությամբ, որին ինքը չի կարողացել տեսնել, իր կամքին հակառակ նստեցրել են իրենց «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան և շատ արագ վարել դեպի «Վանաձոր» թաղամասի ուղղությամբ: Առաջարկել է կանգնեցնել մեքենան, սակայն վերջիններս, իրար նայելով, բարձր ծիծաղել են, ասելով, որ այժմյան երիտասարդները  մեծ  չեն ճանաչում: Հարցրել է, թե ով է մեծ-ը, տուժողը պատասխանել է, որ ինքը` Կաֆոյի Ռոբոն և վարորդին ասել է՝ քշի, շուտով թաղում ենք կազմակերպելու:

Այդ ընթացքում տարբեր զանգեր է ստացել և հաճախորդներ չկորցնելու պատճառով պատասխանել է դրանց: Հերթական, ծանոթներից մեկի, կոնկրետ չի հիշում, թե ում, զանգին պատասխանելով, տեղեկացել է, որ Կաֆոյի Ռոբոն ճաճոյի Էդոյի կիլլերներից է, եւ  իրեն պատանդի կարգավիճակում զգալով, մի քանի անգամ առաջարկել է մեքենան կանգնեցնել` տալով տարբեր մարդկանց անուններ, սակայն չեն լսել և շարունակել են վարել մեքենան, ասելով, որ այդ անունները չեն փրկի իրեն: Վերջիններս, ըստ Ա. Ո-ի,  շարունակել են ընթացքը և էլի կշարունակեին, եթե նրանց ընկերներից Սամվել Մելքոնյանի մեքենան չկտրեր և փակեր այդ մեքենայի դիմացը: Ըստ Ա. Ո- ի՝  այդ ժամանակ իջել են մեքենայից, ինքը չի հասցրել երկու քայլ անել, երբ հետևից հարվածներ է զգացել: Սկսել է պաշտպանվել, սակայն ուժերը չեն բավականացրել, փորձել է փախչել, ընկել է: Սպանության մեջ մեղադրվողի խոսքով՝  իրեն շատ վատ է զգացել, ականջները խշշում էին, նորմալ չէր լսում: Այնուհետև զգալով, որ մոտենում են իրեն, հանել է ատրճանակը և կրակել իր ոտքերի տակ, որպեսզի Ռ.Մարտիրոսյանը չմոտենա: Տեսնելով, որ կողքից հայհոյելով և վազելով իրեն են մոտենում նաև Ա.Մնացականյանը և Ս.Մելքոնյանը, ատրճանակով մեկ անգամ օդ է կրակել ու փախել: Մտածելով, որ իրեն կհետապնդեն, ատրճանակը ձեռքին ամուր պահած վազել է, թեքվել աջ, սարով գնացել: Վազելու ընթացքում իրեն վատ է զգացել, սրտխառնոց է ունեցել, քնել է, թե որքան ժամանակ` չի հիշում: Արթնացել է և հեռախոսի միջոցով համացանցից տեղեկացել է, որ մարդ է մահացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031