Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի մոտ կրկին ինչ-որ բան «լավ չդասավորվեց». նրանք հարցեր ունեն, մե՛նք էլ ունենք

Հուլիս 21,2020 22:00

Մի կենսական կարեւորության հարցում մենք այդպես էլ դուրս չենք գալիս կոգնիտիվ դիսոնանսից, երբ փորձում ենք ճշգրտել սահմանումները։ Եւ ուրեմն, ի՞նչ է նշանակում լինել դաշնակից, ըստ այդմ, ինչ պետք է անի եւ ինչ պետք է չանի դաշնակիցը, ինչ տարբերություն դաշնակից լինելու եւ դաշնակից չլինելու մեջ։

Մեծ պետությունների համար, որոնք ներկայացված են տարածաշրջանում եւ մշտադիտարկման արդիական հնարավորություններ ունեն՝ ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետությունը հարձակման է ենթարկվել, եւ իրացնում է իր ինքնապաշտպանության՝ միանգամայն լեգիտիմ իրավունքը։ Իսկ արդյունքները ցույց տվեցին, որ դա անելու է համոզիչ, ճշգրիտ եւ սպառիչ կերպով։

Սակայն, մեր դաշնակիցը, որտեղ մամուլն, իհարկե, «ազատ է», իսկ ԶԼՄ-ներն՝ «անկախ», տեղեկատվական հոսքեր էր ապահովում, որի բովանդակության զգալի մասն իրենից ներկայացնում էր ադրբեջանական ապատեղեկատվության տիրաժավորում՝ իր ամենատոքսիկ նառատիվներով։ Մենք փորձեցինք դրան մեծ նշանակություն չտալ, շրջանցել, ապահովել մե՛ր տեղեկատվական հոսքերը, ներկայացնելով, թե ինչ է տեղի ունենում իրականում։

ՀԱՊԿ-ում, որն ի դեպ ռազմական դաշինք է, այլ ոչ թե միջազգային պացիֆիստական ակումբ, երբ սովետական մուլտֆիլմից Լեոպոլդ կատվի հայտնի խաղաղասիրական անիմաստ կոչերը հնչեցին, ապա մենք դրան էլ մեծ նշանակություն չտվեցինք, քանզի հիմարություն կլիներ, եթե մենք դրանից ավելի բան ակնկալեինք։

Պաշտոնական Մոսկվան «հավասարակշռված» հայտարարություններով հանդես եկավ, նույնիսկ միջնորդություն առաջարկեց, եւ դրսեւորած այդ բարի կամքի համար էլ՝ շնորհակալությո՛ւն։ Սակայն, ինչպես հայտնի հրեական անեկդոտում՝ «նստվածքը մնաց», եւ ինչպես տեսնում ենք՝ այն մնաց թե՛ ռուսների, թե՛ մեզ մոտ։

Ամենայն անկեղծությամբ եւ նրբագեղությամբ, թե՛ մտքերի ընթացքի, թե՛ ոճաբանության առումով՝ տիկին Մարգարիտա Սիմոնյանը, որը մի քանի պետական բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցնում միաժամանակ եւ վարձատրվում Ռուսաստանի պետբյուջեից, մի քանի կետից պահանջներ ներկայացրեց Հայաստանին եւ հայկական կառավարությանը, որից հետո հայտարարեց, որ Ռուսաստանը լիովին բարոյական իրավունք ունի «Հայաստանի վրա թքելու եւ տրորելու», քանզի Հայաստանը «լավ դաշնակից չէ», իսկ ահա Ռուսաստանը՝ «բարի եւ ազնվաբարո», միեւնույն է, Հայաստանին միայնակ չի՛ թողնի։

Իհարկե, ամենեւին էլ նպատակ չկա քննարկելու տիկին Սիմոնյանի բարոյականությունը եւ համբավը, ինչպես նաեւ՝ նրա «սերը» ճշմարտության հանդեպ եւ ստելու հակումների խորությունը, քանզի դա լավագույնս անում են Ռուսաստանում նրա համաքաղաքացիները։ Սակայն ուշագրավն այստեղ այն է, որ պահանջների ցուցակով Հայաստանին «երեսով է տալիս» Ռուսաստանի քաղաքականությունը օտարերկրյա լսարանին մատուցելու գլխավոր պատասխանատուն, հետեւաբար սա չի կարելի գնահատել որպես, ըստ Ալեքսեյ Նավալնիի՝ «տիկին Հատակի» մտքի մասնավոր առկայծումներ, քանի դեռ պաշտոնական Մոսկվան դրա մասին պաշտոնական պարզաբանումներ չի տվել։ Իսկ Մոսկվան պարզաբանումներ չի՛ տվել, եւ կարծես թե պաշտոնական Երեւանը դեռ նման հարցադրմամբ Մոսկվային չի էլ դիմել։ Իսկ դիմել պե՛տք է, ի վերջո հասկանանք, թե ով ինչ է մտածում։

Ծիրանային փառատոնը Մոսկվայի հայերի փայլուն կատարմամբ՝ ի նշան Հայաստանի հետ համերաշխության, մի կարեւոր հարց եւս ստվերեց։ Խոսքը հենց ծիրանի մասին է։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, դաշնակից համարվող պետություններ, պայմանագրեր են կնքում, տնտեսական միություն զարգացնելու մասին են խոսում, «ընդլայնում եւ խորացնում են ինտեգրացիան», եւ մեկ էլ ինչ-որ մի խումբ բազար-բաշի իրենց բաշիբոզուկներով՝ հայկական արտադրանքով մեքենաները դուրս են դնում այդ շուկայի տարածքից, ակնհայտ խտրական վերաբերմունք ցուցաբերում «դաշնակից երկրի» քաղաքացիների նկատմամբ։

Այս հարցի բոլոր հնարավոր պատասխանները մեզ բերելու են եզրակացությունների, որոնցից եւ ոչ մեկը ՌԴ ղեկավարության օգտին չէ։ Եվ այստեղ կա երկու տարբերակ. կա՛մ նման աղաղակող լկտիության «դաբրոն» տվել են վերեւից, կա՛մ պետք է արձանագրենք, որ Ռուսաստանում տիրում է «ավանդական բարդակ», երբ ցանկացած «շլագբաում տնօրինող» իրեն դնում է փոքրիկ ցարի տեղ, եւ ցանկացած հղում օրենքին կամ ստորագրած պայմանագրին առաջացնում է միայն ծիծաղ։ Ավելին, ամենալկտի ձեւով դուրս են վռնդում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներին, որոնք ժամանել էին շուկայի ղեկավարության հետ զրուցելու։ Նախ, սա որքանո՞վ է համապատասխանում մեր միջպետական հարաբերությունների տրամաբանությանը, եւ դժվար չէ պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Երեւանում ՌԴ դեսպանության աշխատակիցների նկատմամբ ինչ-որ տնտեսվարող սուբյեկտի կողմից համանման վերաբերմունք դրսեւորվեր։

Մի բան էլ, ռուսական «անկախ» ԶԼՄ-ներում դժգոհում են, թե ինչո՞ւ է գնացել վարչապետ Փաշինյանը Մինսկ, սակայն չի գնացել Մոսկվա։ Ուրեմն, երբ քո երկրում օրական մեկ տասնյակից ավելի մարդ է մահանում վիրուսից, երկրում արտակարգ դրություն է, ապա միայն անլուրջ մարդը կգնա տոնական շքերթ նայելու, եւ շատ ճիշտ է արել Փաշինյանը, որ չի գնացել։ Իսկ Մինսկ գնալն ունի զուտ գործնական եւ քաղաքական նշանակություն եւ իմաստ, եւ Փաշինյանը կատարել է Հայաստանի շահերից բխող՝ իր պարտականությունները։ Ի վերջո, գնացեք եւ ձեր պահանջները դրեք ձեր բուծած եւ զինած Ալիեւի առաջ, նա էլ չէր եկել, ու, ինչպես ասում են, չափներդ մի՛ կորցրեք։ Այո, ի հեճուկս տիկին Սիմոնյանի՝ սա էլ Հայաստանի ներքին գործն է, եւ մենք ենք որոշում, թե ուր ենք գնում եւ ուր չենք գնում։

Այս ամենի հետ կապված հույզերը մի կողմ, սա էլ կանցնի, ով ինչ ասաց եւ արեց՝ ինքն իրեն ասաց եւ արեց, ժամանակը լավագույնս կդատի, եւ կարեւոր է մի բան. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կարեւոր են երկուստեք, եւ պետք է առաջ նայել, առաջ ընթանալ։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարում՝ Հայաստանի դեսպանության շենքը Մոսկվայում

«Առավոտ» օրաթերթ
21.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031