«Եթե երեխաների մանկապարտեզին կարելի է անվանել գերեզմաններ, ես ինձ իրավունք եմ վերապահում դա համարել անդաստիարակություն»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նա նշեց, որ վերահաստատում է իր հայտարարությունները և պարզաբանեց. «Դա չի վերաբերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորող երեխաներին, դա կոնկրետ անձին էր ուղղված: Ես անվանական եմ ասել, այլ ոչ թե կրթահամալիրի սովորողների հասցեին»:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու անդամ Շամիրամ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ թիվ 93 մանկապարտեզը ցանկանում է ցանկապատ շարել և փակել Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը: Նաև տեղեկացրել, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «թիվ 93 մանկապարտեզի բակից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանի կողքին կանգնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին անվանեց անդաստիարակ, ասաց՝ ցավակցում է այն երեխաներին ովքեր սովորում են այստեղ՝ դրանով ոտնահարելով այն 3000 ծնողների, ընտանիքների իրավունքը, ովքեր ընտրել են կրթահամալիրը, ավելացրեց, որ ինքը միայն թիվ 93 պարտեզի շահերն է պաշտպանում, կրթահամալիրն իրան հետաքրքիր չէ»:
Անի Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր բառերն աղավաղված են ներկայացված. ինքն ասել է՝ ցավում եմ, ոչ թե ցավակցում: Խոսելով խնդրի մասին՝ ասաց, որ այն ամիսների պատմություն ունի և մանրամասնեց. «Դա մանկապարտեզի կադաստրային տարածքն է: Օրենքով սահմանված համայնքային մանկապարտեզները պետք է ունենան ցանկապատ: Դա անվտանգության պարտադիր նորմերից է: Տարիներ առաջ այդ ցանկապատը Աշոտ Բլեյանի կողմից ապամոնտաժվել է իր շինարարական աշխատանքները կատարելու համար և հետո նորից տեղադրվելու պայմանով: Բայց դրանից հետո չի տեղադրվել ցանկապատը, ու ես չեմ ուզում գնալ անցյալ, թե ինչու չի եղել այս աղմուկն անցյալում, ով ում հետ պայմանավորվածություն է ունեցել կամ չի ունեցել, բայց տարիներ շարունակ մանկապարտեզը ցանկապատ չի ունեցել: Հիմա արդեն նոր իրականությունում ենք և օրենքի տառին համապատասխան համայնքային հիմնարկն իր ցանկապատն է պատրաստվում վերականգնել: Իսկ պարոն Բլեյանը չգիտես ինչ իրավունքով է դեմ»:
Կարդացեք նաև
Անի Խաչատրյանի հավաստմամբ՝ ամեն անգամ, երբ սկսում են իրենց շինաշխատանքները, պարոն Բլեյանը հանում է իր աշխատակազմին, սովորողներին և խոչընդոտում է շինարարական աշխատանքներին: Ավագանու անդամը հիշեցրեց. «Ամիսներ առաջ փոխքաղաքապետի, ավագանու տարբեր խմբակցություններից անդամների ներկայությամբ եղավ պայմանավորվածություն, որ լավ, ասում է՝ ճանապարհ պետք է մնա, թողեցինք, իսկ հիմա լրացուցիչ ճանապարհ է ուզում: Մենք գնացինք համաձայնության. համայնքային մանկապարտեզի տարածքի հաշվին թույլ տվեցինք ճանապարհ, և ցանկապատն ավելի ներքևից է տեղադրվում, որն ընդամենը փակում է մանկապարտեզի հարակից տարածքը: Պայմանավորվածության հիման վրա նոր նախագիծ արվեց, և այսօր սկսվել էին այդ նախագծին համապատասխան աշխատանքներ: Բայց պարոն Բլեյանն այս արտակարգ դրության պայմաններում նորից իր աշխատակազմի հետ միասին խոչընդոտում է շինարարական աշխատանքներին»:
Անի Խաչատրյանն ասաց, որ իրեն զանգահարել են համայնքային մանկապարտեզի ծնողները, որոնք բողոքում էին, որ չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքը: Ինքը գնացել է տեղում ծանոթանալու իրավիճակին. «Այնտեղ էր ոստիկանությունը, որը բողոքի ցույցը կանխեց. բերման ենթարկեց Աշոտ Բլեյանին և քանդակագործին: Շինարարական աշխատանքները շարունակվեցին իրենց բնականոն հունով գնալ: Հուսով եմ, բայց մենք ունենք մի քանի նախադեպ, որ երբ աշխատանքներն արվում են և գիշերը պետք է մնա չորանալու, գիշերը բլեյանականները գալիս, քանդում են դա: Հուսով եմ՝ այս անգամ դրան չեն գնա, քանի որ դա արդեն լուրջ պատժամիջոցներ կներառի»:
Մեր հիշեցմանը՝ իրեն մեղադրում են, որ 3000 ծնողների և սովորողների շահերն է ոտնահարում, վիրավորում, Անի Խաչատրյանն արձագանքեց. «Այո, ես ասել եմ անդաստիարակ. վերահաստատում եմ: Այն մարդը, որը կարող է տնօրենին, մանկապարտեզի ծնողներին՝ կանանց, վիրավորել, գոռալ «հայհոյել», ասել, որ համայնքային մանկապարտեզի երեխաները գերեզմաններում են գնում մանկապարտեզ, այո, անդաստիարակություն է մանկապարտեզը համարել գերեզմաններ ու նմանատիպ այլ բաներ: Ես ասել եմ, որ ցավում եմ, որ այդպիսի մանկավարժ է: Այնտեղ բառերն աղաղված են գրված, ասել եմ ցավում եմ, ոչ թե ցավակցում, որ նման մանկավարժներ ունենք»:
Անի Խաչատրյանը վստահեցրեց՝ համայնքը զիջումների տեղ չունի. կկառուցի իր մանկապարտեզի ցանկապատը, որից հետո կշարունակի այդ ճանապարհ կոչվածը երևի թե ասֆալտապատել, ինչպես պայմանավորվածությունը եղել է պարոն Բլեյանի հետ:
Ամփոփելով Անի Խաչատրյանն ասաց. «Պարոն Բլեյանը սկզբում բողոքում է` ճանապարհ, չունի, ճանապարհը տալիս ենք, հետո բողոքում է՝ չգիտեմ ինչից: Այս անգա՞մ ինչից է բողոքում, չհասկացա. ինքը բողոքում է բողոքելու համար, կարելի է չէ՞ ենթադրել, որ այստեղ կա այլ շահ, որ Բլեյանը չի ուզում, որ այս մանկապարտեզը բարեկարգվի: Կողքի մանկապարտեզի շինարարությունը համայնքի կողմից սկսված է: Հաջորդն այս մանկապարտեզն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ