Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կայացած «Անցումային արդարադատությունը՝ հանրային համերաշխության հաստատման և ատելության քարոզի դեմ պայքարի ուղի» թեմայով տեսաքննարկման ժամանակ հիշեցրեց հետհեղափոխական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարության մասին, որ ԱԱԾ-ից բավական մեծ թվով փաստաթղթեր են կորել: «Ինչի՞ մասին էին այդ փաստաթղթերը, արդյոք դրանք պետական գաղտնիք էին պարունակում: Ես միշտ էլ ասել եմ՝ պարոն Վանեցյանը, ոստիկանության նորանշանակ պետը կամ ԱԱԾ պետը պիտի պատասխանեն հարցին՝ իրենք ժամանակին մասնակից եղե՞լ են քաղաքական հետապնդումներին, թե՞ ոչ: Կոռուպցիոն հանցագործությունների կամ կոռուպցիոն սխեմաների մասին միայն քրեական գործերով հնարավոր չէ իմանալ»:
Արթուր Սաքունցը հիշեցնում է գործարարների կամ ներդրողների խոսակցությունների մասին առանձին դրվագներ, որոնք հրապարակվել են կոռուպցիոն համաձայնությունների մասով, միլիոնավոր դոլարների ներդրումներ, որոնք հետո յուրացվել են եւ այլն. խոսքը թե պետական ռեսուրսների, թե մասնավոր ռեսուրսների մասին է: Ըստ բանախոսի, սրանք մարդու դեմ ուղղված հանցագործություններ են եւ թյուրընկալում կա մեր հասարակության մեջ, որ եթե ճշմարտությունը բացահայտվի, դա կհանգեցնի ատելության խոսքի ավելացմանը: Ինքը հակառակ կարծիքին է, քանի որ ճշմարտության բացահայտումը, Արթուր Սաքունցի գնահատմամբ, չի նշանակում բոլորին քրեական պատասխանատվության ենթադրել: Դա պետք է վերաբերվի ունեզրկման, խոշտանգումների, մարդուն կյանքից զրկելու դեպքերին: Համերաշխությունը հասարակությունում, Արթուր Սաքունցի պնդմամբ, կարող է ձեւավորվել միայն ճշմարտության հիման վրա: Գործընթացը պարզապես բացատրելով պետք է ուղեկցվի:
Բանախոսի դիտարկմամբ, այն մարդիկ, ովքեր նախկինում մասնակից են եղել նման հանցագործությունների, դեռ աշխատում են իրավապահ համակարգում:
Անցումային արդարադատության երկրորդ կարեւոր պայմանը նա վեթինգն է համարում, քանզի ճշմարտության բացահայտման գործընթացում չեն կարող ներգրավվել մարդիկ, որոնք մասնակցություն են ունեցել հետապնդումների մեջ: «Վստահության մթնոլորտի ձեւավորման համար վեթինգը պարտադիր պայման է, բայց վերջին օրերին տեսնում եմ, որ մարդիկ են վերականգնվում աշխատանքի, որոնք մասնակից են եղել կոռուպցիոն համակարգերին: Ո՞նց է լինում, որ թոշակի գնացած ոստիկանության աշխատակիցը նորից վերականգնվում է եւ նշանակվում է ոստիկանապետ, ի՞նչ հիմնավորմամբ»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է փաստահավաք հանձնաժողովին, որն այս փուլում նախատեսվում է ստեղծվել, Արթուր Սաքունցի կարծիքով, այն պետք է լինի ճշմարտության եւ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն, որոնք բարենպաստ միջավայր կձեւավորեն՝ ինստիտուցիոնալ, վստահելի վիճակ ստեղծելու համար: «Փաստահավաք հանձնաժողովը փնովում են մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի»,- ասաց նա:
ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի գնահատմամբ, հանրային համերաշխության հասնել հնարավոր է հանրային համաձայնության արդյունքում, իսկ հանրային ընկալումները ձեւավորվում են մամուլի եւ հանրային խոսքի մատուցումներով: Միջազգային որոշ փաստաթղթերում, փոխնախարարի վկայակոչմամբ, խոսվում է այս փուլում մեդիային սահմանափակ կամ ավելի կանոնակարգված տեղեկատվություն փոխանցելու տարբերակների մասին, քանի որ մեդիան պետք է պատասխանատվություն, հատուկ դերակատարություն վերցնի: Այս համատեքստում, մեր երկրում նա կարեւորում է հարցերը՝ իսկ ովքե՞ր են մամուլի, տեղեկատվության խոսքերը գեներացնողները, ինչպիսի՞ շահեր են նրանք հետապնդում, ովքե՞ր են մամուլի իրական սեփականատերերը: Այս առումով, ըստ փոխնախարարի, հանգում ենք մամուլի իրական սեփականատերերի բացահայտման հարցին, որպեսզի քաղաքացիները կարողանան օբյեկտիվ գնահատել մամուլի մատուցած տեղեկատվությունը:
Փաստահավաք-ճշմարտության հանձնաժողովի աշխատանքում էլ փոխնախարարը կարեւորում է մեդիայի դիրքավորումը, որպեսզի այն չտապալվի, ավելին՝ հնարավոր լինի պաշտպանելով մարդկանց անձնական տվյալները՝ մատուցել տեղեկատվություն, որը կհանգեցնի ճշմարտության բացահայտմանը: Բանախոսի կարծիքով, վարքագծի կանոններ պետք է սահմանվեն թե հանձնաժողովականների համար, թե մամուլը պետք է էթիկական որոշ նորմերի համաձայնի, որպեսզի սխալ կարծիք չձեւավորվի հանձնաժողովի մասին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ