«Բանից պարզվում է, որ կառավարության որոշմամբ Մարտի 1-2 -ի իրադարձություններից տուժած անձանց որոշակի գումարներ են հատկացվում ու ըստ այդ կառավարության որոշման, կան որոշակի նախապայմաններ, ըստ որի իրավունք ունեն հավակնելու այդպիսի օժանդակության հատուցման: Այստեղ կա տուժող ճանաչելու մասին որոշումը եւ դատաբժշկական եզրակացությունը: Բայց բանից պարզվում է, որ այստեղ կա նաեւ երրորդ չափանիշը, որը կառավարության որոշման մեջ նշված չի, բայց իրականության մեջ գոյություն ունի»,- այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի քննության ժամանակ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը ներկայացրել էր դատախազներին բացարկ հայտնելու միջնորդություն:
Թե ինչ երրորդ չափանիշի մասին էր խոսում Ալումյանը, նա պարզաբանեց այսպես. «Ինչ դիրքորոշում ունի տվյալ տուժողը այս քրեական գործում: Եթե տուժողը դիրքորոշում ունի, որ Մարտի 1-2-ի իրական մեղավորներն այս դահլիճում չեն, մարտի 1-2-ի իրական մեղավորները այսօր, ինչպես գիտեք, սկսած երկրի ղեկավարությունից, վերջացրած շատ ուրիշ տեղերում դիրքավորված անձինք են…»:
Կարդացեք նաև
Ալումյանին ընդհատեց դատավոր Աննա Դանիբեկյանը, իսկ Ալումյանն ասաց, որ սա քաղաքական հայտարարություն չի, հղում է անում օրինական ուժի մեջ մտած դատավճռին. «Պարոն Ասլանյանն էլ այսօր հայտարարեց ու գտնում եմ, որ գնալով ավելի շատ մարդիկ են դա ընկալելու, որ Մարտի 1-2-ի իրական մեղավորներն այսօր այստեղ չեն եւ հենց դրանով էլ հավանաբար իր դիրքորոշումն ի սկզբանե էլ ունեցել է, դրա համար էլ մինչեւ հիմա հատուցում իրենց չի տրամադրվում: Սա շատ ամոթալի մոտեցում է ու ես չէի ուզի մտածել, որ դրանում դատախազներն իրենց դերն ունեցել են: Եթե իրենց դերակատարությունը դատախազներն ունեցել են, ապա միանշանակորեն այս վարույթից պետք է հեռացվեն: Բա ի՞նչ է նշանակում՝ տուժողները, որոնք գալիս ասում են՝ Քոչարյանը մեղավոր է, հատուցում ստանում են ու այն տուժողները, որոնք ասում են՝ մեղավոր չի՝ հատուցում չեն ստանում»:
Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ միջնորդությունն իր մեջ հակասություններ է պարունակում. «Ասում են՝ գործի նյութերին չենք ծանոթացել ու ասում են՝ գործի նյութերում սա չկա, նա չկա…Պետք է նշեմ, որ հասցեատերը սխալ է ընտրված, հատուցում իրականացնողը մենք չենք: Այն տուժողները, որոնք ունեն համապատասխան կարգավիճակ, հատուցում են ստացել ԱԺ ընդունած համապատասխան օրենքով»:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ այս միջնորդությունը, մեղմ ասած, հիմնավոր չէ, այն պարզապես վերահաստատեց իրենց տպավորությունը, թե տուժողն ու նրա ներկայացուցիչն իրականում ինչ դատավարական շահ են հետապնդում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ