Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյանը ՏՄՊՊՀ անդամին. «Ինչո՞ւ պոռնոգրաֆիկ կայքերից չեք պահանջում այդ տվյալները»

Հուլիս 21,2020 19:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր 3 լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկում էր կազմակերպել՝ լսելու նրանց դիրքորոշումն ու մտահոգությունները հեռուստատեսության եւ թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրության վերաբերյալ:

ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանն ասաց, որ մի տնտեսվարողից բողոք են ստացել, ինչի հիման վրա էլ հանձնաժողովը 13 կայքէջի է դիմել որոշակի փաստաթղթեր ստանալու համար:

Պարոն Կարապետյանն ասաց, որ նախկինում հանձնաժողովը եւս բողոքներ ստացել է, բայց երբեւէ չի ուսումնասիրել: Գովազդի ապրանքային շուկայում ուսումնասիրություն անելու որոշումը կայացվել է այս տարվա հունվարին, բայց դրա անհրաժետությունն, ինչպես Հայկ Կարապետյանն ասաց, ծագել է նախորդ տարվա սեպտեմբերին, երբ տնտեսվարողը դիմել է հանձնաժողովին. «Շուկայի մի մասը ուսումնասիրվել է, թեեւ խնդիր չի հայտնաբերվել  հենց բողոքի քննարկման արդյունքներով, այնուամենայնիվ  հանձնաժողովի անդամների մոտ տպավորություն է ստեղծվել, որ շուկան ունի ուսումնասիրության կարիք»:

Հայկ Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրության նպատակն է պարզել շուկայի կառուցվածքը,  տվյալ շուկայում հակամրցակցային երեւույթները, գործող տնտեսվարողների քանակը,  կենտրոնացվածության մակարդակը, գերիշխող դիրք կա, թե չկա, հնարավոր օրենսդրական, իրավական խնդիրները, մուտքի խոչընդոտները եւ այլն:

ՏՄՊՊՀ-ն պետք է  ուսումնասիրի հեռուստատեսային եւ թվային հարթակներով գովազդի մատուցման ոլորտում առկա իրավիճակը, եւ տվյալներ ստանալու համար հանձնաժողովը դիմել է  հեռուստառադիոընկերություններին եւ առցանց լրատվականի միջոցներին: Կայքերն ընտրվել են հաշվի առնելով «Similarweb» եւ «Alexa»՝ կայքերի վարկանիշ ներկայացնող հարթակների ցանկում առկա կայքէջերի որոշակի դիրքը:

Քննարկմանը ներկա Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, թեեւ հանձնաժողովը իրենց չի դիմել տվյալներ ստանալու համար, բայց ինքը ներկայացնում է երկու տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչների մտահոգությունները:

Նա հանձնաժողովի անդամին դիմելով՝ ասաց, որ այն պետք է թափանցիկ ու բաց լինի այս գործընթացում. «Մամուլը ձեզ որոշակի հարցեր էր առաջադրել: Պահանջում էինք ներկայացնել լրատվամիջոցների ցանկը, դուք դրանց գաղտնիությունն եք ապահովում, բայց եթե մենք ուզում ենք վստահել այս գործընթացին, պիտի բաց լինենք, ներկայացրեք՝ ո՞վ  այդ տնտեսվարողը,  դուք մամուլից պահանջում եք կոմերցիոն գաղտնիք պարունակող պայմանագրեր: Մամուլն ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է, հարցը դա չէ, պատրաստակամ է»:

Սաթիկ Սեյրանյանը հանձնաժողովի անդամին դիմելով ասաց, որ իրենց պահանջվող տվյալները կարող են ստանալ ՊԵԿ-ից կամ  գովազդային գործակալներից:

«Գործակալների ցանկը չգիտեինք»,-արձագանքեց Հայկ Կարապետյանը: «Բա հարցնեիք, տայինք»,-պատասխանեց Սաթիկ Սեյրանյանը: Կարապետյանն էլ վստահեցրեց՝ «Հարցրել ենք, չեք պատասխանել»:

«Դա հարցնեիք, դա տայինք: Դուք մի ամբողջ ցանկ էիք ներկայացրել: Ավելի լավ է հարկային կամ այլ մարմին մտնի, աուդիտ անցկացնի, հետաքննություն, ինչ ուզում եք: Բայց այդ ամբողջը հավաքագրել ու տալ չգիտես ինչի համար, դա անհարմարությունից բացի՝ այլ հարցեր է առաջացնում, ընդհուպ՝ քաղաքական»:

Blognews.am-ի ներկայացուցիչ Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ վստահեցրեց. «Իմ ընկերությունը խնդիր չունի, բացի սկզբունքի հարցը:  «Similarweb» եւ «Alexa»-ին հղում անելը աբսուրդ է, այդ մետրի համակարգերը տատանվում են, նայած ամիս կարող է մի հերթականություն ունենա, մյուս ամիս՝ այլ: Զավեշտալի է տնտեսավարողի բողոքը:  Կայքերն ինչպե՞ս պետք է նրան խանգարեին գովազդ ունենալ կամ անարդար մրցակցություն ստեղծի»:

Խմբագիրները հարց բարձրացրեցին ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ հանդիսացող լրատվամիջոցից տվյալ պահանջելո՞ւ է հանձնաժողովը, եւ նշեցին, որ կան օտարերկրյա ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ, օրինակ բերեցին «Ազատություն ռադիոկայանը»:

Հանձնաժողովի անդամն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, դրանք էլ կուսումնասիրեն:

Նկատենք, որ «Ազատություն» ռադիոկայանի կայքում գովազդ չի տեղադրվում, ավելին՝ արգելված է:

Հայկ Կարապետյանն արձագանքեց՝ լսելով ձեր հարցերը, տպավորություն եղավ, որ մեր ուսումնասիրությունը ձեր շատ հարցերի պատասխանները կտա: Ապա` նա ներկայացրեց տնտեսվարողի բողոքի բովանադակությունը. «Նա ասում է՝ կա հեռուստատեսային գովազդ, կա ինտերնետային գովազդ, ընկերություններ կան, որոնք գործունեություն են ծավալում ե՛ւ ինտերնետ լրատվամիջոցներում եւ հեռուստատեսայինում: Արդյոք նա լրացուցիչ առավելություն է ստանում իմ նկատմամբ, քանի որ ես միայն ինտերնետ գովազդ տեղադրող եմ, իսկ մրցակիցը նաեւ հեռուստատեսությունում է տեղադրում»: Հայկ Կարապետյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը պետք է պարզի ինչ շուկաներ կան, արդյոք կա մի ընկերություն, որը  կօգտագործի իր դիրքը եւ նույն կայքերին պայման կպարտադրի՝ մեկին մի գումարով, մյուսին՝ ասենք՝ զեղչով:

Տիկին Սեյրանյանն էլ արձագանքեց՝ այդ գործակալի խնդիրը չէ, թե ասենք 168.am-ը ում զեղչ կանի, անվճար տեղ կտա, թե ոչ:

«Իսկ գուցե կա ընկերություն, որը ձեզ պարտադրում է՝ այս գնից ավել գին ես չեմ տրամադրի»,-պատասխանեց պարոն Կարապետյանը»:

«Ասենք ոնց, բոլորս մազոխիստնե՞ր ենք, մենք մեր դե՞մ ենք աշխատում».-պատասխանեց Սեյրանյանը:

Սաթիկ Սեյրանյանի խոսքերով. «Լավ, ընդունենք, որ ազնիվ է նպատակը, նոր «Սեյլս հաուզ»-ի խնդիր չէ,  բիզնես խլելու խնդիր չէ,  ինչո՞ւ չեք բաց աշխատում, հրապարակեք լրատվամիջոցների ցանկը»:

Հետո խմբագիրները զուգահեռներ տարան պոռնոգրաֆիկ կայքերի հետ, թե գովազդային շուկայի  մեծ չափաբաժինը նրանցն է, ինչո՞ւ այդ կայքերից տվյալներ չեն պահանջում, ինչպես առցանց լրատվամիջոցներից են պահանջում:

Հայկ Կարապետյանը վստահեցրեց ՝ ուսումնասիրության 3-րդ  փուլում դիմելու են նաեւ գործակալներին, որպեսզի հասկանան, թե  որտեղ են տեղադրում գովազդները:

Սաթիկ Սեյրանյանը մեկ այլ օրինակ էլ բերեց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթն ու նրա կայքը նույն ընկերությանն է պատկանում, հետեւաբար փողն այնտեղից է գալիս:

Հայկ Կարապետյանը վստահեցրեց՝ հանձնաժողովը խնդիր չունի ուսումնասիրության տակ առած լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները, կոնտենտը, ընդամենը գովազդն է հետաքրքրում:

ՏՄՊՊՀ-ից Aravot.am-ին հայտնեցին, որ քննարկման վերջում հանձնաժողովն ու խմբագիրը եկան ընդհանուր հայտարարի, եւ պահանջվող փաստաթղթերը կներկայացնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031