Բուհական ընդունելության քննություններ հանձնած, սակայն չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր ԳԹԿ-ի եւ ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց էին անում՝ լրագրողների հետ զրույցներում տեղեկացնելով, թե քանի ֆակուլտետի համար են հայտ լրացրել, որքան միավոր են հավաքել:
Մասիս Բաբալյան, չընդունված դիմողի ծնող. «1-ին հայտով տղաս՝ Բաբալյան Հայկը, դիմել էր իրավաբանական ֆակուլտետ, հետո հերթականությամբ եւս ութ տեղ նշել է, երկուսը՝ վճարովի/անվճար, մյուսները՝ վճարովի տեղերի համար: Ստացել է 15,75 միավոր: Բնականաբար, առաջնահերթ նա ցանկացել է իրավաբանական ընդունվի: Ոչ մի տեղով չի անցել:
Ես միայն տղայիս համար չեմ ասում: Դիմորդներ կան, որ նրանից բարձր են ստացել, անգամ 18, որոնք չորս հայտ լրացնելու պարագայում դուրս են մնացել եւ այս պահին ուսանող չեն համարվում: Ես սա ԿԳՄՍ-ի ընդունած սխալ ռազմավարություն եմ համարում, նախարարությունը պետք է հայ երիտասարդի կիրթ լինելու մասին մտածի: Լուծման ձեւեր կան: Թող նախարարը կառավարության նիստում բարձրաձայնի, որ լավագույն գնահատական ստացած դիմորդների համար տեղեր բացեն: Սա իմ առաջարկն է, եւ պետությունը դրանից շահելու է, որովհետեւ վճարովի տեղերի մասին է խոսքը: Դիմորդներն էլ իրենց հերթին են շահում, որովհետեւ ընդունվում են: Առաջին կիսամյակից հետո էլ թող քննություն կազմակերպեն, եւ այն ուսանողները, որոնք վատ կտիրապետեն մասնագիտական առարկաներին, թող դուրս մնան: Հիմա տեղեր ավելացնելով՝ այս հարցին լուծում կտան:
Աբսուրդ է, որ բարձր գնահատական ստացած դիմորդը չի ընդունվում: Մենք չենք ասում, որ ընդունվածներին հանեն, փոխարենը մեր երեխաներին ընդունեն, ոչ, թող տեղեր ավելացնեն: Ցավալին այն է, որ նախապես չի եղել անցողիկ շեմի մասին ցուցակ: Եթե լիներ, օրինակ, իրավաբանականի շեմը 18 միավոր, մարդիկ կողմնորոշվեին եւ չէին դիմի, որովհետեւ կենթադրեին, որ չեն ընդունվի: Փոխարենն այլ ֆակուլտետ կդիմեին: Ափսոս են դիմորդների երկու տարվա չարչարանքները: Սխալ ռազմավարության պատճառով երեխաները կոտրվում են»:
Կարդացեք նաև
Մեկ այլ ծնող. «ԿԳՄՍ նախարարին, վարչապետին եւ պատգամավորներին է մեր խնդրանքն ուղղված: Ես ինչո՞ւ պետք է երեխայիս Արագածոտնի մարզից Իջեւան ուղարկեմ սովորելու, ինչ է թե այնտեղ թափուր տեղ կա: Ինձ նախարարությունից են ասել Իջեւան դիմենք: Մենք առաջին հայտով նշել էինք իրավագիտությունը, չանցանք, իսկ մյուս հայտերով՝ արաբագիտություն, միջազգային հարաբերություններ, ոչ մի տեղ չկա, չի անցել…17 տարեկան տղային այսպես կոտրես, նստի լաց լինի՞…թեւաթափ է եղել: Ասում է, որ այդքան պարապեց, տանջվեց, որ չընդունվի՞: Ես ինչո՞ւ պետք է այսօր գայի այստեղ եւ խնդրեի, որ դիմորդի համար ավելորդ տեղ բացեն: Մի կոտրեք երիտասարդներին, թողեք հանգիստ ապրեն: Հետո էլ ասում են՝ հեղափոխություն, արդարություն…արդարությունն իրենց համար է, մեր համար չէ: Միակ արդարությունն այն է, որ բանակում փոփոխություն է եղել՝ զինվորը սնվում է, զենք պահում: Իսկ ուսման մեջ փոփոխություն, որը Նիկոլ Փաշինյանն էր շեշտում, չկա»:
Մեկ այլ ծնող. «Ութ ֆակուլտետից դուրս է մնացել երեխաս, որտե՞ղ եք նման բան տեսել: Սթրեսի մեջ է, չեմ կարողանում ոտքի հանել, անկողնում պառկած է: Մինչեւ մայիս գիշերները պարապում էր»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյան. «Նշյալ առաջարկը ես էլ էի արել, չգիտեմ, թե այս պահին որքանով է դա հնարավոր, ԿԳՄՍ-ի պատասխանատուների հետ է պետք խոսել: Եթե ընդունվածներն առաջին կիսամյակում արդարացնեն իրենց, կարծում եմ՝ պետք է շարունակեն ուսումը»:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի պարզաբանումը լրագրողների հետ ճեպազրույցում. «Բողոքի ակցիա ես չեմ տեսել: Գիտե՞ք՝ ովքեր են հիմնականում: Նրանք, ում մենք երեկ պատասխանել ենք, եւ պատասխանից չեն բավարարվել: Թե ինչու են եկել այստեղ, չեմ հասկանում: 7,5 միավորով երկրորդ հայտով քաղաքագիտության ֆակուլտետ ընդունված չի կարող լինել: Այսպես է. եթե ես առաջին հայտով գրել եմ իրավագիտություն, մյուսը՝ միջազգային հարաբերություններ, այն մյուսը՝ քաղաքագիտություն, սա նշանակում է, որ ես պետք է մրցեմ իրավագիտության համար դիմածների հետ: Նույնը եւ միջազգային հարաբերությունների դեպքում: Առաջին հայտը՝ անվճար եւ վճարովի, գերակա է մյուսների հանդեպ: Ի՞նչն է փոխվել այս տարի: Նախկինում գերակա է եղել միայն անվճարի հայտը, իսկ մնացած դեպքերում դիմորդներն ընդունվել են ըստ միավորների: Այսինքն, իրավագիտության համար չանցած դիմորդը նախկինում «նստում» էր միջազգային հարաբերությունների դիմորդի տեղը, վերջինս էլ՝ մյուսի, ըստ հերթականության: Այսպես ստացվում է, որ որեւէ մեկն իր տեղում չէ: Իսկ հիմա ասում ենք՝ եթե թափուր տեղ կմնա, նոր կաշխատեն երկրորդ եւ հաջորդական հայտերը: Այս փոփոխությունը պայմանավորված չէ կորոնավիրուսով, վաղուց է պլանավորվել, կառավարությունը որոշել է այս տարի իրականացնել: Գոնե ես մի քանի անգամ, էլ չասեմ՝ նախարարը, խոսել ենք այս մասին հեռուստատեսությամբ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ