Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների քմահաճույքով Եղեգնաձորի ավագ դպրոցում 1 տարի շարունակ տնօրեն չի ընտրվում

Հուլիս 21,2020 19:44

Եղեգնաձորի ավագ դպրոցում արդեն մեկ տարի է տնօրենի թափուր տեղի մրցույթը չի կայանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակված երեք անդամների չներկայանալու պատճառով: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց դպրոցի ուսմասվար Քնարիկ Կարապետյանը:

Հայտարարված մրցույթի հերթական նիստը հուլիսի 17 -ին էր, որը նորից չի կայացել:

«Այս ընթացքում համախմբված աշխատել ենք, այնպես ենք արել, որ անընդհատ ձախողվող գործընթացը դպրոցի աշխատանքի որակի վրա չազդի: Չէինք ուզենա՝  սեպտեմբերն էլի այսպես սկսվեր: Մենք ունենք տնօրենի մեկ միասնական թեկնածու՝ Մարգարյան Հասմիկ, մեր դպրոցի շրջանավարտն է, մեր դպրոցի ուսուցիչն է, երիտասարդ, կարող ուժ է, մենք իրեն ենք սատարում, այս ընթացքում ուրիշ թեկնածու չի էլ եղել» ,- ասաց Քնարիկ Կարապետյանը:

Մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչով է պայմանավորված մեկ տարի շարունակ մրցույթի չկայանալու փաստը. «Ուղղակի նախարարության ներկայացուցիչները չեն գալիս, չեն ներկայանում, եւ քվորումը չի ապահովվում, հերթական անգամ նիստը ձախողում է, արդեն դպրոցի կառավարման խորհրդի երկու խումբ փոխվել է, բայց քաղաքականությունը չփոխվեց, նրանք էլ նույն վերաբերմունքն ունեցան, ինչը վիրավորական եմ համարում մեր դպրոցի հանդեպ: Մենք ավանդույթներ ունեցող դպրոց ենք, մեր կոլեկտիվը լավն է, չէի ուզենա, որ այդ մի քանի հոգու վերաբերմունքը ազդի դպրոցի նկատմամբ վերաբերմունքի վրա»:

Դպրոցի աշխատակազմը խնդրի մասին նամակով տեղեկացրել է  թե՛ ԿԳՄՍ նախարարին, թե՛ մարզպետին, չնայած, որ իրենց դպրոցը ԿԳՄՍ ենթակայության տակ է, բայց ոչ մի արձագանք:

Ուսմասվարը նաեւ առաջարկ ունի՝ դպրոցի տնօրենին թող ընտրեն  ուսուցչակազմը, դպրոցի աշակերտների ծնողները կամ հանրակրթական ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ.  «Երբ կոլեկտիվն  իր թեկնածուն ունի, միասնական սատարում է այդ թեկնածուին, ինչի համար, ինչ իմաստ ունի այս ձգձգումները, ինձ թվում է՝ նախարարությունը պետք է խրախուսի այսպիսի կոլեկտիվներին, որ համախմբված են  ու ունեն ընտրյալ թեկնածու, միգուցե մենք ավելի շատ գնահատենք բարոյական վիճակը, մեկ է՝ ուսուցչի սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ դրա մասին խոսելն ավելորդ է, որ մի հատ էլ բարոյական հարված է կոլեկտիվը ստանում, չի կարելի էլի»:

Դպրոցի տնօրենի պարտականություններն արդեն մեկ տարի է կատարում է դպրոցի ուսմասվարներից մեկը:  Մենք նաեւ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, մեր գրավոր հարցման պատասխանը խոստացան ուղարկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031